Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ

Հոկտեմբեր 06,2010 00:00

\"\"Գնալով ավելի շատ երկրներ են իրենց քաղաքացիներին զգուշացնում Եվրոպայում ահաբեկչական հարձակումների մասին: BBC-ի մատուցմամբ, երեքշաբթի օրը նման նախազգուշացմամբ հանդես են եկել նաեւ Շվեդիան ու Ճապոնիան: Հիշեցնենք, որ ավելի վաղ իրենց քաղաքացիներին ուղղված զգուշացում արել էին Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն: Վերջինս Միացյալ Նահանգների քաղաքացիներին առաջարկել էր եվրոպական երկրներ այցելելիս զգույշ ու շրջահայաց լինել: Համարվում է, որ ահաբեկիչների հնարավոր թիրախները եվրոպական երկրների հինգ խոշոր օդակայաններն են: Հարձակումները ծրագրվում են իրականացնել «հատուկջոկատային ոճով»՝ թեթեւ հրաձգային զենքով զինված, ոչ մեծ, բայց հստակ գործող խմբերի կողմից: Հարձակման ենթադրյալ սցենարներից մեկը 1985թ.-ին Հռոմի եւ Վիեննայի օդակայաններում պաղեստինցի ծայրահեղականների կողմից իրականացված ահաբեկչությունն է: Այն ժամանակ ծայրահեղականները նռնակներ էին նետել օդակայանի տարածքում եւ գնդակահարել էին տոմսարկղերի մոտ կանգնած մարդկանց: Արդյունքում զոհվել էր 19 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել էր 140 հոգի:
ԱՄՆ հետախուզության դաշնային բյուրոն եւ Պետդեպը ավելի վաղ տեղեկություն էին տարածել այն մասին, թե հարձակման թիրախ կարող են դառնալ նաեւ եվրոպական մայրաքաղաքների տեսարժան վայրերը, որտեղ շատ զբոսաշրջիկներ են այցելում, օրինակ՝ Էյֆելյան աշտարակը՝ Փարիզում, եւ Կոլիզեյը՝ Հռոմում: Այդ առնչությամբ Ֆրանսիայում եւ Իտալիայում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել էին եւ ահաբեկչության սպառնալիքի մակարդակը հասել էր նախավերջին աստիճանին՝ «կարմիր» շեմին: Անցած շաբաթ եվրոպական երկրների ու Պակիստանի հատուկ ծառայությունների համատեղ ջանքերով կանխվել էին Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում ահաբեկիչների թշնամական հարձակումները:
Եվրոպայում ահաբեկիչների հարձակումները կանխվել էր Աֆղանստանում գերմանական անձնագրեր ունեցող «ջիհադականների» կալանավորման շնորհիվ: Հատուկ ծառայությունների տվյալներով, «Ալ-Քաիդան» Պակիստանի տարածքում գործող ճամբարներում պատրաստել է արեւմտյան երկրների քաղաքացիություն ունեցող ու չճշտված թվով մահմեդական ծայրահեղականների, որոնք հեշտացված կարգով կարող էին գործուղվել եվրոպական երկրներ: Ըստ որոշ տեղեկությունների, հարձակման ծրագրի իրականացմամբ պետք է զբաղվեին Գերմանիայի ութ քաղաքացիներ եւ բրիտանացի երկու եղբայրներ, որոնք թաքնվել էին Պակիստանի տարածքում: Մեծ Բրիտանիայի այս երկու հպատակներից մեկը, իբր, վերջերս ոչնչացվել է Կենտրոնական հետախուզական վարչության անօդաչու ինքնաթիռի հարվածի արդյունքում:
Երկուշաբթի օրը նմանատիպ հարվածով Պակիստանում սպանվել են Գերմանիայի ութ քաղաքացիներ, որոնք ներգրավված են եղել «Ալ-Քաիդայի» հետ առնչություններ ունեցող մահմեդական ջիհադի խմբավորման մեջ եւ ներառված են եղել ՄԱԿ-ի ահաբեկիչների «սեւ ցուցակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել