Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիննախն ուսուցիչների համար լեկցիա կարդաց

Հոկտեմբեր 07,2010 00:00

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը Սյունիքի մարզ կատարած ոչ պաշտոնական այցելության ժամանակ Կապանում եւ Գորիսում հանդիպեց Հանրապետական կուսակցության Սյունիքի մարզային կառույցի ակտիվի հետ: Ինչպես նախարարը հայտնեց` եկել է անմիջական շփվելու եւ լսելու կուսակիցների խնդիրներն ու քննադատությունները: Նախքան կուսակիցներին լսելը, նախարարն ամփոփ ներկայացրեց ընթացիկ տարվա պատկերն ու եկող տարվա սպասելիքներն ու կանխատեսումները: «Եկեք տԵղեկություններ տամ բյուջեի մասին, հետո զրուցենք եւ կիսվենք մեր դարդուցավից: Ընդհանուր տնտեսության ծավալները վերականգնելու համար 1,5 տարի է պետք: Ճգնաժամի հետեւանքները դեռ պետք է հաղթահարել: Հավանաբար, այս տարվա վերջում կունենանք 3-4 տոկոս տնտեսական աճ: Այս թիվը կարող էր անհամեմատ ավելի մեծ լինել, եթե գյուղատնտեսությունն այդքան չտուժեր անբարենպաստ եղանակային պայմաններից, մոտ 20 տոկոսի անկում գրանցվեց այս ոլորտում: 2010թ. պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է 148 մլրդ դրամ, ինչը բավականին լուրջ թիվ է: Մենք հստակ կարողանում ենք պլանավորել առաջիկա 3 տարին: Ընդհանուր առմամբ 82 տոկոս ՀՆԱ աճ կունենանք: Ծախսերի մասով հաջորդ տարվա բյուջեն կմոտենա 1 տրիլիոն դրամի: Թոշակները, նոյեմբերի 1-ից 10 տոկոսով կբարձրացվեն: Հաջորդ տարի դա կպահպանվի: Մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձը կավելացվի 15-20 տոկոսով, աննշան փոփոխություններ կլինեն նաեւ պետական կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերում: Ցավոք, աշխատավարձի այլ բարձրացում չկա»,- նշեց ֆինանսների նախարարը:
Այս ելույթից հետո Տիգրան Դավթյանը լսեց ակնկալած քննադատությունը: Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի տնօրեն Ռիտա Դավթյանը դժգոհություն հայտնեց, որ նախկինում Հանրապետական կուսակցության պետական պաշտոնյաները մարզ ժամանելիս, պարտադիր այցելում էին կուսակցության գրասենյակ, ծանոթանում կուսակցության շարքային անդամների հոգսերին ու խնդիրներին, ինչը վերջին տարիներին չի նկատվում:
Կապանում ֆինանսների հանրապետական նախարարի հետ հանդիպման մասնակիցների մեծ մասը մանկավարժներ էին, ովքեր դասապրոցեսների հաշվին էին հանդիպմանը մասնակցելու եկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել