Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ ԱՐՏԱՌՈՑ Է

Հոկտեմբեր 07,2010 00:00

\"\"Ասում է Արցախում իշխանամետ համարվող Ժողովրդական կուսակցության անդամ, ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ անդրադառնալով ԼՂՀ ճանաչմանն ուղղված ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության օրինագծին:

– ՀՀ խորհրդարանում ԼՂՀ ճանաչման հարցի շուրջ քննարկումներն ընթացան կրքերի թեժ բորբոքման պայմաններում: Բայց հայտնի չէ՝ այս պահին Ղարաբաղում ուզո՞ւմ են, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը:
– 1992-ին ՀՀ ԳԽ ընդունած որոշումը, որով Հայաստանի համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղի մասին որեւէ միջազգային փաստաթուղթ, որը կարող է ԼՂ-ն դիտարկել որպես Ադրբեջանի մաս, իր իրավական ուժով հավասարազոր է նրան, որ Հայաստանը, որպես պետություն, ԼՂ ապագա միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը տեսնում է Ադրբեջանի իրավազորությունից դուրս: Կարծում եմ, ոչ ոք ԳԽ այդ որոշումը չի բեկանել, ու այս պահին որեւէ անհրաժեշտություն չկա, որ «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը ՀՀ ԱԺ-ում քվեարկվի եւ ընդունվի, որովհետեւ եթե ինչ-որ բան պետք է ասել միջազգային հանրությանը, ապա դա արդեն ասված է: Իհարկե, ԼՂ-ն ձգտում է իր փաստացի անկախության միջազգային ճանաչմանը, եւ մենք կուզենայինք, որ միջազգային հանրությունն ավելի ընկալունակ լիներ ԼՂ-ի ազատության ձգտումներին: Բայց այս դեպքում ՀՀ ԳԽ որոշումը բավականին ուժ ունի, որպեսզի այդ հրամայականը ՀՀ իշխանությունները որպես ուղեցույց ընդունեն:
– Հայաստանում օրինագծի ընդդիմախոսների փաստարկն այն է, որ միջազգային հանրությունը պատրաստ չէ ՀՀ կողմից այդպիսի որոշմանը, ու ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչումը կարող է ազդել բանակցային գործընթացի վրա, որ դա ԼՂ-ի եւ Հայաստանի վրա հավելյալ ճնշումների առիթ կդառնա:
– Ես չէի ցանկանա մեկնաբանություններ անել ՀՀ ԱԺ-ում քննարկվող հարցի շուրջ: Ազդեցություն կունենա, չի ունենա, ազդեցությունը բացասական, թե դրական կլինի. այդ հարցերի պատասխանները տալիս են ՀՀ ԱԺ քաղաքական ուժերը: Ես փոխանցեցի իմ անձնական վերաբերմունքն այդ նախաձեռնությանն այն կտրվածքով, որ եւս մեկ անգամ միջազգային հանրությանը ինչ-որ բան հիշեցնելու կարիք այս պահին չկա, որովհետեւ գոյություն ունի ՀՀ ԳԽ որոշում, որը, կրկնում եմ, ոչ ոք չի բեկանել, ու որեւէ իշխանություն չի կարող այն շրջանցել, ինչը եւ անում է ՀՀ իշխանությունը:
– Կարծում եք՝ այդպես են մտածում նաեւ ԼՂ իշխանություննե՞րը:
– Ես չեմ կարող իշխանությունների փոխարեն պատասխանել: Բայց եթե հարցին վերաբերվենք զուտ ֆորմալ առումով, ապա մինչեւ ԼՂ իշխանությունները ճանաչման խնդրանքով չդիմեն ՀՀ իշխանություններին՝ նման հարց Հայաստանում առհասարակ չպետք է քննարկվի: Այսինքն՝ այն երկիրը, որը ձգտում է միջազգային ճանաչման, պետք է դիմի միջազգային հանրությանը, այդ թվում՝ նաեւ Հայաստանի Հանրապետությանը՝ քննարկելու իր անկախությունը ճանաչելու հարցը: Նման խնդրանք կամ առաջարկություն ԼՂՀ-ից պաշտոնական մակարդակով չի արվել, եւ զուտ ձեւական, միջազգային պրակտիկայի առումով ԼՂՀ անկախությունը ճանաչելու ՀՀ խորհրդարանի խմբակցություններից մեկի առաջարկությունը նույնիսկ արտառոց է: Իսկ եթե ԼՂ կողմից այդպիսի առաջարկ չի արվում, ենթադրում եմ, որ նկատի է առնվում ընդհանուր՝ նաեւ բանակցային գործընթացում առկա իրավիճակը, եւ այն վստահությունը, որ ԼՂՀ իշխանություններն ունեն ՀՀ իշխանությունների եւ ժողովրդի հանդեպ: Այսպես, թե այնպես՝ փաստացի իրավիճակն այն է, որ ԼՂՀ-ն Հայաստանի կողմից ճանաչված է: Կարծում եմ, ԼՂ-ի կողմից նման հորդոր կամ խնդրանք չի արվում, որպեսզի ավելորդ լարվածություն չառաջանա, եւ Հայաստանը ստիպված չլինի միջազգային հանրությանը լրացուցիչ բացատրություններ տալ իր այս կամ այն քայլի վերաբերյալ:
– Այնուամենայնիվ, ձեր այս վերջին դիտարկումից կարելի է ենթադրել, որ որոշակի մտահոգություններ, թե՝ ԼՂՀ-ն ճանաչելու դեպքում Հայաստանը միջազգային հանրության կողմից կարող է ճնշումների ենթարկվել, կան:
– Իհարկե, փորձն էլ է դա ցույց տալիս: Ռուսաստանի նման հզոր պետությունը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը, եւ առ այսօր ոչ մի լուրջ երկիր նրան չհետեւեց, ու ՌԴ-ն այսօր խնդիրներ ունի ե՛ւ ԵՄ-ի, ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ միջազգային հանրության հետ, վատթարացան Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները: Իհարկե, ինքնանպատակ քայլ չպետք է արվի: Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման ակտն այն բարձր նշաձողն է, որը կարող է այլընտրանք լինել բանակցություններին Ադրբեջանի հստակ արտահայտված ոչ կառուցողական վերաբերմունքին: Կարծում եմ, այս պահին կա հիմնախնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելու հնարավորություն, եւ անհրաժեշտություն չկա միակողմանիորեն հնարավորություն տալ միջազգային հանրությանը ոչ կառուցողականության համար քննադատելու Հայաստանին:
– Երեւանում քիչ չեն նրանք, ովքեր կարծում են, թե ԼՂ հարակից 7 շրջաններում անցկացվելիք փաստահավաք առաքելությունը որոշակի վտանգներ է պարունակում հայկական կողմի համար: Նրանք պնդում են, որ եթե ԼՂ-ն չի մերժել այդ առաքելության անցկացումը, ապա գոնե պետք է պնդեր համանման առաքելություն իրականացնել նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներում:
– Ես երեւի իրավասու չեմ ձեր հարցին ամբողջ ծավալով պատասխանել, որովհետեւ խորհրդարանը նման հարցերին չի միջամտում. դա գործադիր իշխանության խնդիրն է: Ամեն դեպքում, կա համաձայնություն: Մոտ մեկ շաբաթ առաջ ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանն է հայտարարել, որ համանախագահների վերջին այցելության ժամանակ քննարկվել է նաեւ այդ հարցը, ասվել է, որ ԼՂՀ-ն արդյունավետ կհամարի այդ առաքելությունը, եթե նույնպիսի գնահատման քայլեր կատարվեն Շահումյանում, Գետաշենում, Մարտակերտի ու Մարտունու շրջանների այն տարածքներում, որոնք առ այսօր գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Համանախագահները դեռ Ստեփանակերտ չեն եկել: Կարծում եմ, ամեն դեպքում ղարաբաղյան կողմը պնդելու է, որ պարիտետը պահպանվի, եւ այդ առաքելությունը նաեւ այդ տարածքներ մեկնի:
– Մի քիչ ուշ չէ՞ այդպիսի առաջարկ անելու համար, մանավանդ, որ առաքելության երթուղին արդեն որոշված է:
– Երթուղին, դատելով տեղեկատվությունից, իհարկե, որոշված է: Համանախագահներն այս այցի ժամանակ չեն լինի ո՛չ Շահումյանի, ո՛չ էլ Մարտակերտի ու Մարտունու շրջանների օկուպացված հատվածներում, բայց ղարաբաղյան կողմը չի բացառում, որ համանախագահներն այդ առաքելությունը երբեւէ կիրականացնեն նաեւ այդ տարածքներում: Իսկ ընդհանրապես նման առաքելություն մեկ անգամ արդեն նրանք իրականացրել են 2005-ին: Առաքելության նպատակն այն է, որ լինելով ԼՂ շրջակա տարածքներում, հանդիպելով մարդկանց հետ՝ համոզվի, որ այնտեղ ապրող մարդիկ իրենց բնակության վայրը լքելու ցանկություն չունեն, որ այդ տարածքներում մարդիկ ապրում են ոչ թե տարածքները զբաղեցնելու պետական նպատակադրությամբ, այլ այն պատճառով, որ Ադրբեջանում զրկվել են բնակության իրենց վայրերից եւ գերադասել են ապրել այնտեղ, որտեղ իրենց համար ապրելու բավարար պայմաններ են գտել՝ բնականաբար, ԼՂՀ իշխանությունների օժանդակությամբ: Այնպես որ, թաքցնելու կամ համանախագահներին ապակողմնորոշելու բան ղարաբաղյան կողմը չունի:
– Բայց ասվում է, որ ի տարբերություն 2005-ի, այս անգամ առաքելության մանդատն է այլ եւ ավելի ընդգրկուն:
– Չնեղանաք եթե ասեմ, որ այդ տեղեկությունները մի քիչ հին են: Այս պահին, իմ ունեցած տվյալներով, համանախագահներին որեւէ կառույց չի միանալու, տարածաշրջան չեն այցելի ՄԱԿ-ի զարգացման գործակալության փորձագետները: Համանախագահները Բաքվում հստակ հայտարարեցին, որ Բաքվի իշխանության կամ ԼՂ, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները մուտք չեն ունենա այդ տարածքներ: Այնպես որ, որեւէ արտառոց բան այստեղ ես չեմ տեսնում: Ավելին, հակված եմ ասելու, որ դա երկու նորանշանակ համանախագահների ճանաչողական առաքելություն է, իհարկե, մի փոքր ընդլայնված գրաֆիկով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել