Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵԽԽՎ-ՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ

Հոկտեմբեր 07,2010 00:00

Ինչպես եւ հաղորդել էինք՝ ԵԽԽՎ-ում երեկ շրջանառության մեջ դրվեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախապատրաստած փաստաթուղթը, որի ներքո առաջինը ստորագրել է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Խրիստոս Պուրգուրիդեսը: «Հայաստանի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը բացասաբար է ազդում ԶԼՄ-ների բազմակարծության վրա եւ սահմանափակում տեղեկատվության ազատությունը» գրավոր հռչակագրում մասնավորապես ասված է. «Կառավարության կողմից առաջարկված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունները, որոնք ընդունվեցին Հայաստանի Ազգային ժողովի 2010 թվականի հունիսի 10-ի արտահերթ նստաշրջանում՝ միայն ընդլայնեցին հեռուստատեսային եւ ռադիոհեռարձակման նկատմամբ պետական վերահսկողությունը: Ընդդիմադիր կուսակցությունները, Վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները եւ ԵԱՀԿ-ն հստակ քննադատեցին վերոնշյալ փոփոխությունները:
Ներքոստորագրյալներս սույնով նկատի ենք առնում, որ այդ օրենքի փոփոխություններն ուղղված են խոչընդոտելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2008 թվականի որոշմանը, որով քննադատվում է Հայաստանի կառավարությունն «Ա1+» անկախ հեռուստաընկերության փակման համար, նվազեցնելու հեռուստատեսային կայանների թիվը եւ սահմանափակելու նոր հեռուստաընկերությունների եթերում հեռարձակմանը: Փոփոխությունները կհանգեցնեն սույն օրենքի հետագա չարաշահումների, այդ թվում՝ ոչ հստակ սահմանված արտոնագրման համակարգի՝ արբանյակային, բջջային եւ համացանցային հեռարձակման համար եւ այլն»: Գրավոր հռչակագրի ներքո ստորագրած ԵԽԽՎ 34 պատվիրակները նշել են. «Անընդունելի համարելով, որ ՀՀ կառավարության օրենսդրական փոփոխությունները «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում հանգեցրել են ԶԼՄ-ների ազատության կոպիտ չարաշահումների՝ պահանջում ենք, որ իշխանությունները փոփոխեն օրենքը ողջամիտ ժամկետներում՝ միջազգային չափանիշներին համապատասխան, եւ որ ընդդիմությանը թույլատրվի մասնակցել գործընթացին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել