Լրահոս
Օրվա լրահոսը

Ամիսը մեկ՝ վթար է լինում

Հոկտեմբեր 07,2010 00:00

Մի քանի օր առաջ Աղայան փողոցում նորից ավտովթար է եղել: Բարեբախտաբար, տուժածներ չեն եղել եւ վարորդներն իրար մեջ խնդիրը կարգավորել են: Սակայն այդ դեպքը վերջնականապես սպառել է Աղայան փողոցի բնակիչների համբերությունը: Նրանք գրեթե ամեն օր ականատես են լինում, թե ինչպես է իրենց փողոցում վթար լինում, երեխա կամ մեծահասակ մարդ ընկնում մեքենայի տակ: Խնդիրն այն է, որ նախկինում Աղայան փողոց կարելի էր մտնել միայն Տերյան փողոցից, իսկ Աղայան-Աբովյան հատվածը պատնեշված էր: Սակայն իրենց ճանապարհը կարճացնելու համար ինչ-որ մարդիկ քանդել են այդ պատնեշը եւ հիմա արդեն Աղայան փողոցը դարձել է, այսպես ասած՝ «ոտքի տակի ճամփա», որտեղ մեքենաներից տեղ ու դադար չկա: Իսկ այդպիսի իրադրությունում վթարներից խուսափելն անհնար է: Բնակիչների խոսքերով՝ «Պարզ է, հիմա շատ վարորդների համար ավելի հարմար է, էլ Սայաթ-Նովայի փողոցով չեն պտտվում ու չեն երկարացնում իրենց ճանապարհը, միանգամից Աղայանն են օգտագործում՝ Տերյանից Աբովյան գնալու համար, սակայն արդեն 1 տարի է՝ մենք այստեղ միայն վթարների ու կռիվների ենք ականատես լինում: Այս տարվա ընթացքում արդեն 3-րդ մարդն է ընկնում մեքենայի տակ: Մենք խանութ անգամ չենք կարողանում գնալ, որովհետեւ այդ փողոցն անցնելը սարսափելի է, հատկապես՝ մեծահասակների համար»:
Աղայան փողոցի բնակիչներից մեկը՝ Ռոզա Հայրապետյանը, որը նաեւ Աղայան 9 շենքի լիազորն է, արդեն բազմաթիվ դիմումներ է ուղղել թաղապետարան, քաղաքապետարան, Ճանապարհային ոստիկանություն: Նա ամենաակտիվ պայքարողներից է, որովհետեւ իր մաշկի վրա է զգացել Աղայան փողոցի ծանրաբեռնվածության հետեւանքը. «Ինքս վթարի եմ ենթարկվել ու ոտքի վնասվածք ստացել: Երբ բողոքում ենք ոստիկաններին ու քաղաքապետարան, երկուսն էլ փոխանակ կարգավորեն խնդիրը, մեզ հորդորում են, որ մեր ուժերով պատ շարենք ու նորից փակենք: Բայց պատկերացնո՞ւմ եք՝ բնակիչները ցեմենտ շաղախեն փողոցում ու սկսեն Տերյան փողոցի մուտքը փակել»:
Բնակիչները նաեւ պատմում են, որ անցյալ տարի Աղայան փողոցում մի երեխա է վթարի ենթարկվել. «Պուշկինի եւ նախկին Կրուպսկայայի դպրոցի անցումը հենց այդ փողոցից է, հարյուրավոր դպրոցականներ են գնում-գալիս ու վտանգի ենթարկում իրենց կյանքը: Աղայան փողոցում ընդամենը 6 շենք կա, այն ավելի շատ բակային տարածքի է նման, բայց այստեղ 1 ժամում 100-ից ավելի մեքենա է անցնում: Դարձրել են Մոսկվայի Կալինինոյի փողոցը: Եթե մարդ էլ չի տուժում՝ վթարներն ու մեքենաների վնասներն անպակաս են, անընդհատ վարորդների կռվի ենք ականատես լինում»: Բնակիչներն արդեն դիմում են գրել վարչապետին ու պահանջում են կա՛մ Աղայան փողոցում ճանապարհային ոստիկանի հրավիրել, որը կհետեւի երթեւեկության կանոնների պահպանմանը, կամ նորից փակել Աբովյան-Աղայան հատվածը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել