Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն «ՊԱՐԾԵՆԱԼՈւ» ՏԵՂ ԿՈՒՆԵՆԱ

Հոկտեմբեր 07,2010 00:00

\"\"Իսկ ազատագրված տարածքների բնակիչները ԵԱՀԿ «առաքյալներին» բաց նամակ կփոխանցեն

Արդյոք տեղի բնակիչները ինչ-որ կերպ իրենց զայրույթը կարտահայտե՞ն, կփորձե՞ն իրենց ասելիքը երես առ երես փոխանցել Փաստահավաք խմբի անդամներին՝ «Առավոտի» հարցին պատասխանելով՝ Քարվաճառի բնակիչ, «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Ալեքսանդր Քանանյանն ասաց, որ 2005-ի հունվարին առաջին փաստահավաք առաքելության այցի ժամանակ ինքն անձամբ շփվել է եւ Բեռնար Ֆասիեի, եւ Յուրի Մերզլյակովի (այն ժամանակ ՌԴ-ն ներկայացնող համանախագահ) հետ: Որոշակիորեն հետաքրքիր զրույց է եղել եւ ինչ որ կամեցել է փոխանցել ազատագրված տարածքներում բնակվողների վճռական կամքի վերաբերյալ՝ այն ժամանակ փոխանցել է: Իսկ այսօր միայն հավելում է. «Հինգ տարի անց պարոն Ֆասիեն, ով մեկ անգամ արդեն Քարվաճառում եղել է, կարող է համոզվել, որ թեեւ ոչ մեծ թվով, այնուամենայնիվ կառուցված են նոր շինություններ, բնակչությունն ավելի է շատացել, ամրացել հողին»: Բոլոր բնակիչների մակարդակով որեւէ բան չի կազմակերպվի, որովհետեւ մարդիկ իրենց առօրյայով են զբաղված եւ չափազանց հեռու են այս կարգի միջոցառումների մասին լիարժեքորեն իրազեկված լինելուց: Մեկ-երկու բնակիչ թերեւս հայտարարությունների տեսքով ինչ-որ բաներ անեն, գուցե նաեւ մի բաց նամակ հանձնվի համանախագահներին. «Բայց ինչ-որ այլ միջոցառում կազմակերպելն Արցախում, գիտեք, բավական բարդ է, առավել եւս ազատագրված տարածքներում: Օրինակ, ես չէի կամենա մի ցույց կազմակերպել, որը պիտի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աչքի առջեւ ցրի տեղի ոստիկանությունը՝ ենթարկվելով Երեւանի այլանդակ հրամանին»:
«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ազատագրված տարածքներում ԵԱՀԿ փաստահավաք առաքելությանն ընդհանրապես, Ալեքսանդր Քանանյանն ասում է. «ԵԱՀԿ փաստահավաք խմբի առաջին այցելությունը, որը 2005-ի հունվարին էր, մեզ ոչինչ չտվեց: Ոչինչ տալ չի կարող նաեւ երկրորդ այցելությունը: Որոշ, ոչ մեծ բաներ մեզնից տանել, իհարկե, կարող է»: Ըստ մեր զրուցակցի, այս այցով համանախագահները նախեւառաջ, ցավոք, եւս մեկ անգամ պիտի համոզվեն, որ Հայաստանի եւ, որպես հետեւանք, Արցախի իշխանությունները համապատասխան ռազմավարական քաղաքականություն չեն վարել վերաբնակեցման ուղղությամբ: Համանախագահները հերթական անգամ պիտի համոզվեն, որ շատ ընդարձակ ազատագրված տարածքներ դարձյալ շատ նոսր են բնակեցված կամ առհասարակ բնակեցված չեն՝ բացառությամբ բավական նուրբ գոտիների: «Իհարկե, Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչների, Սերժ Սարգսյանի եւ նրանց նմանների համար դա, թերեւս, «պարծենալու» առարկա է: Բայց Հայաստանի ազգային անվտանգության եւ մեր ազգային շահերի տեսանկյունից դա գերողբալի երեւույթ է, որի ողջ պատասխանատվությունը դարձյալ մնում է հիշատակված անձանց եւ բոլոր այն մարդկանց վրա, ովքեր այս կամ այն կերպ տարել են նման քաղաքական ուղեգիծ»,- հայտարարեց Ալեքսանդր Քանանյանը: Նա բացասաբար է վերաբերվում Փաստահավաք խմբի առաքելությանը, բայց ոչ այնքան առարկայական տեսանկյունից, որքան զգացմունքային եւ ազգային արժանապատվության. «Բոլոր ազատագրված տարածքները Հայաստանի եւ Արցախի սեփականությունն են, եղել են եւ կմնան: Այդ մարդիկ կարող են, թերեւս, որպես հյուր այցելել տարածքի բնակիչներին, բայց նրանց հանդգնությունը՝ ստուգելու, որոշակի կարծիքներ հայտնելու, զննելու իրավիճակը, բոլորովին էլ հյուրին հարիր կեցվածք չէ, հետեւաբար, ես, որպես բնակիչ, իրենց բոլորովին էլ չէի ցանկանա տեսնել»: Պարոն Քանանյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ ԱԺ-ում Արցախի ճանաչման օրինագծի վերաբերյալ նախորդ օրվա քննարկումներին եւ քվեարկության հետաձգմանը: «Ես սկզբունքորեն դեմ եմ ԼՂՀ անկախության ճանաչմանը: ԼՂՀ կոչվածը ՀՀ-ի անբաժանելի մասն է: 1991-ին ԼՂ-ն ապօրինաբար, Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ պատասխանատվությունից փախչելու վախերը սպասարկելու համար, անջատվել է Հայաստանից՝ այսպիսով խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ 1989-ի վերամիավորման, երբեւէ չվերանայված ակտից հետո: Փոխանակ այդ անիմաստ ճանաչումներով զբաղվելու, ես կձգտեի եւ վստահ եմ, որ մի օր դրան կհասնենք, որ Արցախի տարածքում կվերականգնվի ՀՀ-ի ինքնիշխանությունը, կվերականգնվի արցախահայության ոտնահարված իրավունքներից մեկը՝ համապետական ընտրությունների միջոցով ՀՀ իշխանությունների ձեւավորմանը մասնակցելը: Իսկ Արցախի տարածքում կձեւավորվի 3-5 ՀՀ մարզ»,- եղավ պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել