Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ

Հոկտեմբեր 06,2010 00:00

\"\"Կյանքում երբեմն անհրաժեշտություն է առաջանում որեւէ անձնավորության բնութագրել, եւ խառնվածքը դիտվում է որպես անձնավորությանը բնութագրող հոգեբանական առանձնահատկություններից մեկը: Կան խառնվածքի չորս տիպեր: Միաժամանակ պետք է նշել, որ բարձրագույն նյարդային գործունեության չորս տիպերը մարդու մեջ մաքուր ձեւով շատ հազվադեպ են հանդիպում:
«Այո» պատասխանի դեպքում գրանցեք 1, իսկ «ոչ» պատասխանի դեպքում՝ 0 միավոր:
1. Սիրո՞ւմ եք հյուր գնալ:
2. Հեշտությա՞մբ եք փողոցում դիմում բոլորովին անծանոթ մարդու:
3. Սիրո՞ւմ եք արագ կողմնորոշում պահանջող աշխատանք:
4. Սիրո՞ւմ եք անեկդոտներ պատմել:
5. Երբեւէ խաղ խաղացե՞լ եք ձեր ծանոթների գլխին:
Հաշվեք ձեր «այո» պատասխաններն ու գրի առեք միջին արդյունքը.
0-2 անգամ «այո» պատասխանի դեպքում ձեր տիպը M-ն է:
3-5 անգամ «այո» պատասխանելու դեպքում ձեր տիպը N-ն է:
Այժմ պատասխանեք մյուս հարցերին.
1. Տրամադրության հանկարծակի անկումներ ունենո՞ւմ եք:
2. Հաճա՞խ եք ստիպված լինում զղջալ ձեր չմտածված խոսքերի կամ արարքի համար:
3. Հե՞շտ է ձեզ նեղացնելը:
4. Անհանգստանո՞ւմ եք ձեր առողջության համար:
5. Ձեզ հուզո՞ւմ է շրջապատի կարծիքը:
Հաշվեք ձեր «այո» պատասխաններն ու կրկին գրի առեք միջին արդյունքը.
0-2 անգամ «այո» պատասխանելու դեպքում ձեր տիպը O-ն է:
3-5 անգամ «այո» պատասխանելու դեպքում ձեր տիպը P-ն է:
Իսկ այժմ միացրեք երկու արդյունքները.
MO – Դուք ֆլեգմատիկ եք:
MP – Դուք մելանխոլիկ եք:
NO – Դուք սանգվինիկ եք:
NP – Դուք խոլերիկ եք:
Ֆլեգմատիկներ. ֆլեգմատիկներն իդեալական ընտանիք ստեղծողներ են: Կանայք լիովին նվիրվում են իրենց ամուսնուն եւ երեխաներին: Տղամարդիկ իրենց աշխատավարձը տալիս են կնոջը, իսկ էկզոտիկ երկրում հանգստանալու փոխարեն նախընտրում են վերանորոգել լոգարանը: Ֆլեգմատիկներն ամենահանգիստ եւ հավասարակշռված մարդիկ են, եւ նրանց հունից հանելն ուղղակի անհնար է:
Մելանխոլիկներ. մելանխոլիկները զգայուն են եւ փխրուն: Ցանկացած մանրուք սրտին մոտ են ընդունում: Նրանց բնորոշ են ներքին խոր ապրումները: Եթե սիրահարվում են, իրենց սիրո առարկայի համար սիրային նամակների, բանաստեղծությունների եւ ծաղիկների հեղեղ են ստեղծում, խոստանում են նվիրել արեւը կամ լուսինը:
Սանգվինիկներ. սանգվինիկներն ուղղակի էներգիայի կծիկ են, այսպես ասած՝ հավերժական շարժիչ, որը լիցքավորման կարիք չունի: Ի դեպ՝ այդ էներգիան միշտ դրական է. չէ՞ որ սանգվինիկները կենսուրախ են եւ բարեհոգի: Նրանք ցանկացած ընկերախմբի ամենացանկալի անդամն են, քանի որ օժտված են հումորի զգացումով, կարողանում են սրամտել, ստեղծել տոնական մթնոլորտ: Նրանց կարգախոսն է. «Կորչեն ձանձրույթն ու թախիծը»:
Խոլերիկներ. նրանք տաքարյուն են, բայց, ի տարբերություն սանգվինիկների, հակված են տրամադրության անկումների: Խոլերիկները ցանկացած նորամուծության սիրահար են: Նաեւ խոլերիկներն արագ բռնկվում, արագ էլ հանգչում են, այնպես որ, երկաթը տաք-տաք են ծեծում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել