Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ Հայաստանում էին, այսօր կմեկնեն Ղարաբաղ

Հոկտեմբեր 07,2010 00:00

Երեկ, տարածաշրջանային այցի շրջանակներում, Երեւան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համանախագահները Երեւան են ժամանել Նախիջեւանից, որտեղ նախօրեին հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ համանախագահները ԱԳ նախարարին են ներկայացրել Ադրբեջանում ունեցած քննարկումների արդյունքները եւ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում իրականացվելիք դաշտային գնահատման առաքելության ծրագիրը: Նախարար Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին իր վրդովմունքն է հայտնել օրերս ադրբեջանական բանտում ՀՀ քաղաքացի, 20-ամյա Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ նա գերության մեջ սպանվել է: Նախարարն ընդգծել է, որ շուրջ 25 օր Կարմիր խաչի ներկայացուցիչներին հնարավորություն չի տրվել հանդիպելու նրան, եւ հավելել է, թե՝ «ահաբեկչական խմբավորումներին բնորոշ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի նպաստում բանակցային գործընթացին»:
ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են նաեւ առաջիկա անելիքները, բանակցությունների շարունակումը՝ «Մադրիդյան» առաջարկությունների հիման վրա:
Համանախագահները երեկ հանդիպել են նաեւ ՀՀ նախագահի հետ:
Այսօր Մինսկի խմբի միջնորդները կուղեւորվեն Ղարաբաղ: Իսկ այն, որ ԼՂ հարակից տարածքներում գնահատման առաքելության երթուղին կորոշվի Ստեփանակերտում, դեռ Նախիջեւանում՝ Երեւան գալուց առաջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Սպասվում է, որ առաքելությունն իր գործունեությունը կավարտի հոկտեմբերի 13-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել