Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանական շաբաթ՝ Գյումրիում

Հոկտեմբեր 06,2010 00:00

Այսուհետեւ Գերմանիայի արտգործնախարարությունը հովանավորելու է նաեւ Գյումրու Թումանյանի անվան դպրոցը

Գերմանական շաբաթը Գյումրիում սկսվեց երեկ թիվ 25 դպրոցում «Տեղական ժամանակ» խորագիրը կրող ու Բեռլինի պատի անկման մասին պատմող լուսանկարչական ցուցահանդեսի բացմամբ: Իսկ մինչեւ այդ, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնգը մանրամասնորեն ներկայացրեց միջոցառումների շարքը: Այն բաղկացած է լինելու Գերմանիայի պատմությունը պրոպագանդող ցուցահանդեսներից, քննարկումներից (օրինակ՝ Արեւտմյան ու Արեւելյան Գերմանիաներում ծնվածները ներկայացնելու են իրենց կյանքի փորձը), դասախոսություններից, համերգներից, նույնիսկ ֆուտբոլային խաղից:
Բանախոսի բնութագրմամբ, այս ամենի «գագաթնակետը» լինելու է երկու օրից Գյումրու Թումանյանի անունը կրող թիվ 3 դպրոցին, այսպես ասած, FIT կարգավիճակ շնորհելը: Այն դառնալու է Գերմանիայի ԱԳՆ-ի կողմից ֆինանսավորվող դպրոց: Այս դպրոցի աշակերտներին հնարավորություն է տրվելու ուսումը շարունակել Գերմանիայի առաջավոր բուհերում: Մինչ փոխդեսպանը մանրամասն ներկայացնում էր ծրագիրը, Գյումրու թիվ 6 դպրոցի տնօրեն Արտաշես Սարգսյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքով է ընտրվել վերոհիշյալ դպրոցը եւ առհասարակ ի՞նչ է անում դեսպանատունը գերմաներենը անգլերենի «գրոհից» փրկելու համար: «Իմ դպրոցն արդեն 30 տարվա պատմություն ունի, եւ ես զգում եմ, որ գերմաներենի ուսուցումը սկսում է մարել, գերմաներեն սովորողների թիվը օրեցօր նվազում է, քանի որ առաջնային է դարձել անգլերենը, նույնիսկ ծնողները դպրոց են գալիս ու պահանջում իրենց երեխաներին անգլերեն սովորեցնել»,-ասաց նա: Փոխդեսպանը, համաձայնելով տնօրենի դիտարկմանը, ասաց, որ դա համաշխարհային միտում է, որը առկա է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում:
Իսկ դասավանդման փորձագետ Սուզաննե Բանդաուն մեկ անգամ եւս շեշտեց, որ գերմաներենը խորացնելու ցանկություն ունեցող աշակերտներին իրենք հնարավորություն են տալիս կրթությունը շարունակել թիվ 3 ավագ դպրոցում: Այս պատասխանը չգոհացրեց Գյումրու թիվ 6 դպրոցի տնօրենին, որը կարծիք հայտնեց, թե լեզվի ուսուցումը պետք է սկսվի ոչ թե ավագ, այլ տարրական դասարաններից: «Միգուցե դուք այդ դպրոցը ընտրելուց առաջ ուսումնասիրություննե՞ր կատարեիք: Պետք է երեխաներին շահագրգռել գերմաներեն սովորելու համար, տեսե՞լ եք Գյումրու մանկավարժականում ինչ է կատարվում: Գերմաներենի բաժնի դասախոսները դռնեդուռ են ընկնում, որ երեխաներին համոզեն գան ու գերմաներեն սովորեն, անպայման պետք է շահագրգռել, սա իմ կարծիքն է»,- նեղսրտեց տնօրենը, որի դպրոցում եւս անգլերենին զուգահեռ գերմաներեն են անցնում, սակայն դեսպանատունը նրանց որպես գործընկեր չի դիտել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել