Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՐԱ ԳԻԾՆ ԱՎԵԼԻ ԳՈՒՆԵՂ Է»

Հոկտեմբեր 06,2010 00:00

Լեւոն Լաճիկյանի հոբելյանական ցուցահանդեսը

\"\"
Ամստերդամյան ջրանցքներ:

\"\"
Վենետիկ. Հառաչանքի կամուրջը:

\"\"
Հովհ. Շիրազի թանգարանը:

\"\"Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում բացված ցուցահանդեսը նվիրված էր Լեւոն Լաճիկյանի ստեղծագործական գործունեության 30-ամյակին: Գեղագետի, մշակութային մեկնաբանի եւ արվեստաբան-լրագրողի գործունեությունը հաշվվում է մի քանի հարյուրի հասնող արվեստաբանական հոդվածներով, Երեւանում եւ Նյու Յորքում հրատարակված 5 գրքերով («Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ», «Հրաշալի այբուբենը», «Ներբող Մայրենիին» եւ այլն), իսկ վերջին շրջանում՝ նաեւ ուշագրավ գծանկարներով:
 Ցուցադրված շուրջ 5 տասնյակ աշխատանքները բաղկացած էին երեք բաժիններից՝ «Գյումրի, իմ սեր», «Հայկական աշխարհ» եւ «Աշխարհ»:
Դիտելով աշխատանքները («Բնակելի տուն Գորիսում», «Խոնարհված գմբեթներ», «Ամստերդամյան ջրանցքներ», «Վենետիկ. Հառաչանքի կամուրջը»), այն տպավորությունն ես ստանում, թե արվեստագետին հուզում են միայն աշխարհի տարբեր քաղաքների պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանները: Համաձայնելով ասվածին, Լ. Լաճիկյանն ասաց. «Հնաբույր ու պատմաշունչ կառույցները, անկախ նրանից՝ թանգարանի շենքեր են, թե պարզապես սովորական մի տուն, ինձ միշտ գրավել են: Շենքերն ինձ համար ոչ թե անշունչ կառույցներ կամ կացարաններ են, այլ միջավայր կերտող, բնավորություն ու մտածողություն կազմավորող, ճաշակ կրթող երեւույթներ: Բնականաբար, ի սկզբանե մարդն է կերտում շենքը, իսկ հետո շենքը՝ մարդուն»:
Հետաքրքրվեցինք՝ գուցե իր կյանքում դեր է խաղացել եղբա՞յրը՝ ամերիկաբնակ ճանաչված նկարիչ Սամվել Լաճիկյանը: «Մանկուց ես ու եղբայրս մեր տանն ենք «շփվել» վրձինների խրձի հետ, զգացել ներկերի հոտը… Հայրս էլ է նկարել: Իհարկե, իմ դեպքում հանդգնություն էր հարկավոր Սամվելից հետո վրձին վերցնել,- նշեց մեր զրուցակիցը ու պատմեց, որ դեռեւս 2003թ. պետք է հրատարակվեր «Խաչվող ճանապարհներ» ուղեգրությունների գիրքը՝ համապատասխան լուսանկարներով, բայց քանի որ տպագրությունը 3 տարի ձգձգվեց նյութական միջոցների բացակայության պատճառով, սկսեց գծանկարներ անել,- ավելի ուշ դրանք ցույց տվեցի մեր մեծ վարպետին՝ Հակոբ Հակոբյանին, որը ոչ միայն իր գոհունակությունը հայտնեց, այլեւ հորդորեց՝ դու պիտի շարունակես գծել…»:
Լ. Լաճիկյանի նկարների առիթով ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը մեզ փոխանցեց հետեւյալը. «Անչափ տպավորված եմ Լեւոնի գծանկարներով, դրանք տարածական զգացողությամբ, լավ կոմպոզիցիայով, նուրբ ու զգայուն աշխատանքներ են: Կարեւորում եմ այն, որ դրանք նյութի պարզ վերարտադրություն կամ միայն փաստագրություն չեն: Տարբեր շինությունների ճարտարապետական մանրամասնություններ տալով հանդերձ, Լեւոնը կարողանում է վեր բարձրանալ եւ դրսեւորել եղածի հանդեպ իր անհատական վերաբերմունքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031