Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրեք գիրքը՝ խորովածի նման

Հոկտեմբեր 06,2010 00:00

Նոր խոսք՝ մանկավարժության բնագավառում

«Վերջերս 3-րդ դասարանի աղջիկս դպրոցից տուն եկավ եւ սկսեց քթի տակ ինչ-որ երգ երգել՝ գիրքը շատ լավ բան է, վայ տույ-տույ, տույ-տույ: Հարցրի, թե ինչո՞ւ է շարունակ այդ երգը երգում, նա սկսեց պատմել: Դպրոցում ուսուցչուհին հարցրել էր աշակերտներին, թե ո՞վ է սիրում խորոված, երեխաները բոլորը ձեռք էին բարձրացրել: Ուսուցչուհին նրանց ասել էր՝ որքան շատ խորոված եք սիրում, այդքան էլ պետք է գիրք սիրեք եւ երբեմն էլ երգեք խորովածի փոխարեն՝ գիրքը շատ լավ բան է, վայ տույ-տույ: Այսպիսով, գրքի կամ որեւէ ստեղծագործության մասին խոսելիս հիշեք խորովածը եւ նույնքան սիրով էլ գրքից խոսեք»,- պատմում է 36-ամյա Մարինեն:
Իհարկե, գիրքը խորովածի հետ ասոցացնող ուսուցչուհու՝ «խորովածի ոգով» դասավանդման մեթոդը զարմացրել էր Մարինեին, ով նույնպես ժամանակին ուսուցչուհի է եղել Թալինի դպրոցներից մեկում: Դպրոցը, սակայն, որտեղ սովորում է իր աղջիկը՝ չցանկացավ նշել: «Հաջորդ օրը ստիպված եղա դպրոց գնալ եւ ուսուցչուհու հետ զրուցել՝ ասելով, որ երեխաները կյանքի ճանաչողության առաջին քայլերն են անում եւ դեռ չունեն հստակ ձեւավորված արժեքային չափանիշներ, «խորովածի» օրինակով երեխան կարող է սխալ պատկերացում կազմել գրքի եւ առհասարակ գրականության մասին»,-  ասում է Մարինեն:
Մինչդեռ հայոց լեզվի ուսուցչուհին, տեղեկանալով, որ Մարինեն նունպես ուսուցչուհի է եղել, բայց ոչ թե քաղաքի, այլ գյուղի, խորհուրդ էր տվել նախ գնալ հաց եւ պանիր ուտել (տվյալ դեպքում՝ ոչ խորոված) եւ հետո միայն իրեն խելք սովորեցնել:
«Իհարկե, մենք չենք սիրում դիտողություններ լսել, միայն՝ գովասանք: Այդ դեպքից հետո ուսուցչուհու վերաբերմունքը փոխվել է երեխայիս նկատմամբ. դարձել է կոպիտ, ավելի անտարբեր: Մի դեպք պատմեմ, որն անմիջական կապ չունի այս դեպքի հետ, բայց «խորովածային» աշխարհընկալման լավ նմուշ է: Վերջերս Մանեիս հետ գնացել էինք Խնկո-Ապոր գրադարան, գրքի փառատոն էր՝ «Դարձ առ գիրք» խորագրով: Ամեն բան շատ հիանալի էր, հավաքվել էր ընթերցասեր հասարակությունը, երեխաներին գրքեր էին բաժանում, բարձր մակարդակով էր կազմակերպված ամեն բան՝ ծաղրածուներ էին հրավիրված, ովքեր հեքիաթներ էին ընթերցում երեխաներին: Եվ հանկարծ նկատեցի կողքիս կանգնած 2 տղաների՝ մոտ 18-19 տարեկան: Եվ ինչ են ասում. «Ինչքան աչկարիկ կա ստեղ ա հավաքվել, լավ ա ներս մտանք, ահագին խնդալու ա: Ասա էսքան գրքի ցուցահանդեսի համար փող թափելու տեղը, գնայիք մի տե հաց ուտեիք»: Ես չկարողացա ինձ զսպել եւ շրջվելով նրանց կողմը՝ ասացի. «էշն ինչ գիտե՝ նուշն ինչ է»: Նրանք ոչինչ չպատասխանեցին, հեռացան»,- պատմում է Մարինեն:
Ասում են, 2012 թվականին Երեւանը հռչակվելու է գրքի մայրաքաղաք, ոչ թե «խորոված-քյաբաբի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել