Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 06,2010 00:00

Նախկին քաղաքապետը՝ ընդդեմ բնակիչների, գործող քաղաքապետը՝
ընդդեմ նախկին քաղաքապետի

\"\"
Աշոտ Մկրտչյանը:

\"\"
Վոլոդյա Առաքելյանը:

\"\"
Սամվել Նահապետյանը:

\"\"
Արարատում Սպարապետ
Վազգեն Սարգսյանի արձանը տեղի հանրապետականների համար ձեւ է, առանց բովանդակության:

Արարատի մարզի Արարատ քաղաքի նախկին ղեկավար Հակոբ Թովմասյանը դատի է տվել իր երբեմնի ընտրողներին՝ այն բանի համար, որ վերջիններս հրաժարվում են աղբահանությամբ զբաղվող «Արարատի ԲՏԿ» ԲԲԸ-ին վճարել կոմունալ վարձերը: «Արարատ ԲՏԿ» ԲԲԸ-ի տնօրենը հենց ինքը՝ նախկին քաղաքապետ Թովմասյանն է, ով համայնքի ղեկավարի պաշտոնը համատեղում էր նշված ընկերության տնօրենի պաշտոնի հետ: Քաղաքապետի ղեկավարած ընկերությունը քաղաքապետարանի հետ պայմանագիր էլ է ունեցել՝ քաղաքի մաքրման, աղբահանության, կանաչապատ տարածքների եւ բնակֆոնդի սպասարկման ծառայություններն իրականացնելու համար: Սպասարկման 20 հեկտարի եւ կանաչապատման 6 հեկտարի համար տեղական բյուջեից տարեկան 45 միլիոն դրամ է փոխանցվել քաղաքապետի գլխավորած կազմակերպության հաշվին: Նախկին քաղաքապետի՝ բնակիչների դեմ քաղհայցով դատարան դիմելը, թերեւս, տրամաբանական լիներ, եթե նա արարատցիների թերացումները նկատեր ու դրանք դատական ճանապարհով ուղղելու փորձ աներ դեռեւս իր պաշոնավարման ընթացքում: Մինչդեռ բնակիչների 1997-2007 թթ. կուտակած պարտքերի մասին Արարատի նախկին ղեկավարը հիշել է միայն քաղաքապետ չընտրվելուց հետո:
Ներկայումս 1500 արարատցի ընտանիք դատական քաշքշուկների մեջ է: Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարաններն էլ գումարի բռնագանձման մի շարք վճիռներ են կայացրել: «Էդ վճիռների մասին իմանում ենք էն ժամանակ, երբ հարկադիր կատարողներն են գալիս: Եթե տանելու բան կգտնեն՝ թող տանեն: Առանց մեզ՝ դատ ու դատաստան են անում ու վճիռ կայացնում: Ես ոչ փող ունեմ, որ տամ, ոչ էլ պատրաստվում եմ»,- «Առավոտին» ասաց ՈԿՖ-Բանավանում (Զոդ) բնակվող Աշոտ Մկրտչյանը, ում աղբահանության պարտքը շուրջ 100000 դրամ է: Աշոտը հրաժարվում է վճարել մի ծառայության համար, որն իրեն չեն մատուցել: Նրա ասելով՝ թաղամասը շաբաթներով չի մաքրվել, ինչն էլ նպաստավոր պայմաններ է ստեղծել մկների ու առնետների բազմացման համար:
61000 դրամ էլ Վոլոդյա Առաքելյանի պարտքն է: Նա էլ է հրաժարվում վճարումից՝ պատճառաբանելով, որ ամիսներ շարունակ իրեն զրկել են մաքուր միջավայրից ու մաքուր օդ շնչելու հնարավորությունից: Ասաց, որ չի պատրաստվում «փողը քամուն տալ», որովհետեւ ոչ քաղաքապետարանի եւ ոչ էլ՝ «Արարատի ԲՏԿ» ԲԲԸ-ի հետ պայմանագիր չունեն: «Ամիսը մեկ անգամ աղբ վառելը աղբահանությո՞ւն են համարում»,- ասաց Վոլոդյա Առաքելյանը:
Արդեն դատարանի վճռով պարտք վճարելու պարտավորություն ունեցողները պնդում են, որ մինչ օրս տեղի ունեցած դատական բոլոր նիստերն անցել են առանց պատասխանող կողմի եւ կայացրած վճիռների մասին բնակիչներն իմանում են օրեր հետո միայն: Կան այնպիսիք էլ, որոնց հնարավորությունները թույլ են տալիս բողոքարկելու վճիռը: Սամվել Նահապետյանը, օրինակ, հասել է նրան, որ Վերաքննիչ դատարանը բեկանել է նախորդի վճիռն ու գործն ուղարկել լրացուցիչ քննության:
«Բարոյական չէ դատարան քարշ տալ մարդկանց, ովքեր վստահության քվե են տվել իրեն»,- կարծիք արտահայտեցին բանավանցիները: Նախկին քաղաքապետը, սակայն, չկիսեց իր երբեմնի ընտրողների տեսակետը: «Սա բարոյականության եւ անբարոյականության հարց չէ: Սա հարկային քաղաքականություն է, որը բխում է պետության շահերից»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե պետության, մասնավորապես՝ Արարատ համայնքի շահերից ելնելով, ինչո՞ւ բնակիչներին դատարան չտարավ հենց իր պաշտոնավարման տարիներին, նախկին քաղաքապետը հստակ պատասխան չտվեց: Բնակիչների հետ պայմանագիր չունենալն էլ պայմանավորեց 2008թ. սկսված պայմանագրային կարգի կիրառմամբ: Նախկին քաղաքապետին շատ զարմացրեց բնակիչների քննադատությունը՝ թե իրականում աղբահանություն չի արվել կամ գրեթե չի արվել: «Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Արարատը նույնիսկ հանրապետության ամենամաքուր քաղաքի մրցանակ է ստացել»,- ասաց Հակոբ Թովմասյանը եւ հավելեց, որ իր պաշտոնանկությունից հետո, զուտ քաղաքական նպատակներով, նրա գլխավորած «Արարատի ԲՏԿ» ընկերությունը դարձավ չաշխատող: Հիմա էլ նախկին քաղաքապետը դատի է տալիս քաղաքապետարանին՝ կազմակերպությանը հասցրած ֆինանսական վնասը վերականգնելու համար:
«Ի՞նչ վերականգնման մասին է խոսքը, երբ բյուջեից տանողն ինքն է եղել: Ամեն ինչ անելու եմ, որ ժողովրդից վերցրած փողերը մինչեւ վերջ վերադարձնի բյուջե: ՀՀ վերահսկիչ պալատը դեռ երկու տարի առաջ է ֆինանսական չարաշահում արձանագրել եւ 2006-2007 թթ. կտրվածքով 38,4 միլիոն դրամ հավելավճար ֆիքսել: Էդ գումարը, հավատացեք՝ հետ է գալու: Ես թույլ չեմ տա, որ թոշակառուի կամ նպաստառուի լումաները ծառայեն ինչ-որ մարդկանց բարեկեցությանը»,- ասաց Արարատի գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանը, ով իր հերթին օրեր առաջ հակընդդեմ հայցով դիմել է դատարան՝ նախկին քաղաքապետի գրպանած գումարները տեղական բյուջե վերադարձնելու նպատակով: «Թալանված ու աշխատավարձի պարտքերով բյուջե, մաշված փողոցներով ու աղբի մեջ թաղված քաղաք եմ ժառանգել: Հո խոսելո՞վ չի: Թող մի փողոց կամ պուրակ ցույց տա, որ վեց տարվա մեջ բարեկարգել է: Չկա, չի գտնի: Հո սեմինարների ու ֆուրշետների մասնակցելո՞վ չեն քաղաք պահում կամ՝մաքրության մասին բուկլետներ տպելով: Մենք ոչ թե խոսքի, այլ գործի մարդ ենք»,- ասաց գործող քաղաքապետը, ում փոխանցմամբ՝ դեռ պետք է աղբահավաք 2-րդ ավտոմեքենան ձեռք բերեն, քաղաքի ասֆալտապատման ու մայթերի սալարկման աշխատանքներն ավարտեն, բազմաբնակարանների տանիքներրը նորոգեն: «Փոշեկուլ մեքենա էլ ենք ուզում գնել, բայց, կարծում եմ՝ այն կստանանք մեր քույր քաղաքի՝ ֆրանսիական Բուսիս սենթ Ժորժի ղեկավարներից»:
Հ. Գ. Արարատ քաղաքի ավագանին 1999 թվականին դեռեւս քաղաքապետարանի կոմունալ սպասարկման բաժնի պետ Հակոբ Թովմասյանին պատվավոր քաղաքացու կոչում էր շնորհել: Իսկ ամիսներ առաջ Արարատի գործող ավագանին նրան զրկեց այդ կոչումից: Թե նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը, թե գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանը Հանրապետական կուսակցության անդամ են: Եղած կամ չեղած աղբահանության շուրջ դատական զարգացումների ընթացքում Հանրապետականը իր շարքերից հեռացրել է Հակոբ Թովմասյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել