Երեւանի «Գլաձոր» համալսարանի դասախոս, Արման Նավասարդյանը իր «Դիվանագիտություն» գրքում մեկտեղել է հոգեբանությունն ու դիվանագիտությունը, վերհանել դիվանագիտության հոգեբանական ասպեկտները: Երկար տարիների դիվանագիտական փորձ ունեցող հեղինակի խոսքով՝ գիրքը գրելու շարժառիթը իր երկարամյա մտորումներն էին. «Մտածում էի՝ ինչո՞ւ դիվանագիտությունը փոխկապակցված չէ հոգեբանության հետ, այն թափանցել է գիտության, արվեստի բոլոր ճյուղեր, կա ռազմական, քաղաքական հոգեբանություն, բայց ո՛չ հայկական, ո՛չ էլ ռուսական շուկայում չեմ հանդիպել դիվանագիտական հոգեբանության, ի՞նչ է, հոգեբանությունը նեղացե՞լ է դիվանագիտությունից»: Նրա խոսքով, «Դիվանագետները գիտեն՝ եթե չկա զրույց, չկա նաեւ դիվանագիտություն: Առաջ եմ քաշել հոգեբանական էմպատիան, ավելի պարզ այս երեւույթը կանվանեի ապրումակցում, որը անհրաժեշտ է ունենալ դիվանագիտական կոնտակտների ժամանակ՝ մտնել մարդու դրության մեջ, ձուլվել նրա հետ, տեսնել քեզ՝ նրա աչքերով: Առանց էմպատիայի՝ դիվանագետները չեն կարող հաջողության հասնել»: Լիբանանում Հայաստանի դեսպան աշխատած տարիներն էլ նպաստել են, որ հեղինակը անդրադառնա այն հարցին, թե ի՞նչ է անհրաժեշտ կոլեկտիվում համերաշխություն ապահովելու համար. «Շատ կարեւոր է ատրակցիան, սա ենթագիտակցական մի երեւույթ է, որ մարդը մարդուն առաջին հայացքից կամ հավանում է կամ՝ ոչ: Եթե ատրակցիան գոյություն չունի, դեսպանատան մեջ սկսվում է իսկական դժոխք, դեսպանը լավ չէ աշխատակիցների հետ, աշխատակիցները՝ մյուս աշխատակիցների հետ եւ այսպես շարունակ»: Պարոն Նավասարդյանը գրքում կարեւորել է դիվանագետ դառնալու պատճառներն ու միջոցները եւ կադրերի պատրաստման եղանակները:
Մեզ հետ զրույցում նա նկատեց. «Հայաստանում դիվանագետների կադրային խնդիր կա ու ժամանակ է հարկավոր, որ երկիրը համապատասխան դասավանդող կադրեր ունենա: Իմ կարծիքով, հատկապես կարեւոր է միջազգային իրավունքի, միջազգային տնտեսագիտության ու միջազգային ժուռնալիստիկայի մասնագետներ ունենալ, սակայն Հայաստանում, ընդհանրապես, սխալ են ընկալում միջազգայն հարաբերությունների ֆակուլտետը: Մեծ արատ է, երբ միջազգային հարաբերություններ ասելով, չգիտես ինչու, հասկանում են միայն պատմություն, մինչդեռ այն ունի կոնկրետ ճյուղավորումներ»: Ա. Նավասարդյանի գրքում տեղ են գտել նաեւ «դրսի» թերթերում հեղինակի տարբեր տարիներին տպագրված հոդվածներն ու տպավորությունները, արտերկրից ստացած նամակները: «Կարծում եմ, հայկական իրականության համար գրքի մեջ կարեւոր ու արդիական է հատկապես մի թեմա՝ լոյալությունը, այսինքն՝ նվիրվածությունն ու հավատարմությունը քո գործին ու երկրին: Ցավոք, ամեն քայլափոխի հանդիպում ենք դրա բացակայությանը: Պետք է հիշենք՝ եթե հավատարիմ չես քո երկրի նախարարին ու նախագահին, հավատարիմ չես երկրիդ»,- համոզված է դիվանագետը: