Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ ՄԻՇՏ Է ՃԻՇՏ ՄԻԱՅՆ ՍԵՎՆ ՈՒ ՍՊԻՏԱԿԸ ՏԵՍՆԵԼԸ»

Հոկտեմբեր 07,2010 00:00

 ՀՀ նախագահի այս պնդմանը համամիտ են նաեւ պատգամավորները, այդ թվում՝ Գագիկ Մինասյանը եւ Արտյուշա Շահբազյանը:

Ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին՝ ուկրաինական ընկալմամբ, ՀԱՊԿ անդամակցությունը եւ ՆԱՏՕ-ի հետ ակտիվ համագործակցությունը դժվար համատեղելի են, ինչպե՞ս է Հայաստանին հաջողվում դրանք համատեղել, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. «Իսկապես դա մեզ հաջողվում է: Հաջողվում է լավ հարաբերություններ ունենալ մի կողմից՝ Միացյալ Նահանգների, մյուս կողմից՝ Իրանի հետ, մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Վրաստանի հետ, քանի որ մենք վարում ենք բաց քաղաքականություն: Մենք չենք փորձում օգուտներ քաղել մյուս երկրների հակասություններից: Մեզ համար ամենալավն այն է, երբ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի շահերը համընկնում են: ՆԱՏՕ-ն եւ ՀԱՊԿ-ն հակառակորդներ չեն: Դրանք անվտանգության համակարգեր են՝ իրենց շահերի գոտիներով, որոնք երկրներին թույլ են տալիս օգուտ ստանալ: Գիտեք, միշտ չէ, որ ճիշտ է կյանքում միայն սեւ ու սպիտակ տեսնելը: Նման մոտեցման դեպքում խնդիրներն անխուսափելի են: Իսկ երբ ներկապնակը մեծ է՝ կյանքը հեշտանում է»: Սերժ Սարգսյանի այս կարծիքը, ըստ էության, կիսում են եւ ընդդիմադիր, եւ իշխող կոալիցիայի անդամ ուժերի պատգամավորները: Դաշնակցական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշա Շահբազյանի կարծիքով՝ «Ամեն դեպքում ճիշտը դա է, այդպես պիտի աշխատել, եւ եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերմակը իր կողմը քաշել կամ նժարը իջեցնել իր կողմը, պիտի կարողանալ այդտեղ այնքան ուժեղ լինել, որ թույլ չտալ: Որովհետեւ մեր փրկությունը դա է: Շատ պարզ ասեմ. վաղը կարող է Սովետական Միություն չվերականգնվի, բայց մի այնպիսի հավասար գործընկերային հարաբերության մեջ լինենք որեւէ մեկի հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի, որ լինենք հավասարների մեջ ամենահավասարը: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այդ դիրքորոշումը պահպանվի»: Ըստ մեր զրուցակցի, ՀՀ նախագահի այդ հայտարարությունը ոչ միայն բառեր էին, այլեւ, իրոք, մեր արտաքին քաղաքականությունը հենց այդպես էլ ընթանում է. «Ուզում եմ հուսալ, որ լոկ բառեր չեն: Առ այսօր դա կա, այնուամենայնիվ, թեկուզ այս տարվա մեջ մենք տեսնում ենք, որ գործակցությունը զուգահեռաբար շարունակվում է եւ Եվրամիության հետ, եւ ՆԱՏՕ-ի հետ: Բայց, անշուշտ, չենք կարող աչք փակել եւ չասել, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հատկապես շատ են խորանում: Եվ հատկապես այն իմաստով, որ հատկապես տնտեսական լծակների առումով մենք բավականին շաղկապվում ենք ավելի շատ Ռուսաստանի հետ: Պիտի այնպես անել, որ ի հաշիվ մյուսների՝ մենք կարողանանք հավասարակշռություն ստեղծել»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը վստահ է, որ այն, ինչի մասին խոսել է նախագահը, հենց այն է, ինչը մեզ օգնում է. «Որովհետեւ կա մի ասացվածք, որ երբեք չի կարելի բոլոր ձվերը նույն զամբյուղի մեջ դնել: Եվ այնպիսի հարցում, ինչպիսին անվտանգությունն է, ինչպիսին տնտեսական համագործակցությունն է, մենք չենք կարող մի ուղղությամբ միայն զարգանալ, որովհետեւ ցանկացած զարգացման դեպքում պետք է կարողանալ կայուն պահել տնտեսությունը, անվտանգությունը: Տեսեք, եթե մենք ապրանքաշրջանառության մասին խոսենք, ապա ԵՄ-ի անդամ երկրների եւ ԱՊՀ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառությունը կազմում է մեր ընդհանուր ապրանքաշրջանառության 1/3-րդը: Այսինքն՝ այստեղ եւս մենք կարծես պարիտետը պահում ենք: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, շատ լավ հարաբերություններ ունենք Արեւմուտքի խոշորագույն երկրներից Միացյալ Նահանգների հետ, երբ այս երկուսը միմյանց հետ չափազանց վատ հարաբերություններ ունեն: Սա, կարծում եմ, մեր արտաքին քաղաքականության ձեռքբերումն է: Մեր տնտեսական քաղաքականությունը եւս պետք է այդ ուղղությամբ զարգանա: Ցավոք, մեր մյուս երկու հարեւանները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, խոչընդոտում են, որ մեր հարաբերությունները ավելի խորը ձեւով կարողանանք կազմակերպել աշխարհի տարբեր երկրների հետ, բայց վաղ թե ուշ այդ ճանապարհները բացվելու են, եւ մեր այս կողմնորոշումը չի փոխվելու: Երբեք մենք թույլ չենք տա, որպեսզի մեր կապվածությունը որեւէ կենտրոնից լինի այնքան շատ, որ վնասի մեր հարաբերություններին այլ կենտրոնների կամ այլ երկրների հետ»:
«Առավոտի» դիտարկմանը՝ թեպետ խանդը քաղաքական կատեգորիա չէ, բայց վտանգ չկա՞, որ բոլորի հետ լավ լինելը մի օր շատ լուրջ «խանդի տեսարան» կարող է առաջացնել, պարոն Մինասյանը պատասխանեց, ասելով. «Թվում էր, թե այդպես պետք է լինի, հատկապես հաշվի առնելով մեր երկրի փոքր հնարավորությունները, որովհետեւ, սովորաբար, մեծ կենտրոնները խանդով են վերաբերվում, երբ փոքր երկրները հավասար պարտնյորություն են անում ուժային տարբեր կենտրոնների հետ: Սակայն կյանքը ցույց է տվել, որ մեր կողմից վարվող քաղաքականությունը պարզ, առանց ետին մտքերի վարվող շիտակ քաղաքականություն է, որը հավասարապես ընկալելի է բոլոր կենտրոնների համար: Եվ մեր այս դիրքորոշումը մեր անկախության 20 տարիների ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը, եւ կարծում եմ՝ սա պետք է պահպանել ու խորացնել»:
Մեր հաջորդ դիտարկմանը, թե՝ չափից դուրս պարզությունը մի՞թե վտանգավոր չէ եւ մի՞թե խոցելի չի դարձնում, պարոն Մինասյանը համամիտ չէր: Ըստ մեր զրուցակցի, եթե մեկը խորամանկում է, թե՝ պարզ է եւ շիտակ, վաղ թե ուշ բացահայտվում է. «Իսկ այդպիսիների հետ հետագա հարաբերությունները կառուցելը դժվար է լինում, այնպես որ՝ մեզ նման երկրների համար այսօր վարվող քաղաքականությունը միակ արդարացված եւ ճիշտ քաղաքականությունն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել