Լրահոս
Օրվա լրահոսը

Ամիրյանցիները բողոքում են

Հոկտեմբեր 07,2010 00:00

Նախորդ օրը ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույց արեցին Ամիրյան փողոցի բնակիչները: Նրանց ընդունեց եւ ներքոստորագրյալ դիմումն ընդունեց ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: Դիմումում բնակիչները խնդրում էին միջամտել իրենց իրավունքների վերականգնմանը:

«Մեծարգո պարոն նախագահ, մենք՝ լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ (համաձայն ՀՀ կառավարության թիվ 399-Ն 04.03.2004թ. եւ 909-Ն 17.06.2004թ. որոշումների), 2005թ. մարտին ստիպված կնքել ենք անշարժ գույքի իրացման եւ փոխհատուցման պայմանագրեր (կից ներկայացվում են), համաձայն որի, 30 ամիս հետո պետք է ստանայինք մեր բնակարանները եւ առեւտրային տարածքները:
Անցել է 67 ամիս, այսինքն՝ երկու անգամից ավելի, բայց մենք չենք ստացել ոչ պայմանագրերով նախատեսված բնակարանները, ոչ կոմերցիոն տարածքները, ոչ բնակության վարձակալության գումարները, ոչ կոմերցիոն տարածքների չաշխատելու փոխհատուցումները, ոչ էլ շինարարության ձգձգման տուգանքները:
Մեզ մինչ այժմ չի հատկացվել տարածքների հատակագծերը եւ մենք չենք կարող ոչ մի իրավական գործողություն կատարել կիսակառույց տարածքների նկատմամբ՝ վաճառք, նվիրատվություն, կտակ:
Զրկվելով ապրուստի միջոցներից, մենք հայտնվել ենք աղետալի վիճակում, քանի որ վարձակալած բնակարաններից մեզ հանել են:
Բազմաթիվ անգամ դիմել ենք Ձեր աշխատակազմին, կառավարությանը,
քաղաքապետարան, Հանրային խորհրդին, Պաշտպանին: Բոլոր դիմումները վերահասցեագրվում են քաղաքապետարանին, որը լռության, անգործության եւ իր վրայից պատասխանատվությունը գցելու քաղաքականություն է որդեգրել:
Խնդրում ենք Հայաստանի Հանրապետության անունից կնքված պայմանագրերի պարտավորությունների շտապ կատարում՝
1. Շինարարության ժամկետների խախտման տուգանքները:
2. Առեւտրային տարածքների չաշխատելու փոխհատուցում:
3. Մեր բնակարանների եւ առեւտրային տարածքների կադաստրում հաստատված հատակագծերը:
4. Բնակարանների վարձակալության գումարների հատկացում:
5. Շինարարության ավարտի որոշակի ժամկետ:
Խնդրում ենք միջամտել ու վերականգնել արդարությունը եւ մեր Սահմանադրությամբ նախատեսված իրավունքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել