Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազբորկաներ» չէի անելու ասուլիսի ժամանակ

Հոկտեմբեր 07,2010 00:00

\"\"Երեկ ԱԺ ամբիոնից այսպես պատասխանեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կշտամբանքներին, թե ինչու չի հակադարձել Վրաստանի ԱԳ նախարարի պնդմանը, որ չկա «Ջավախք» անվանումով տարածաշրջան:

Երեկ ԱԺ-կառավարություն հանդիպման ժամանակ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հարցին՝ ԵԱՀԿ դաշտային գնահատման առաքելության վերաբերյալ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պնդեց նախապես իր արած հայտարարությունը, թե սա եռանախագահների առաքելությունն է, եւ նրանց ուղեկցելու են ՄԱԿ-ի միայն մեկ կառույցից` Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի 1-2 փորձագետներ. «ՄԱԿ-ի որեւէ այլ կառույցից մասնակից եւ ուղեկցող չի լինելու: Այսօր մեր որոշ թերթերում հարցեր էին տրվել, թե ինչու արտգործնախարարը մի բան է հայտարարում, իսկ այնտեղ գնացել են այլ մարդիկ: Այդպիսի բան չկա»:
ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը Էդվարդ Նալբանդյանին հարցրեց. «Դուք բազմիցս հայտարարել եք, որ հայ-վրացական հարաբերություններում չկա մի այնպիսի խնդիր, որ չլուծվի բանակցությունների միջոցով։ Վերջերս ՀՀ-ում էր գտնվում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն։ Նախապես մամուլում տեղեկություն տարածվեց, որ ի թիվս այլ օրակարգային հարցերի՝ ընդգրկված են նաեւ վրացահայությանը եւ մասնավորապես՝ ջավախահայությանը հուզող խնդիրներ։ Ինչպիսի՞ խնդիրներ են քննարկվել բանակցությունների ժամանակ, եւ ի՞նչ խնդիրներ են լուծում գտել։ Որոշակիացնեմ՝ արդյոք քննարկվե՞լ է Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակի հարցը։ Արդյոք քննարկվե՞լ են հայոց լեզվի՝ Ջավախքի տարածաշրջանում պետական լեզվի կարգավիճակի հարցը։ Արդյոք քննարկվե՞լ է այս ուսումնական տարում Ջավախքի դպրոցներում հայերենի դասաժամերի կտրուկ կրճատման եւ սրա փոխարեն վրացերենի դասերի կտրուկ ավելացման խնդիրը։ Եվ ինչպե՞ս եք գնահատում Գրիգոլ Վաշաձեի այն հայտարարությունը, թե ինքը չի ճանաչում, չգիտի՝ ինչ բան է Ջավախքը եւ այդպիսի տարածաշրջան քարտեզի վրա գոյություն չունի։ Արդյոք կոռե՞կտ եք համարում այդ հայտարարությունը, թե՞ կարծում եք, որ սազական, հարիր է դիվանագետին եւ ԱԳ նախարարին»:
Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, թե քննարկել են այն բոլոր հարցերը, որոնք մտահոգում են վիրահայությանը եւ որոշ հարցերի էլ լուծումներ են տրվել. «Քննարկվել են ե՛ւ եկեղեցուն, ե՛ւ լեզվին, ե՛ւ դպրոցներին վերաբերող հարցեր։ Ինչ վերաբերում է այն տարբեր անվանումներին, որ տրվեցին Ջավախքին հայ լրագրողի եւ Վրաստանի ԱԳ արտգործնախարարի կողմից՝ տեղյակ եմ նաեւ այն կարծիքին, թե Հայաստանի ԱԳ նախարարը պետք է խառնվեր այդ հարցուպատասխանին։ Եվ անգամ հորդորողներ կային, որ ասեի, թե ինչ-որ մեկն անգրագետ է, կամ այդպիսի ինչ-որ ռազբորկաներ անեի մամլո ասուլիսի ժամանակ»: Ընդմիջենք՝ հիշեցնելու համար, որ նախօրեին ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, թե որեւէ մեկը չի կարող պարտադրել մեզ անվանել որեւէ տարածաշրջան այդ երկրի պետական լեզվով ընդունված անվանումով. «Մեր ԱԳՆ-ն, Վրաստանում մեր դեսպանատունը, նրա հայ գործընկերը չէի՞ն կարող այդ պարզ պարզաբանումը տալ»: Սակայն պրն Նալբանդյանը նշեց. «Չեմ կարծում, որ դա արտգործնախարարին հարիր ոճ է։ Բանակցությունների ժամանակ Վրաստանի արտգործնախարարը խոսք տվեց, որ ժամերի ընթացքում կլուծվի, օրինակի համար, Լարսի անցակետի բացման հարցը, եւ դա արվեց։ Կարծում եմ՝ սրա՛ նման լուծումներ են պետք»:
ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանն էլ խնդրեց արձագանքել հայ մոլորված հովիվ Մանվել Սարիբեկյանի սպանությանը, որին ադրբեջանցիները նախապես հռչակել էին Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստված ահաբեկիչ: ԱԳ նախարարն ասաց. «Երիտասարդ հովվի առեւանգումը, բռնության միջոցով ստիպելը, որ հեռուստատեսությամբ ակնհայտ անհեթեթություններ ասի, եւ հետո սպանելը՝ զարհուրելի է ոչ միայն իր էությամբ, այլ նաեւ ցինիզմի այն աստիճանով, ինչպես դա մատուցվեց հանրությանը: Սա հայտնի ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ է՝ սկզբից պատանդին նվաստացնել տեսախցիկի առջեւ, ապա սպանել: Քնած մարդկանց կացնահարողներին, գերիներին սպանողներին, մշակութային ժառանգությունը շարունակաբար ոչնչացնողներին հրահրողները եւ հերոսացնողները փորձում են միջազգային տարբեր՝ նաեւ ՄԱԿ-ի ամբիոններից խոսել հումանիտար իրավունքից: Միգուցե հումանիտար բառն իրենց համար այլ նշանակություն ունի»: Հավելենք, որ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ պրն Նալբանդյանն իր վրդովմունքն է հայտնել հայ հովվի սպանության կապակցությամբ՝ ընդգծելով, որ շուրջ 25 օր անգամ Կարմիր խաչի ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել հանդիպել նրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել