Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուջեի նախագիծն ԱԺ-ում է

Հոկտեմբեր 07,2010 00:00

«Այս տարի եւս մեր բյուջեն հստակ սոցիալական ուղղվածություն ունի: Ծախսերի գծով գրեթե 1 տրիլիոն դրամ՝ 998,6 մլրդ դրամ կազմող բյուջեի գերակշիռ մասը՝ 45%-ը, սոցիալ-մշակութային ոլորտին է ուղղված»,- երեկ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ով լրագրողների հետ հանդիպել էր՝ ավետելու, որ 2011թ. պետական բյուջեի նախագիծը կառավարությունն արդեն հաստատել է եւ ուղարկել ԱԺ: Նախարարն ակնհայտորեն գոհ էր իրենց կազմած բյուջեից, որին տվեց «Կայուն տնտեսական զարգացման բյուջե» հավակնոտ անունը: Գոհունակության առիթ տվել էր մի քանի փաստ. եկամուտների մասով 2011թ. բյուջեն կկազմի 849,983 մլրդ դրամ, որը գրեթե 100 մլրդով ավելի է 2010-ի բյուջեից, որը կազմում էր 742,1 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ ավելացել է նաեւ բյուջեի ծախսային մասը, 2011-ին այն կազմելու է 998, 597 մլրդ դրամ՝ այս տարվա 935,5 մլրդ դրամի փոխարեն: Եվ ամենակարեւորը՝ զգալիորեն կրճատվել է բյուջեի դեֆիցիտը՝ եկամուտների զգալի ավելացման եւ ծախսերի համեմատաբար պակաս ավելացման արդյունքում: 2011-ին բյուջեի դեֆիցիտը կկազմի 148,613  մլրդ դրամ՝ 2010-ի  193,4 մլրդ դրամի փոխարեն: Պակասուրդն այս տարի առաջին անգամ կփակվի մեծ մասամբ ներքին (գրեթե 83 մլրդի չափով)  աղբյուրների ֆինանսավորման շնորհիվ: Նախարարը կարեւորեց, որ դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցությունը այս տարի գրեթե կիսով չափ կրճատվելու է նախորդ տարվա՝ 2009-ի համեմատ՝ հասնելով մինչեւ 3,9%-ի, եւ հույս հայտնեց, որ 1-2 տարվա ընթացքում այդ ցուցանիշը կիջնի 3%-ից պակասի, ինչը լավ է նույնիսկ եվրոպական չափանիշներով:
Կառավարությունը նախատեսում է նաեւ 4,6% իրական ՀՆԱ-ի աճ (ՀՆԱ-ի անվանական աճը կկազմի 8%-ից ավելի): Ծավալային առումով 2011-ի անվանական ՀՆԱ-ն կկազմի 3,76 տրիլիոն դրամ՝ համաձայն կառավարության մակրոտնտեսական սպասումների: «2011թ.-ին կանցնենք նախաճգնաժամային ժամանակների արդյունքներից»,- լավատեսական կանխատեսումները շարունակեց նախարարը, որը չմոռացավ նշել նաեւ ճգնաժամի դրական հետեւանքը. «Ճգնաժամը առիթ եւ պատճառ դարձավ, որպեսզի փոփոխվի մեր տնտեսության ոլորտային համամասնությունը: Զգալի աճ արձանագրվեց արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներւմ, ի տարբերություն շինարարության եւ գյուղատնտեսության ոլորտների»:
Անդրադառնալով պետական պարտքին՝ նախարարն ասաց, որ 2011-ին այն կկազմի ՀՆԱ-ի 42-44%-ը, որը «չի հատում մտահոգությունների տեղիք տվող 50%-ի շեմը, ինչը սպառնում է նույնիսկ մեզնից շատ ավելի զարգացած եվրոպական երկրներին»: Նկատելով, որ ՀՆԱ-ի 1%-ը 40 մլրդ դրամ է կազմում, պարոն նախարարը հորդորեց գնահատել իրենց ջանքերը՝ պարտքը թեկուզ 1-2%-ով նվազեցնելու առումով: Պարտքերի մեջ «խորանալով»՝ Տ. Դավթյանը նկատեց, որ չի նախատեսվում որեւէ նոր, արտառոց վարկի ներգրավում, այն, ինչ որ լինելու է՝ նախկինում ծրագրված վարկերն են լինելու: Դեռ ավելին, ԱՄՀ-ն, «տեսնելով մեր տնտեսական քաղաքականության արդյունավետությունը», որոշել է վերակազմավորել մեր երկրի ամենադժվար՝ stand-by վարկը ավելի մեղմ վարկի, փոխել է վարկի տրամադրման պայմանները: Նախարարը հրաժարվեց ԱՄՀ-ի այս բարի ժեստը կապել երեկ ընդունված «Ակցիզային հարկի մասին» օրենքի հետ, որի ընդունումը խորհրդարանական ընդդիմությունը համարում է ԱՄՀ-ի եւ այլ միջազգային կառույցների պարտադրանքի, ինչպես նաեւ ներմուծողների եւ կառավարության որոշակի շահերի արդյունք: Նախարարը  նաեւ նկատեց, որ 2011-13 թթ. նախատեսվում է արտաքին պարտքի սպասարկումը, եւ նշեց, որ պետք է զգույշ լինել նոր վարկեր չներգրավելու համար:
Ինչ վերաբերում է պետբյուջեի ծախսային մասին՝ զգալի ավելացել է ոչ միայն սոցիալ-մշակութային հատվածի համար նախատեսված բաժինը, այլեւ կրթության եւ գիտության: Եթե նախորդ տարի կրթությանը հատկացվող գումարները նախատեսված չէին կապիտալ ծախսերի համար, ապա այս տարի՝ ճիշտ հակառակը: Գիտության ֆինանսավորումը նույնպես ավելացել է, ճիշտ է՝ ընդամենը 1 մլրդ դրամով: Կավելանան գիտության եւ մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձերը: Սակայն ուսուցիչների աշխատավարձերը կմնան գրեթե նույնը: Ինչ վերաբերում է կենսաթոշակներին, ապա դրանք՝ կապված գազի գնի բարձրացման հետեւանքները մեղմելու հետ, նոյեմբերից ավելանալու են 10%-ով: Նախարարը շեշտեց, որ այսօր կրթաթոշակները կազմում են մեր բյուջեի գրեթե 20%-ը՝ մոտ 200 մլրդ դրամ, եւ դա 10%-ով բարձրացնելը արդեն իսկ լուրջ բեռ է լինում բյուջեի վրա, այդուհանդերձ հաջորդ տարի կենսաթոշակների համար նախատեսված գումարը գրեթե 26 մլրդ դրամով ավելանալու է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել