Արդյունքում չեն պահպանվում դասագրքերի համար նախատեսված սանիտարահիգիենիկ նորմերը
ՀՀ դասագրքերի բովանդակային խնդիրների մասին շատ է խոսվում: Սակայն հաճախ երկրորդ պլան է մղվում այն հարցը, թե որքանով են դրանք համապատասխանում սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին: 2010-2011 ուստարվա դասագրքերի մրցույթի հայտերի գնահատման հանձնաժողովում ներգրավվելուն պես՝ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը բարձրացրել է այն հարցը՝ արդյո՞ք գոյություն ունեն դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ սանիտարական նորմերի պահանջներ, ո՞ր մարմնի կողմից է իրականացվում այդ փորձաքննությունը: Պարզվել է՝ կան որոշ բացթողումներ: «Առավոտի» հետ զրույցում տիկին Բախշյանը նշեց, որ ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյանն ասել է՝ իրենք կարող են կազմակերպել այդ գործը, եթե լինի կառավարության համապատասխան որոշումը: ՀՀ առողջապահության նախարարին նամակ հղելով՝ Ա. Բախշյանը պարզել է, որ գոյություն ունի նախարարի 2007թ. փետրվարի 6-ի հրամանով հաստատված «Հանրակրթական դպրոցի եւ նախամասնագիտական հաստատության դասագրքերի տպագրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ»՝ սանիտարական կանոններ եւ նորմեր պարունակող փաստաթուղթ: Դրա 5.1.1 կետի համաձայն՝ «Հրատարակիչը պարտավոր է դասագրքի, ուսումնական ձեռնարկի, գիրք-տետրի, ուսումնական գրականության նմուշային օրինակները ներկայացնել հիգիենիկ փորձաքննության՝ դրանց տպագրությունից հետո 15 օրվա ընթացքում»: Իսկ փորձաքննությունն իրականացնում է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ն, որի գործունեության մասին հասարակությանը երբեւէ չի տեղեկացվել: Մինչդեռ նշված փաստաթուղթը կարեւոր է օգտագործելը, քանի որ այդտեղ սահմանված են դասագրքի քաշը, չափսերը եւ այլ բաղադրիչներ: Օրինակ՝ 1-4-րդ դասարանի դասագրքերը չպետք է գերազանցեն 350 գրամը, 5-6-րդինը՝ 400-ը, 7-9-րդինը՝ 500, 10-12-րդինը՝ 600 գրամը: Դասագրքերի կազմերը պիտի պատված լինեն մամլված թաղանթով, շապիկով դասագրքերը լաքապատվեն, չի թույլատրվում դասագրքի տպագրական մամուլները միացնել մետաղալարով: Սահմանված է նաեւ, թե ինչ տվյալներ պիտի ներկայացվեն դասագրքի հիգիենիկ փորձաքննության ժամանակ, տառատեսակի, ձեւավորման, գունավորման, տողային հեռավորության եւ այլ բաղկացուցիչների ներկայացվող պահանջներ: Տիկին Բախշյանը շեշտեց. «Հարց է առաջանում՝ այդ փաստաթղթով իրականացվող փորձաքննության արդյունքը ո՞ւմ է պետք: Որեւէ փաստաթղթում հղում չկա այդ փորձաքննության արդյունքները հաշվի առնելու մասին»:
Անդրադառնալով ԿԳՆ կրթական ծրագրերի իրականացման կենտրոնի կողմից մշակված «Դասագրքերի մրցույթի փաթեթին»՝ տիկին Բախշյանը փաստեց, որ այդտեղ ոչ մի խոսք չկա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված փաստաթղթի մասին. «Տեխնիկական հատկորոշիչներին վերաբերող գլուխն անդրադառնում է ընդհանրապես հրատարակվող գրքերին ներկայացվող պահանջներին, մրցույթի գնահատման հանձնաժողովի կողմից գրքերի արտադրության որակին, մասնագիտական փորձաքննություն իրականացնող խմբի առաջարկություններին: Եթե այդ օղակը առողջապահության նախարարի հրամանով հաստատված ՓԲԸ-ն է, ապա որտեղի՞ց է դա երեւում: Այսինքն՝ ունենք երկու նախարարների՝ իրարից անկախ հրամաններ»: Այս կապակցությամբ Ա. Բախշյանը նամակներ է հղել ՀՀ ԿԳ եւ առողջապահության նախարարներին: Պատգամավորը բարձրացնում է նաեւ առողջապահության նախարարի հաստատած հրամանի հետ կապված հետեւյալ հարցը. «Փաստաթղթում բացակայում է դրույթ դասագրքի օգտագործման թույլատրելի տարիների քանակի մասին: Արդյո՞ք սանիտարահիգիենիկ տեսանկյունից ուսումնասիրվել են 1, 2, 3 եւ 4 տարի օգտագործված դասագրքերը, հիմնավորվա՞ծ է օգտագործման 4 տարին»: Երկու նախարարների՝ նույն խնդրի վերաբերյալ հրամանները հակասում են իրար: Ա. Բախշյանը նկատեց. «ԿԳՆ-ի մշակած «Դասագրքերի մրցույթի փաթեթով» սահմանված է, որ մինչեւ 112 էջ ունեցող գիրքը կարվում է մետաղյա ամրակներով, իսկ առողջապահության նախարարի հաստատած փաստաթղթով արգելվում է դասագիրքը մետաղալարով կարելը: Դասագրքի մրցույթի փաթեթում նշված է, որ դասագրքի փափուկ եւ կոշտ կազմը պիտի երեսպատվի լամինատով, իսկ առողջապահության նախարարի հաստատած փաստաթղթով՝ փափուկ կազմ չի թույլատրվում: Ակնհայտ է, որ վերջին փաստաթուղթը չի գործել, այլապես այդտեղ եղած մի լուրջ վրիպակ անպայման կնկատվեր: Ըստ «Ընդհանուր հիգիենիկ պահանջների»՝ չի թույլատրվում տպագրել դասագիրք, որը ներառում է երկու տարիքային խմբի ուսումնական նյութ, որոնք հաշվարկված են ոչ ավելի, քան մեկ տարվա ուսուցման՝ առաջին դասարանի համար, երկու տարվա ուսուցման՝ 2-4-րդ դասարանի համար, 3 տարվա ուսուցման՝ 7-12-րդ դասարանների համար: Այսինքն՝ 5 եւ 6-րդ դասարանները չեն երեւում, իսկ 7-12-րդ դասարանների համար դասագրքերը 2 տարիքային խմբի համար են եւ կարող են 3 տարվա փոխարեն պարունակել 6 տարվա ուսուցման համար նախատեսված ուսումնական նյութ, որը հակասում է վերոնշյալ պահանջներին»: