Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ «ՈՍԿԵ ՍԱՐԵՐ» ԵՆ ԽՈՍՏԱՑԵԼ

Հոկտեմբեր 07,2010 00:00

\"\"Կազմակերպությունը խոստացել էր նրանց  սեփական տունը վերակառուցել

Մի օր «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» կազմակերպության ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը այցելում է Էջմիածնի Արագած գյուղում բնակվող՝ արցախյան ազատամարտի մասնակից Վրեժ Ոսկանյանի ընտանիքին եւ հայտնում, որ իրենց կազմակերպությունը որոշել է, որպես բարի կամքի դրսեւորում, նրանց տունը վերակառուցել: Այդ օրվանից ի վեր անցել է մոտ 2 տարի եւ ընտանիքն անտուն է. տան անդամներն այժմ բնակվում են արդեն քանդված տան բակում: Վրեժ Ոսկանյանի խոսքերով, ճիշտ է, տունը փոքր էր ու կիսավթարային, սակայն ընտանիքը գոնե պատսպարվելու տեղ ու գլխին տանիք ուներ:
«Եկավ ասաց՝ բա էլ ո՞ւմ համար տենց բան պետք է անենք, քո նման տղաների: Բա դուք գնացել եք կռվել մեզ համար, մենք էլ ձեզ համար պետք է տուն սարքենք, որ դուք լավ պայմաններով տանն ապրեք, ոչ թե վթարային տանը: Մի քանի օրից ինձ ասացին, որ ես պետք է իմ հաշվին տունս քանդեմ, որ իրենք գան իրենց աշխատանքները սկսեն: Ասացին, որ բանվորների գումարը կտան: Ես էլ բանվորներ բերեցի՝ տունս քանդելու: Աղբի մեքենաներ վարձեցի, որ այդ ամբողջ շինարարական աղբը տանեն: Ասում էին, որ շուտով իմ տան կառուցելու գումարը կնստի իրենց հաշվին, փոխանցումը պետք է պաշտպանության նախարարությունն անի եւ իրենք կսկսեն տունս սարքել: Տունն արդեն քանդել էի, բավականին պարտքեր հավաքել գլխիս, սակայն նրանք այդպես էլ չէին գալիս տունս կառուցելու: Ու մենք հայտնվեցինք դրսում: Ոչ մի տեղ չունենք գնալու: Ապրում ենք բաց երկնքի տակ: Անցյալ տարի ես ու կինս նոր ծնված երեխայիս մահճակալն անձրեւների ժամանակ գրկում- բարձրացնում էինք, որ չթրջվի եւ երեխան չմրսի»,- մեզ հետ զրույցում պատմեց Վ. Ոսկանյանը: Ազատամարտիկն ամեն անգամ, երբ զանգել կամ այցելել է այս կազմակերպության գրասենյակ, նրան հանգստացրել են, որ շուտով կսկսեն շինաշխատանքները. «Ինձ ամեն անգամ ասում էին, որ պարտքով շինանյութը գնեմ եւ աշխատանքները սկսեմ, իրենք հետագայում կփոխհատուցեն: Այդպես էլ մինչեւ հիմա սպասելով մնացել եմ: Ոչ մի գումար չեն տվել: Արդեն հեռախոսահամարս ճանաչում էին, էլ չէին պատասխանում: Հետո արդեն ընդհանրապես անջատեցին համարները: Գրասենյակի տեղն էլ փոխել են ու այդ մասին ինձ ոչ մի բան չեն ասել: Այնքան հուսահատված էի, չգիտեի ինչ անեմ, ոնց ապրելու տեղ գտնեմ, բոլորովին դրսում էինք մնացել: Դիմեցի «Երկրապահին», նրանք որպես օգնություն մի բեռնատար մեքենա քար բերեցին թափեցին, ցեմենտն էլ նորից պարտքով վերցրեցի ու տանս հիմքը գցեցինք: Քարն էլ հերիքեց միայն կես մետր պատ շարելու համար: Ու էլի մնացինք բաց երկնքի տակ: Անտեղի տեղը 800 հազար դրամի պարտք ունեմ, մի բան էլ առանց տուն եմ մնացել: Ընդամենը 34 հազար դրամ թոշակ եմ ստանում, այդքան պարտքը ո՞նց եմ փակելու: Չգիտեմ ինչ անեմ: Հիմա ոչ այդ կազմակերպության տեղը գիտեմ, ոչ էլ կարողանում եմ գտնել նրանց հետքը»:
Վրեժ Ոսկանյանը տուն ստանալու համար նաեւ պաշտպանության նախարարությունում է հերթագրված: Հերթագրման թիվը 716-ն է: Երբ հերթը հասնի, նա պետք է որոշակի գումար վճարի, որպեսզի բնակարանի տեր դառնա:
Այս պատմության մեջ մութ է մնում այն հարցը, թե ինչո՞ւ է «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը» պաշտպանության նախարարության անունից խոստումներ տվել, եթե ազատամարտիկը ՊՆ-ում տան համար հերթագրված է:
Այս առնչությամբ մեզ չհաջողվեց որեւէ պարզաբանում ստանալ, քանի որ այդ կազմակերպության հեռախոսահամարները փոխվել էին, իսկ նախկին համարներով այլ գրասենյակ էր գործում: Մեր ձեռքի տակ եղած հեռախոսահամարներից մեկին էլ պատասխանեց մի երիտասարդ, որն ասաց, որ Անդրանիկ Նիկողոսյանը քաղաքում չէ եւ մի քանի օրից կվերադառնա:
Պաշտպանության նախարարության կայք-էջից կարողացանք գտնել միայն մեկ հարցի պատասխան. այն, որ իսկապես համագործակցություն եղել է «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի» հետ: Այդ շրջանակներում որոշ տներ արդեն կառուցվել են: Սակայն համագործակցության կիսատ լինելու կամ կազմակերպության լուծարման մասին որեւէ տեղեկություն չկար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել