«Թուրքական» վերջին դեպքերը՝ ըստ Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի
Ըստ Արշակ սրբազանի, Անիի մայր տաճարում կայացած
նամազը հոգեւոր ապրումի հետ կապ չունի:
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի երեկվա ասուլիսը «Հայելի» ակումբում բազմամարդ էր: Պատճառներից մեկը այն էր, որ լրագրողներն ուզում էին հոկտեմբերի 1-ին Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից Անիի Մայր տաճարում կազմակերպված նամազի մասին մեկնաբանություն լսել:
Հիշեցնենք, որ հաջորդ օրն իսկ Մայր աթոռը դատապարտել էր ազգայնականների քայլը՝ որակելով քաղաքական սադրանք, որը կապ չունի հոգեւոր-բարեպաշտական զգացումների ու կրոնական ազատության հետ:
Սրբազանի ձեւակերպմամբ, Թուրքիան Եվրոպայի աչքին ժողովրդավար, ազգային փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերող երկիր ներկայանալով հանդերձ, փորձել է իր ներքին օգտագործման համար շրջանառության մեջ դնել իսլամիստական միտումները, ինչպիսի արտահայտություն է նաեւ Անիի նամազը: «Չեմ կարծում, թե դա ընդամենը նամազի արարողություն էր, որովհետեւ հոգեւոր բարեպաշտական որեւէ արարողություն ուղղված է զուտ երկնային ոլորտներ, մինչդեռ սա քաղաքական ակցենտ էր պարունակում»,-ասում է Արշակ սրբազանը, հավելելով, որ իրականում իսլամիստները խուսափում են քրիստոնեական եկեղեցում կամ այլակրոն պաշտամունքային վայրերում պաշտամունք իրականացնելուց: «Դա ընդամենը մի պարզ ուղերձ էր՝ մեր ժողովրդին, քրիստոնեական եւ իսլամական պաշտամունքային վայրերն ու մշակութային կոթողները պատկանում են Թուրքիային: Դա իրավատերերի հետքերը ջնջելու մի փորձ էր, կրոնական զգացումները քաղաքական նպատակներով շահարկելու դատապարտելի փորձ»,- փաստում է բանախոսը: Բայց եթե թուրքերը մզկիթներում աղոթելուց հետո համոզվել են, որ Աստծուն խոսքը հասցնելու լավագույն հնարավորությունը քրիստոնեական տաճարում նամազ անելն է, հոգ չէ՝ կես կատակ-կես լուրջ ասում է նա:
Լրագրողի խնդրանքով անդրադառնալով Պոլսո պատրիարքարանի եւ Մայր աթոռի հարաբերություններին, հոգեւորականն ասաց, որ դրանք միշտ էլ «մշակված հարաբերությունների ընդհանուր կոնտեքստից ներս, այսինքն՝ ջերմ եւ եղբայրական են եղել», ուղղակի պետք է անընդհատ հիշել Պոլսո պատրիարքարանի գործելու միջավայրը՝ Թուրքիան: Ըստ նրա, դա մի երկիր է, որտեղ առայսօր չկա ազգային փոքրամասնություններին եւ կրոնական կազմակերպություններին վերաբերող օրենք, չեն իրագործվում նույնիսկ ժամանակին Լոզանի դաշնագրով նախատեսված դրույթները: Այսօր իսլամական կրոնը Թուրքիայում վայելում է պետական հովանավորություն, համապատասխան կառույցը զբաղվում է իսլամական կրոնի քարոզչությամբ, պետական բյուջեից աշխատավարձ ստացող իմամների հնչեցրած քարոզներն անգամ գրաքննության են ենթարկվում:
Մայր աթոռի դիվանապետը Անիի Մայր տաճարում անցկացրած նամազի արարողությունը եւ վերջերս Ղուրանի այրման դեպքը ծայրահեղ դրսեւորումներ է որակում՝ քրիստոնեություն-իսլամ շրջագծի մեջ. «Երկուսն էլ որեւէ առնչություն չունեն կրոնական մաքուր ապրումի հետ: Վերջինս միարժեքորեն ենթադրում է բացարձակ հարգանք կրոնական կամ մշակութային այլ միջավայրի, այլ դավանանք ունեցողների սրբությունների նկատմամբ»:
Անիի կործանումից հետո Մայր տաճարը մեկ էլ 1064 թվականից հետո է 60 տարի որպես մզկիթ ծառայել, այնուհետեւ վրաց Դավիթ թագավորը Անին գրավել է, տաճարն էլ որպես եկեղեցի է գործել շուրջ 300 տարի:
Արշակ եպիսկոպոսի փաստմամբ, հայկական եկեղեցիները խնդիր ունեն նաեւ հարեւան Վրաստանում, այստեղ եւս կրոնական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենք գոյություն չունի, վրացիներն էլ առաջարկում են, որ հայկական եկեղեցին իր գործունեությունն իրականացնի հասարակական կազմակերպությունների «ռեժիմով»:
Ինչ վերաբերում է Կովկասի մուսուլմանների առաջնորդի խնդրանքով Կիրիլ պատրիարքի՝ ամենայն հայոց վեհափառին դիմելուն, որպեսզի նա իշխանություններին միջնորդի վերադարձնել ադրբեջանցի դիվերսանտի դին, Արշակ սրբազանի խոսքով. «Կիրիլ պատրիարքին ծանուցվել էր, որ հայկական կողմից մշտապես բարյացակամություն է դրսեւորվում եւ հանդուրժողականություն, մինչդեռ ադրբեջանական կողմը ոչ մի ձեւով բարի կամք չի դրսեւորում, դրա ցցուն արտահայտությունն այն է, որ 5-6 հայորդու կյանք խլած դիվերսանտին շնորհվել է հերոսի կոչում»: