Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ԱՀԿ-ԻՆ

Հոկտեմբեր 07,2010 00:00

\"\"Եվ ճնշում տեղական արտադրողին

Միշտ չէ, որ արդար՝ նշանակում է ճիշտ: Այս արտահայտությունը թերեւս տեղին է երեկ ԱԺ-ում ընդունված օրինագծերի փաթեթի պարագայում, որի արդյունքում արդարությունը հաստատվում է այն առումով, որ մեր կառավարությունը, ի վերջո, կատարում է իր ինքնակամ ստանձնած պարտավորությունները Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առջեւ: Սակայն որքանով է ճիշտ՝ ընդունել նման օրենքներ մեր երկրում, որտեղ տեղական արտադրողն ի սկզբանե աննախանձելի դրության մեջ է եւ այս օրենսդրական փաթեթի ընդունումից հետո շատ ավելի վատ վիճակում կհայտնվի՝ պատասխանը կարծես թե միանշանակ է:
Երեկ ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ՝ 54 կողմ, 21 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների նախագիծը: Օրենսդրական փաթեթով նախատեսվում է 2011 թ. հունվարի 1-ից բենզինը եվ դիզելային վառելիքը հարկման հաստատագրված վճարների համակարգից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ՝ սահմանելով, որ բենզինի համար պետք է կիրառվի ակցիզային հարկի հաստատագրված դրույքաչափ, իսկ դիզելային վառելիքի համար՝ ակցիզային հարկի արժեքային դրույքաչափ: Նախատեսվում է նաեւ 2014 թ. հունվարի 1-ից ծխախոտի արտադրանքը հարկման հաստատագրված վճարների համակարգից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ՝ սահմանելով, որ ծխախոտի արտադրանքի համար պետք է կիրառվի ակցիզային հարկի հաստատագրված դրույքաչափ, իսկ ավելացված արժեքի հարկը պետք է հաշվարկվի ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնից: Բացի այդ՝ նախատեսվում է 2011 թ. հունվարի 1-ից կրճատել ծխախոտի ներմուծման եւ տեղական արտադրության համար սահմանվող հաստատագրված վճարի դրույքաչափերի միջեւ եղած տարբերությունը՝ 2013 -ին այն հասցնելով 1000 դրամի՝ 1000 հատիկի հաշվով, ինչպես նաեւ 2011 թ. հունվարի 1-ից հավասարեցնել տեղական արտադրության եւ ներմուծվող օղիների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը:
Բնականաբար, կառավարության այս նախաձեռնությունը հարուցել է տեղական արտադրողների եւ ԱԺ-ում նրանց շահերը ներկայացնողների (որոնք շատ դեպքերում հենց նույն մարդիկ են) անհամաձայնությունը եւ նույնիսկ՝ բուռն վրդովմունքը: ԱԺ դահլիճում դեռ նախորդ օրվանից «շեքսպիրյան կրքեր» էին բորբոքվում:
«Հավասար պայմաններում միջազգային ընկերությունների հետ մրցակցելը նույն բանն է, եթե մեր հավաքականը Բրազիլիայի հավաքականին ֆուտբոլում փորձի հաղթել։ Լուրջ խնդիր կարող է առաջացնել տեղական եւ ներմուծող դաշտերն իրար հավասարեցնելը, եւ ոչ մի պետական աջակցություն տեղական արտադրողը չունենա։ Դա շատ վտանգավոր է հայրենական տնտեսության համար»,- տեղական արտադրողների կողմից իր «դեմ» տեսակետն արտահայտեց ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանը, որի ընտանեկան բիզնեսի մի ճյուղը՝ սիգարետի արտադրությունը, այս փաթեթի ծանրությունն անմիջականորեն է զգալու իր վրա: Պարոն Վարդանյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ այս օրենքը բերելու է նոր գնաճի, աշխատատեղերի կրճատման, արտագաղթի եւ երկրի տնտեսությանը կտրուկ հարվածող այլ հետեւանքների: Օրենքը խփելու է նաեւ ԱԺ նախագահի ընտանիքի բիզնես-շահերին, եւ զարմանալի չէ, որ Հովիկ Աբրահամյանը օրինագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին ուղղակի ասաց. «Պարո՛ն Կարայան, լղոզել պետք չէ, մեր արտադրողի համար վատ է լինելու»։ Սակայն ի պաշտոնե եւ կուսակցական շահերից ելնելով՝ նա պարտավոր էր կողմ քվեարկել այս օրինագծին ու ստիպված էր պաշտպանել այն: Այնպես որ, կառավարությանը՝ ներմուծողների բիզնես-շահերը սպասարկելու մեջ մեղադրող ՀՅԴ-ականներին ի պատասխան, խոստացավ, թե առաջիկայում կընդունվեն օրենքներ, որոնք չեն վնասի տեղական արտադրողների շահերին եւ ասաց, որ չի բացառվում, որ այս օրենքի հետեւանքները մեղմելու համար կառավարությունը կարող է տեղական արտադրողներին որոշ հարցերում աջակցել, ասենք՝ սուբսիդավորել նշված ոլորտները կամ թեթեւացնել հողի հարկը, այլ հարկատեսակներ:
Նախագծին միանշանակ դեմ են արտահայտվել եւ քվեարկել՝ ՀՅԴ-ն, որի կազմում կան տեղական արտադրողներ, «Ժառանգությունը», որի կազմում չկան տեղական արտադրողներ, ԲՀԿ-ի մի մասը: Կողմ են քվեարկել ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նախորդ օրն իր խոսքում նշել էր, թե այս օրենքի ընդունումից հետո հայրենական ծխախոտ եւ խմիչք արտադրողներն ուղղակի կլքեն Հայաստանը, եւ համոզմունք է հայտնել, թե ՀՀ կառավարությունը ցանկության դեպքում կարող էր ճնշողներին՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) եւ մյուս միջազգային կազմակերպություններին բացատրել, որ մեր երկիրը շրջափակման մեջ է, ծանր իրավիճակում, եւ որ այս պայմաններում նման օրենքի ընդունումը կվնասի արտադրողին: Նաեւ եզրակացրել էր, որ կառավարությունն ուղղակի շահագրգռվածություն ունի ներմուծողների շահերի պաշտպանության մեջ: «Ավելի լավ է կործանվի պետությունը, կործանվի ժողովուրդը, աղքատանա, բայց այդ բիզնեսմենները անձեռնմխելի են, սրբազան կով են, դրանց ձեռք տալ չի կարելի: Սա է մոտեցումը»,- հեգնել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը: ԱԺ նախագահը չի համաձայնել ՀՅԴ-ական գործընկերոջ դիտարկումներին, կարծիք հայտնելով, որ մեր կառավարությունը չի կարող խաղերի մեջ մտնել ներկրողների հետ եւ «պատվերով նախագիծ» ներկայացնել ԱԺ:
Կառավարության միակ պատճառաբանությունը հետեւյալն է. այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ-ի եւ ԱՄՀ-ի միջեւ կնքված՝ 2010-13 թթ. տնտեսական եւ ֆինանսական քաղաքականությունների հուշագրից, համաձայն որի՝ ՀՀ-ն պարտավորվել է ծխախոտի արտադրանքի եւ բենզինի ու դիզելային վառելիքի հարկման հաստատագրված վճարների համակարգը փոխարինել հարկման ընդհանուր համակարգով, ԱՀԿ առջեւ Հայաստանի՝ տարիներ առաջ ստանձնած պարտավորությունից, ըստ որի՝ պետք է ներմուծվող եւ տեղական արտադրության ապրանքների համար կիրառենք հարկման միատեսակ մոտեցումներ, ինչպես նաեւ այն պատճառով, որ չնայած 2009թ. հունվարից ֆիլտրով ծխախոտի արտադրանքի համար սահմանված հաստատագրված վճարի չափը բարձրացվեց շուրջ 18%-ով, սակայն այդ նույն ժամանակվանից պետբյուջեի եկամուտները սկսել են նկատելիորեն կրճատվել: Դե, բացի այդ ամենից, կա նաեւ խնդրի բարոյական եւ առողջապահական կողմը, որը ներկայացրեց ֆինանսների փոխնախարարը. այն բանից հետո, ինչ ծխախոտի գները բարձրացվեցին՝ ծխողների քանակը մեր երկրում 12-13%-ով պակասեց:
Այո, մտածում է կառավարությունը մեր ժողովրդի առողջության մասին՝ ոչինչ չես կարող ասել…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել