Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնաղբյուրում բացվեց մթերման կենտրոն

Հոկտեմբեր 07,2010 00:00

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը պաշտոնավարման երրորդ տարում իր համար նոր բացահայտումներ արեց:

Օրն անձրեւոտ էր, երկինքը թխպոտ, առիթը՝ տոնական: Հոկտեմբերի 5-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր գյուղում հանդիսավորությամբ բացվեց միրգ-բանջարեղենի մթերման կենտրոն: Կենտրոնը «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» հիմնադրամի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի եւ բրիտանական «Օքսֆամ» կազմակերպության «Կենսապահովման ծրագրի» համատեղ նախաձեռնությունն է:
Մթերման կենտրոնի շենքի վերանորոգման համար «Օքսֆամը» հատկացրել է 7,5 միլիոն դրամ, իսկ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը ձեռք է բերել մոտ 10 հազար դոլարի սառնարանային սարքավորումներ:
Մթերման կենտրոնի բացմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, Տավուշի փոխմարզպետներ Վահե Վարդապետյանը եւ Լեւոն Սարգսյանը, դոնոր կազմակերպությունների պաշտոնատարներ:
156 քմ մակերեսով խցիկն ապահովում է ավելի քան 70 տոննա գյուղմթերքի սառնարանային պահեստավորում: Մթերման կենտրոնը ներառում է 45 քմ մակերեսով ընդունման կետ, որտեղ կիրականացվի նաեւ արտադրանքի տեսակավորումը: Մթերման կենտրոնը պատկանում է «Ակնաղբյուր» եւ «Լուսաձոր» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվներին: Այս կոոպերատիվներն ընդգրկում են 64 պտղաբույծների: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն Ակնաղբյուրում իր համար մի քանի բացահայտումներ արեց եւ խոստացավ այդ մասին պատմել կառավարության անդամներին: 2007թ. հունիսից Հայաստանի տնտեսական զարգացման համար պատասխանատու պաշտոնյան միայն 2010-ի հոկտեմբերին բացահայտեց, որ կան կազմակերպություններ, որոնք օգնում են գյուղացիներին միավորվելու, գյուղացիներն էլ պատրաստ են դրան: Մթերման կենտրոնը, ըստ Երիցյանի, պտղաբույծներին հնարավորություն կտա ավելի լավ ապրանք արտադրել, այն երկար պահել, չվախենալով, որ ապրանքը կփչանա: Դա հնարավորություն կստեղծի գնի շուրջ բանակցել գնորդների հետ, վաճառքի բարձր գներ սահմանել: Նախարար Երիցյանը հույս հայտնեց, որ գյուղացիների միավորմամբ, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ու կառավարության աջակցությամբ Տավուշի, մասնավորաբար՝ Ակնաղբյուր եւ Լուսաձոր ու սրանց հարեւան գյուղերի միրգը իր համուհոտով կհայտնվի ոչ միայն Երեւանի, այլեւ արտերկրի սպառողների սեղաններին:
«Ակնաղբյուր» գյուղատնտեսական սպառողական կոլեկտիվի անդամ Մարտիկ Մխիթարյանը, ում աճեցրած թուզն արդեն պահեստավորված է  սառնարան-պահեստում, ասաց, որ սառնարանը լցնելու համար Ակնաղբյուրում եւ հարեւան գյուղերում մրգի բավարար քանակ կա. միայն Ակնաղբյուրից օրական 1 տոննա միրգ է արտահանվում: Նրա խոսքերով, դեռեւս ճշտված չեն մթերման կետում մրգի պահպանման սակագները, բայց Մարտիկը ուրախ է, որ մթերման կետ է ստեղծվել, որովհետեւ այն նույն գաղափարի շուրջ համախմբելով գյուղացիներին՝ նրանց հնարավորություն կտա ավելի շատ շահույթ ստանալ:
Մթերման կենտրոնում համտեսելով Ակնաղբյուրի մրգերը, պաշտոնյաները համոզվեցին, որ այն որակյալ է եւ համեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել