Լրահոս
Օրվա լրահոսը

«Համակարգը փոփոխության կարիք ունի»

Հոկտեմբեր 06,2010 00:00

Սյունիքում երկկողմանի ծնողազուրկ 42 երեխա կա: Իսկ որպես իրավախախտ հաշվառված երեխաները 6-ն են, անցած տարի նրանց թիվը հասնում էր 11-ի: Այս երեխաների հետ ամենամյա կանխարգելիչ աշխատանքներ են տանում ոստիկանները: Մարզում բավականին շատ են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները:
Ըստ Սյունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նաիրա Ավանեսյանի՝ Սյունիքում շատ են առանց ծնողական խնամքի մնացած երեխաները: Դժվարին իրավիճակում հայտնված 500 երեխա կա, որոնք գտնվում են հատուկ խնամքի կամ գիշերօթիկ հաստատություններում: Ոլորտում առկա խնդիրները շատ են ու բազմազան: Բաժնի պետը հատկապես առանձնացնում է բազմազավակ ընտանիքներում առկա դժվարին սոցիալական խնդիրները: Կան բազմազավակ ընտանիքներ, որոնք ապրում են ծայրահեղ վատ սոցիալական պայմաններում: «Մարզի բազմազավակ 30 ընտանիքի ֆինանսական օգնություն է տրամադրվել: Ընտանեկան նպաստի համակարգն արդյունավետ չէ, հասցեականությունը շատ ցածր է: Համակարգը փոփոխության կարիք ունի, պետք է այն ուղղել երեխաներին: Ներկա դրությամբ բազմազավակ շատ ընտանիքներ դուրս են մնացել նպաստի համակարգից, քանի որ փաստաթղթերը չէին համապատասխանում այդ համակարգի չափանիշներին, սակայն նրանք նպաստառու լինելու բոլոր պայմաններն ունեին: Սոցիալապես դժվարին կացության մեջ գտնվող այս ընտանիքներին ընտանեկան նպաստը շատ մեծ օգնություն կլիներ եւ կթեթեւացներ նրանց հոգսը»,- նշում է Նաիրա Ավանեսյանը:
Գուցե հենց սա է պատճառը, որ հաճախ, սոցիալական պայմաններից դրդված, երեխաներն էլ են ստիպված աշխատում: Ընթացիկ տարում աշխատող երեխաներ հայտնաբերելու նպատակով ՄԱԿ-ի աջակցությամբ 60 ընտանիք է ուսումնասիրվել, որտեղ հայտնաբերվել է 7 աշխատող երեխա, ովքեր հիմնականում գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել