Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՌՈՒՍՏԱՈԼՈՐՏՆ ԱՌԱՎԵԼ Է ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅՆԱՑՎՈՒՄ

Հոկտեմբեր 07,2010 00:00

\"\"Արձանագրում է «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը

– Թեեւ միջազգային կառույցները մշտապես են արձանագրել, որ հայկական հեռուստաեթերը իշխանության վերահսկողության ներքո է՝ վերջին շրջանում վկայություններ կան, թե այս ոլորտում առավել կենտրոնացման միտումներ են արձանագրվում, եւ բաժնետերերի փոփոխությամբ կամ այլ եղանակներով որոշ հեռուստաընկերություններ հայտնվել են նախագահական նստավայրի գործիչների անմիջական ենթակայության ներքո: Ի՞նչ հանգամանքներով եք պայմանավորում առավել խիստ վերահսկողություն սահմանելու այս ձգտումը:
– 2012-2013 թվականները, երբ կկայանան խորհրդարանական եւ նախագահի ընտրությունները՝ որոշիչ են լինելու Հայաստանի պատմության մեջ: Եվ քանի որ դրվածքն այդպիսին է մեր երկրում, որ էլեկտրոնային լրատվամիջոցները պետք է ենթակա լինեն իշխանության որոշումներին ու ռազմավարությանը՝ այսօրվանից են արդեն նախապատրաստում հեռուստաոլորտի մենաշնորհայնացման հարթ ու «ասֆալտապատ» ճանապարհը: Խաղադաշտում գնդակն այսօր մի մարդու մոտ է, որը ստանձնել է պարտավորություն՝ վերահսկել ամբողջ ռադիոհեռուստատեսային լրատվական դաշտը (Մեսրոպ Մովսեսյանը նախընտրեց այս անգամ անուն չնշել.- Ա. Ի.):
Համարյա բոլոր գործող հեռուստաընկերություններն իրենց վրա թերեւս զգացել են ներխուժման այդ ճնշումը: Եվ այժմ արդեն, համարելով, թե Երեւանում հեռուստաոլորտն այլեւս իրենցն է՝ անցել են մարզերին: Մարզային բոլոր հեռուստակայաններում տիրում է խուճապ, քանի որ այդ դաշտում հայտնվել է նոր խաղացող: Անխտիր բոլոր մարզային հեռուստակայաններին արվել են առաջարկներ, եւ մի քանիսն արդեն վաճառվել են:
– Արդյոք նրանք հրապարակավ կհաստատե՞ն Ձեր այս պնդումը:
– Ո՛չ: Նրանք այս մասին չեն խոսի մինչեւ 2013 թվականը: Ի վերջո, ընտրության հարց կա. ինչպես որոշված է՝ թվայնացման հետեւանքով 2015 թվականից մարզերում մնալու է միայն մեկ տեղական հեռուստաալիք: Իսկ մինչ այդ՝ այսօր արդեն մեծ քանակությամբ գնում են այդ հեռուստաընկերությունների բաժնետոմսերը՝ ողջ Հայաստանով մեկ: Այս լուրերն անհիմն չեն: Եվ դրանք են մեր մտահոգության հիմքը, թե հեռուստաոլորտը մենաշնորհայնացվում է:
«Ա1+»-ի խնդիրը՝ այս պայմաններում մրցույթի մասնակցելու առումով, բավական բարդանում ու լրջանում է, քանի որ այս ոլորտում պտտվելու են մեծ գումարներ՝ ոչ հեռուստաընկերությունների սեփական գումարները: Եվ այդ ֆինանսական միջոցներով նրանք ներկայանալու են մրցույթներին:
– Իսկ ինչպե՞ս կարելի է հակակշռել դա, եթե նկատի առնենք, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ դիմողի տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները ու հեռուստաընկերության բիզնես ծրագրի հիմնավորվածությունն այն 6 չափորոշիչներից երկուսն են, որոնք պետք է հաշվի առնվեն արտոնագրատիրոջ ընտրության ժամանակ:
– Ես կարծում եմ, որ այստեղ արդեն կարեւոր է ժողովրդի խոսքը: Ազատությունը մեզ ոչ ոք չի նվիրի: Ազատությունը պետք է նվաճել: Խոսքի ազատությունը՝ նույնպես: Ձեռքերը ծալած նստելով եւ եթերի անազատությունից բողոքելով՝ մենք կունենանք այն վիճակը, որն այսօր կա: Եթե մենք իսկապես ուզում ենք ունենալ ազատ եթեր, ուրեմն՝ պետք է ստեղծենք մե՛ր՝ իրակա՛ն հանրային հեռուստատեսություն, հեռուստադիտողի՛ հեռուստատեսությունը:
Ժողովուրդը պետք է կատարի իր ընտրությունը եւ սատարի այն ընկերությանը, որը համարում է, թե անհրաժեշտ է, որպեսզի տեղ գտնի այս ասպարեզում: Ես նկատի ունեմ ե՛ւ «Ա1+»-ին, ե՛ւ այլ ընկերությունների, որոնք հոկտեմբերի 20-ին հայտեր են ներկայացնելու այս մրցույթներում: Ձեւերը մտածելու հարց է, թե ինչպես պետք է ժողովուրդը սատարի այդ ընկերություններին:
Բայց կարեւորն ինձ համար ոչ թե գումարի մեծությունն է, այլ շահագրգիռ անձանց քանակը, մարդկանց, որոնք կսատարեն: Ես չեմ ցանկանում, որ մենք ունենանք 2-3 հովանավորներ: Մինչ այսօր արդեն 4 հոգի առաջարկել են բավական մեծ գումարներ: Սակայն «Ա1+»-ի համար նախընտրելի է ոչ թե մի քանի հոգու, այլ ժողովրդի՛ աջակցությունը:
– Ի դեպ, քանի որ միջազգային, մասնավորապես՝ եվրոպական կառույցները չեն դադարում պահանջել, որ վերականգնվեն «Ա1+»-ի խախտված իրավունքները՝ իշխանության ներկայացուցիչները նոր փաստարկ են դրել շրջանառության մեջ, թե «Ա1+»-ն այս տարիների ընթացքում առանց խոչընդոտների գործել է՝ ունի իր կայքէջը, իսկ սեպտեմբերից արդեն իրականացնում է համացանցային հեռարձակում: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստարկը:
– Սա ամենահիմար միտքն է, որը կարող էր ծագել նրանց ուղեղներում:
Համացանցային հեռարձակման միջոցով «Ա1+»-ն անցկացնում է իր ուժերի փորձարկում: Մենք շատ լրջորեն եւ ակտիվորեն ենք նախապատրաստվում մրցույթին: Քանի որ «Ա1+»-ի մասնագիտական անձնակազմը մշտապես թարմացվում է եւ երիտասարդացվում՝ մենք այս հեռարձակման միջոցով, կարելի է ասել, նաեւ լրատվական թողարկումների ուսուցում ենք իրականացնում, սրբագրում մեր սխալները եւ այլն: Եվ կարծում եմ, որ հաջողությամբ ենք անում այս ամենը, քանի որ արդեն ձեւավորվել է մեր լսարանը, որը դիտում է մեզ, գրում մեզ, իր առաջարկներն անում: Այս ամենը հաշվի ենք առնում եւ նախապատրաստվում մեր հիմնական գործին՝ այն է, հեռարձակման արտոնագրման մրցույթին մասնակցությանը:
Եթե ոմանք համարում են, թե «Ա1+»-ը պետք է սահմանափակվի միայն համացանցային գործունեությամբ՝ խորապես սխալվում են: Կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հստակ որոշումը՝ հեռուստաեթերում «Ա1+»-ի խախտված իրավունքները վերականգնելու մասին: Եվ թող իրենց հիմարիկների տեղ չդնեն ու իրենց չպահեն Ձյունանուշիկի պես, որը կարող է շատ հեշտորեն հալչել արեւի ներքո: Իսկ մենք կփորձենք հնարավորինս արագ նրանց դուրս բերել արեւերես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել