Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեւան-2792

Հոկտեմբեր 07,2010 00:00

Հոկտեմբերի 10-ին հանդիսավորությամբ նշվելու է «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունը՝ «Երեւանը մենք ենք» կարգախոսով: Այդ օրը վաղ առավոտյան 8-30-ից անվտանգության նկատառումներով փոքր կենտրոնում կդադարեցվի երթեւեկությունը, ջրցան մեքենաներով կլվացվեն փողոցները: Ինչպես տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանից՝ մշակութային, մարզական, ժամանցային միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի տարբեր զբոսայգիներում, պուրակներում եւ հրապարակներում: Նախատեսվում են թատերականացված բեմականացումներ, տիկնիկային ներկայացումներ, մանկական խաղեր, հեղինակային, էստրադային, ժողովրդական երգեր, դասական, ջազ եւ ռոք երաժշտություն, մնջախաղ, վազքի մարաթոն եւ այլն՝ շուրջ 2 տասնյակ բովանդակային բեմեր: Ամենամեծ թատերական բեմականացումը նախատեսված է Էրեբունի թանգարանին հարող հրապարակում, որտեղից 3000 հոգուց բաղկացած զորախումբը Արգիշտի թագավորի գլխավորությամբ քայլերթով կշարժվի դեպի Ռուսաստանի հրապարակ, որտեղ շքերթի մասնակիցներին կողջունի Երեւանի քաղաքապետը: Երեւանի հիմնադրման 2792-ամյակին նվիրված տոնական հանդիսավոր շքերթը՝ Ռուսաստանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ նախատեսված է ժամը 14-ից 15-ը: Տոնական միջոցառումները կամփոփվեն Հանրապետության հրապարակում՝ գալա համերգով: Ժամը 22-ին տոնական Երեւանի երկինքը կզարդարի շքեղ հրավառությունը:
Քաղաքի տոնական ձեւավորման աշխատանքները մայրաքաղաքի փողոցներում կավարտվեն հոկտեմբերի 9-ին: Կենտրոնական փողոցները, հրապարակներն ու կամուրջները զարդարված կլինեն ՀՀ պետական եւ Երեւանի դրոշներով: Կենտրոնական հրապարակներում եւ փողոցներում արտաքին լուսավորությունը եւս տոնական է լինելու:
Երեւանի ավագանու հոկտեմբերի 5-ի որոշմամբ հաստատվել են նաեւ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած անձանց անունները: Նրանք են՝ Երեւանի մետրոպոլիտենի գնացքավար Սամվել Պետրոսյանն ու սիրիահայ բարերար, «Փյունիկ» բարեգործական միության պատվավոր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել