Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՊԱՍՑԻՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՆՋՈՒՐ

Հոկտեմբեր 07,2010 00:00

\"\"Իսկ պատկան կառույցները խոստանում են,  որ խնդիրները կվերացվեն

Սեպտեմբերի սկզբից Լոռու մարզի Դարպաս համայնքի բնակիչները գրեթե զրկված են ջրից: Ջուրը գյուղացուն հասնում է 2 օրը մեկ անգամ, միայն առավոտյան՝ հազիվ երկու ժամով, ինչն առաջացրել է բնակիչների վրդովմունքը: Ջրի պակասությունը զգալի է, քանի որ համայնքը զրկված է նաեւ ոռոգման ջրից: Երկրաշարժից հետո գյուղի հիմնական ջրագիծը չի գործել: Դարպասցիներն ընդառաջ գնալով հարեւան Լեռնապատ գյուղի բնակիչների խնդրանքին՝ հրաժարվել են ոռոգման ջրից, որպեսզի վնաս չտան նրանց, եւ առանց այն էլ վթարային դարձած տներն էլ ավելի չվնասեն: Հետագայում երեք՝ Լեռնապատ, Դարպաս, Արջուտ գյուղերի ջրագիծը միացվել է Հալավար համայնքի ջրատարին, իսկ 5 տարի առաջ այդ նույն ջրատարը սնուցող առվի վրա ՀԷԿ են կառուցել, որն էլ, ըստ գյուղացիների, ջրազրկման հիմնական պատճառն է դարձել:
 Սամվել Ավետյանը, որ 6 ամիս է՝ ինչ ղեկավարում է Դարպաս գյուղը, հերքում է, որ գյուղը զրկվել է ոռոգման ջրից՝ ՀԷԿ-ի պատճառով: Մինչեւ վերջերս համայնքապետը կարծում էր, որ ջուր չստանալու հիմնական պատճառը ջրագծերում կուտակված կեղտն է, սակայն երբ փորձել է մաքրել ջրատարները՝ պարզվել է, որ ոռոգման ջրագիծը Դարպաս համայնքի հաշվեկշռից փոխանցվել է մի կազմակերպության, որի անունը չի հրապարակվում եւ որը այսուհետեւ պետք է սպասարկի ջրատարը: Համայնքապետը խիստ մտահոգված է, նա կարծում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն շահույթ ստանալու համար է աշխատում, իսկ սպասարկման գումարն ավելացնելու դեպքում գյուղացին ջրից կհրաժարվի. «Մեր համայնքում կարտոֆիլ են ցանում, 1 կգ կարտոֆիլն արժե 150 դրամ, եթե ջրի գինը այսօրվա մեկ խմ-ի դիմաց մոտ 180 դրամից ավելի լինի՝ դա ձեռնտու չէ գյուղացուն»,- ասում է Սամվել Ավետյանը:
Մինչ համայնքապետը փորձում է իրավասու անձանց հետ ճշտել ոռոգման ջրի ու ջրատարի նոր տերերին, արդեն խմելու ջուր էլ չունեցող գյուղացիները վրդովված թակում են գյուղապետարանի դռները: «Բա գյուղացու ջուրը մի ամբողջ օր կկտրե՞ն, էն մի օրն էլ 2 ժամով կտա՞ն, հողի ու անասունի տեր ենք, ամեն ինչի ջուրը կրում ենք, կրած ջրով էլ անասունին ջուր տվեցիր, բայց հո՞ հող չես ջրի»: Դարպասցիները նաեւ բողոքում են, որ ջուրը շատ կեղտոտ է, պղտոր. «Կտրվելու ժամին հազիվ պարզում է, ամանների տակին լրիվ տիղմ է, մարդու ձեռ էլ վրա չի գնում, որ ճաշ եփի դրանով»,- ասում են գյուղացի կանայք եւ ցույց տալիս տարաների տակ հավաքված ավազանման զանգվածը:
Գյուղացիները պատմում են, որ նախկինում գյուղը երկու ջրագիծ ուներ: Ջրամատակարարման վիճակի բարելավման  ծրագիր է իրականացվում, դրա արդյունքում երկու ջրագիծը մեկ է դարձել, ու Դարպասի բնակիչները հույս ունեն, որ ծրագրի ավարտին գոնե ջուր կունենան: Նույնն է ասում նաեւ «Լոռու ջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Վահանյանը: Նա խոստանում է, որ շուտով դարպասցիները շուրջօրյա ջրամատակարարում կունենան, ընդամենը մի փոքր համբերել է պետք: Իսկ գյուղացիների բողոքները, ըստ նրա, տարիների բարձիթողի վիճակից ծնված սովորույթից է գալիս: «Տարիներ շարունակ փականների չգործելու պատճառով գյուղացիները շուրջօրյա ջուր են ունեցել, կարելի է ասել՝ ջրագողությամբ են զբաղվել, նոր համակարգով մատակարարելու դեպքում նրանք այդ հնարավորությունից կզրկվեն»,- ասաց պարոն Վահանյանը: Որ ջուրը ապօրինի է եղել, գյուղացիները տեղյակ չեն: Նրանք զարմանում են՝ անարգել հոսող ջրի ի՞նչն է ապօրինի:
Ջրի աղտոտվածության մասին: Լոռու մարզի Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ Կարինե Միրզոյանը հավաստիացնում է, որ ըստ ժամանակացույցի ջրի նմուշառում արվել է, հոսող ջուրը սանիտարական նորմերին համապատասխան ջուր է եղել: «Ուղղակի 2 ժամը չի բավարարում, որ խողովակները մաքրվեն: Խոսել ենք «Լոռու ջրմուղկոյուղի» ընկերության տնօրինության հետ, խոստացել են, որ մի քանի օրվա ընթացքում հարցը կլուծվի»,- ասաց Կարինե Միրզոյանը:
Դարպասի գյուղապետ Սամվել Ավետյանը դիմում-նամակներ է ուղղել ոչ միայն «Լոռու ջրմուղկոյուղու» տնօրինությանը, այլ նաեւ՝   մարզպետ Արամ Քոչարյանին: Նրան պատասխանել են, որ նշված խնդիրները առաջացել են նոր համակարգի ներդրման պատճառով եւ մի 10 օրից հարցը կկարգավորվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել