Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լուրջ դպրոց, զրո գումարներ

Հոկտեմբեր 06,2010 00:00

\"\"Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը այսպես է գնահատում ոլորտի վիճակը Հայաստանում:

Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 2-ը Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցը, որին այս տարի մասնակցում էր 19 երկրի՝ Իսպանիայի, Լեհաստանի, Չեխիայի եւ մի շարք այլ եվրոպական, մերձբալթյան երկրների 32 ներկայացուցիչ: Հայաստանից ընդգրկված էր 18 մասնակից՝ այդ թվում նաեւ մագիստրոսներ եւ բակալավրիատի ուսանողներ: Դպրոցը, որն անցկացվում էր աշխարհի ամենահեղինակավոր աստղագիտական կենտրոնի՝ Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) հովանու ներքո, Հայաստանում կազմակերպվում էր առաջին անգամ: Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց դպրոցի կազմկոմիտեի նախագահ, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, դպրոցի շրջանակում Հայաստանում է եղել ՄԱՄ-ի նախագահ Ռոբերտ Ուիլյամսը՝ ԱՄՆ-ից: Պարոն Միքայելյանը նշեց, որ 3 շաբաթվա ընթացքում հայ ուսանողները ստացան մեկ տարվա իրենց դասընթացներին համարժեք գիտելիքներ: Նրա փոխանցմամբ, կազմակերպվել են ցերեկային դիտումներ՝ ուսանողները օն-լայն ռեժիմով հեռահար դիտումներ են կատարել Հավայան կղզիներում գտնվող դիտակների միջոցով, որտեղ այդ ժամանակ գիշեր է եղել: Նա նաեւ հնարավոր համարեց 2014 թվականի ՄԱՄ-ի հերթական՝ 36-րդ դպրոցի անցկացումը Հայաստանում, հարցը դիտարկել են նաեւ ՄԱՄ-ի ներկայացուցիչները: Դպրոցի կազմկոմիտեի նախագահի խոսքով՝ դպրոցը կարող է մեծ նշանակություն ունենալ Հայաստանը տարածաշրջանային կենտրոն դարձնելու առումով: Նման հայտ ՄԱՄ-ին արդեն ներկայացրել է 8 երկիր՝ այդ թվում Իրանը, Եգիպտոսը, Միացյալ Էմիրությունները: Կենտրոն դարձնելու վերջնական որոշումը պետք է կայացվի առաջիկա ամիսներին՝ ՄԱՄ-ի գործադիր կոմիտեի նիստում: Ա. Միքայելյանի խոսքով, շանսերը 2 հանգամանքով են պայմանավորված: Հաշվի է առնվում նախ հայտը ներկայացնող կազմակերպության աստղագիտական արժեքը, որով, ըստ բանախոսի, Հայաստանի հնարավորությունները մեծ են, սակայն կա նաեւ մեկ այլ հանգամանք: «ՄԱՄ-ը շահագրգռված է, որ հայտը ներկայացնող երկիրն ինքն էլ ներդրումներ անի, որովհետեւ ծրագիրն իրականացնելու համար լուրջ գումար է հարկավոր, նրանք տարեկան տրամադրելու են 50 հազար ԱՄՆ դոլար՝ հիմնականում ծրագրային միջոցառումների համար»,- ասաց Ա. Միքայելյանը: Նա հավանական է համարում կենտրոնի դերը Միացյալ Արաբական Էմիրություններին տալը. Ա. Միքայելյանի հավաստմամբ՝ մի երկրի, որտեղ աստղագիտությունը զրոյի վրա է, բայց պետությունը մեծ գումարներ է ծախսում ոլորտը զարգացնելու համար: Ինչ վերաբերում է մեր երկրին, պարոն Միքայելյանը գտնում է, որ Հայաստանի խաղաքարտը լավ աստղագիտական դպրոց ունենալն է: Նա համոզված է, որ մեր երկիրը այս ոլորտում համաշխարհային կտրվածքով առաջին 20 երկրների շարքում է:
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ դիրքեր ունի այս ոլորտը հարեւան երկրներում: Նրա խոսքով՝ հարեւան Ադրբեջանը թույլ է աստղագիտությունից, Վրաստանը եւս այսօր «խեղճ» է, իսկ Թուրքիան լուրջ գումարներ է ներդնում իր երկրում աստղագիտությունը զարգացնելու համար, վերջերս էլ սկսել է կառուցել Ազգային աստղադիտարան: «Առավոտի» հարցին, մեր երկրում կա՞ աստղագիտությունը զարգացնելու քաղաքականություն, բանախոսը պատասխանում է. «Պետական քաղաքականություն, որպես համակարգ՝ չկա, կան միայն բարի մտադրություններ»: Անդրադառնալով Հայկական աստղագիտական ընկերության գործունեությանը, համանախագահը նշեց, որ ընկերությունը հոկտեմբերի 28-29-ը կազմակերպելու է Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված պատմաաստղագիտական գիտաժողով, որը տեղի կունենա Բյուրականի աստղադիտարանում: «Շիրակացու 1400-ամյակն անուշադրության է մատնված: Նույնիսկ մշակույթի նախարարության ինտերնետային կայքի առաջին էջում մի շարք ամյակներ են թվարկված, իսկ Շիրակացու անունը բացակայում է»,- ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել