Լրահոս
Օրվա լրահոսը

«Համառություն է պետք կրթաթոշակի համար»

Հոկտեմբեր 06,2010 00:00

ԿԳ նախարարի լավատեսությունը չեն կիսում ուսանողները

Ինչքան լեզու գիտես՝ այնքան մարդ ես: Այս թեւավոր խոսքը երեկ պարբերաբար կրկնվում էր կրթական տեղեկատվական տոնավաճառում: Լեզուների միջազգային օրվա առիթով ֆրանսիական համալսարանում British Council- ի նախաձեռնությամբ կազմակերպված տոնավաճառում միջազգային մի շարք կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններ ցուցադրում էին կրթական ոլորտի իրենց առաջարկները: Օրինակ՝ British Council-ը ներկայացնում էր ուսումնական տարբեր ծրագրեր: Մեզ հետ զրույցում կազմակերպության մարկետինգի ու քննական ծրագրերի ղեկավար Նաիրա Աբրահամյանը մանրամասնեց. «Ինչպես այսօր ներկա յուրաքանչյուր կազմակերպություն, մենք եւս ներկայացնում ենք մեր կազմակերպության կրթական հրատարակությունները՝ սկսած անգլերենի քննական «արտադրանքով», վերջացրած տեղեկատու կայքերի հասցեներով, որոնք կօգնեն խորացնել գիտելիքները»: Ուսանողներից բացի, տոնավաճառ էր այցելել նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, լեզուների օրը կարեւոր է, որովհետեւ հայերենը ոչ միայն ծագումնաբանական, այլեւ քաղաքական առումով է եվրոպական ընտանիքի անդամ. «Բազմաթիվ եվրոպական երկրներում հայերենի տարածման ու դասավանդման համար ստեղծված են պայմաններ: Վերջերս էլ Գերմանական կառավարության աջակցությամբ Գերմանիայի համալսարանում 3 տարվա ծրագիր է հաստատվել՝ հայագիտական կենտրոնի ֆինանսավորման համար: Մեր հասարակության մեջ պետք է լեզվաիմացությունը դառնա կենսակերպ, հաջող աշխատանքի համար ճանապարհ բացելու նախապայման: Գոնե այսօրվա ուսանող սերունդը հաջողության կհասնի այն դեպքում, երբ, բացի մայրենիից, տիրապետի առնվազն երեք լեզվի: Օտար լեզուների իմացությունը աշխատանքային առումով դարձնում է մրցունակ ու առաջնահերթությունը տրվում է միայն այդպիսի ուսանողների»:
Նախարարի լավատեսությունը չէին կիսում ուսանողները: Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Գայանե Մուսախանյանն «Առավոտի» հետ զրույցում նկատեց. «Հիմա հատկապես վերջին կուրսի ուսանողների շրջանում շատ տարածված է, ով 4-րդ կուրս է հասնում՝ մտածում է, ոնց գնա արտերկիր սովորելու, այսօրվա տոնավաճառից տեղեկատվություն ստացա՝ ինչպես ու որ ծրագրով փորձեմ բախտս արտասահմանյան համալսարաններում»: Նրա համոզմամբ, միայն հայերենի իմացությամբ հայ երիտասարդը աշխարհում կորած մարդ է. «Հաստատ՝ օտար լեզուների իմացությունը առավելություն է աշխատանք գտնելու համար նաեւ Հայաստանում, չնայած դա չի նշանակում, թե գործը թափած է, փորձում ենք, տեսնում, երբեմն նույնիսկ 100 լեզվի իմացությունը չի օգնի մեր երկրում գործ գտնելու համար, այսինքն՝ օգնում է, նայած ինչ աշխատանք ես որոնում»: Համալսարանի մեկ այլ ուսանողուհի՝ Աստղիկ Սարգսյանն էլ պատմեց, թե ինչքան ժամանակ է կրթաթոշակի պրպտումների մեջ, ցանկանում է նման հնարավորություն ստանալ՝ արտասահմանում ուսանելու համար. «Շատ դժվար է, հույսս չեմ կորցնում, փորձում եմ ու փորձում»: Չնայած, ըստ նրա. «Շատ պետք չէ լավատեսական հույսերով տարվել, ընկերներ ունեմ, որոնք արտասահմանյան բարձրագույն հաստատություններում են ուսանել, մեծ հույսերով վերադարձել Հայաստան ու ստացած կրթությունն ու դիպլոմը բարձի տակ դրած ամեն օր քնում ու արթնանում են»: Նախարարն էլ հորդորեց, չվհատվել. «100-ից ավելի կրթաթոշակ տրամադրում է միայն Ռուսաստանը, 70-ը՝ Գերմանիան, 30 կրթաթոշակ՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունը, 10 ական՝ Բուլղարիան, Եգիպտոսը, Ռումինիան եւ այլն: Անգամ անձնական նախաձեռնության դեպքում յուրաքանչյուր ուսանող, ով ունի լավ ակադեմիական առաջադիմություն, տիրապետում է համապատասխան օտար լեզվի, ունի համակարգիչ, կարող է իր համար կրթաթոշակ գտնել, պարզապես համառության եւ աշխատասիրության խնդիր է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել