Նաեւ հետազոտելու համար Հայաստանի համապատասխանությունը Եվրոպայի Խորհրդի պահանջներին
Դեռ 2001թ. հունվարից՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի պաշտոնական անդամակցությունից շատ առաջ, Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը հրապարակավ կարծիք էր հայտնում, թե Հայաստանը պատրաստ չէ անդամակցելու եվրոպական ժողովրդավարական երկրների ընտանիքին, որովհետեւ չի համապատասխանում ԵԽ անդամակցության համար պահանջվող չափանիշներին. անդամակցության պահին էլ, նրա համոզմամբ, Հայաստանում կայացած չէին ժողովրդավարական ինստիտուտները, չէին հարգվում քաղաքացիների ազատություններն ու մարդու իրավունքները: Ավելին, Մ. Դանիելյանը ԵԽ-ին կոչ էր անում Հայաստանին չընդունել այդ հեղինակավոր կառույց:
Երեկ էլ իրավապաշտպանը ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողներին կոչ է արել՝ որքան հնարավոր է շուտ այցելել Երեւան եւ հետազոտել Հայաստանի համապատասխանությունը ԵԽ պահանջներին:
Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին, ԵԽԽՎ մշտական եւ մոնիտորինգային հանձնաժողովի անդամներին ու Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին նամակ է հղել, որում անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակին, հիշյալ կառույցների ուշադրությունը հրավիրել Հայաստանում մարդու իրավունքների շարունակվող ու ընդհանուր վիճակի վրա բացասական ազդեցություն գործող հրատապ խնդիրների վրա:
«2008թ. նախագահական ընտրություններից եւ դրան հետեւած խաղաղ ցուցարարների գնդակահարումից հետո ամբողջ միջազգային հանրության հրատապ պահանջները, որոնք արտացոլված են հատկապես ԵԽԽՎ-ի՝ խնդրին վերաբերող որոշումներում, ճշմարիտ, անկախ հետախուզության անցկացումն է, 10 մարդու սպանության հանգեցրած Մարտի 1-ի իրադարձությունների կոնկրետ հանգամանքների բացահայտումը, նաեւ շինծու մեղադրանքներով եւ քաղաքական միտումներով ձերբակալված մարդկանց ազատ արձակելը»,- ասված է իրավապաշտպան կազմակերպության նամակում:
Հելսինկյան ասոցիացիան վկայել է, որ մարտիմեկյան իրադարձությունների հանգամանքների ի հայտ բերման եւ այդպիսով արդարության վերականգնման ուղղությամբ իշխանությունների երկուսուկես տարվա խոստումները եւ տարբեր տիպի ձեւական գործողությունները տվյալ գործով «ոչ մի էական առաջընթաց չեն գրանցել, պատասխանատվության չեն ենթարկվել տասը անմեղ մարդկանց մահվան պատասխանատուները եւ հանցագործության իրական կազմակերպիչները»: Եվրոպական կառույցներին հասցեագրած իր նամակում ասոցիացիան արձանագրել է, որ Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ մերժել են զոհվածների իրավահաջորդների ներկայացուցչի կողմից ներկայացված բողոքները՝ պարզելու մարդասպանների ինքնությունը: «Քաղբանտարկյալների մի խումբ դեռ բանտերում է, եւ քաղաքական ընդդիմության նկատմամբ ճնշումը դեռ շարունակվում է: Բանտերում կալանավորների եւ դատապարտյալների պահման պայմանները, չհամապատասխանելով եվրոպական որեւէ չափանիշի, մնում են վատ, խոշտանգումները ոստիկանական բաժանմունքներում եւ բանակում պատճառ են դառնում մահվան դեպքերի եւ չեն բացահայտվում, եւ դա կրում է մշտական բնույթ: Դատարանները, կատարելով դատախազության եւ իշխանությունների պատվերը, արդարադատություն չեն իրականացնում»,- փաստել է կազմակերպությունը:
Հելսինկյան ասոցիացիան նաեւ ընդգծել է, որ «անպատիժ մնացած խախտումները խթանում են անպատիժ մնալու համոզվածությունը եւ նպաստում դրանց շարունակմանը: Ասոցիացիան հավատում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը եւ օրենքի գերակայությունը ամեն տեղ, այդ թվում՝ նաեւ Հայաստանում, անհնարին է առանց մարդու իրավունքների խախտումների մերկացման եւ դրանցում մեղավորների պատժման»: Ուստի, հաշվի առնելով վերը նշվածը, Հելսինկյան ասոցիացիան խնդրում է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին՝ «որքան հնարավոր է շուտ այցելել Երեւան եւ հետազոտել Հայաստանի համապատասխանությունը Եվրոպայի խորհրդի պահանջներին»: «Դա հարկավոր, բայց հետաձգվող քայլ է, որը հնարավորություն կտար ԵԽ խորհրդարանական վեհաժողովին ընդգրկելու ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցը իրենց մյուս նիստի օրակարգում եւ կհիշեցնի Հայաստանի իշխանություններին մոնիտորինգային ընթացակարգի ամբողջ լրջության մասին»,- ասված է Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության նամակում:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներն արդեն շուրջ 10 ամիս է, ինչ Հայաստան չեն այցելել, թեեւ նման ծրագրեր նրանք ունեին դեռ այս տարվա փետրվար ամսից ի վեր: