Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻԿ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ

Հոկտեմբեր 06,2010 00:00

Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մ. Մելքոնյանի նախագահությամբ, ավարտվեց քրեական գործով դատաքննությունը՝ ըստ մեղադրանքի Նորիկ Պողոսյանի եւ հրապարակվեց դատարանի դատավճիռը: Դատարանը վճռեց Ն. Պողոսյանին ճանաչել անմեղ եւ արդարացնել:
Ըստ Վանաձորի Հելսինկյան գրասենյակի, Ն. Պողոսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ 2008թ. օգոստոսի 17-ին Լոռու մարզի Մեծավան գյուղում գտնվող իրենց տան տնամերձ հողամասում ապօրինի աճեցված կանեփ տեսակի բույսից Ալավերդի քաղաքի բնակիչ Ա. Լ.-ին թույլատրել է քաղել տերեւներ:
Նախաքննության սկզբնական փուլում Ն. Պողոսյանի շահերի պաշտպանությունը ստանձնել էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ա.Թամազյանը, թեեւ դա արվել էր Ն. Պողոսյանի կամքին հակառակ. նրա եւ վերջինիս միջեւ պայմանագիր չէր կնքվել:
2009 թ. ապրիլի 9-ից Ն. Պողոսյանի շահերի պաշտպանությունն ստանձնել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից «Իրավական աջակցություն թմրամիջոց գործածողներին» ծրագրի շրջանակներում ներգավված փաստաբաններ Կ. Թումանյանն ու Է. Մարուքյանը: 2009 թ. հոկտեմբերի 12-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ն. Պողոսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի ժամանակով, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոքարկման արդյունքում՝ նրա պատժաչափն իջեցվել էր մինչեւ 1 տարի 6 ամիս:
Ն. Պողոսյանի պաշտպանների կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բողոքարկվել էր ՀՀ վճռաբեկ դատարան, որը, մասնակիորեն բավարարելով բողոքը, գործն ուղարկել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Իրավապաշտպան կառույցը տեղեկացնում է, որ ընդհանուր առմամբ Ն. Պողոսյանը կալանքի տակ է գտնվել 1 տարի 6 ամիս՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ կալանքի առավելագույն ժամկետը 1 տարի է: Փաստորեն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավճիռը դեռեւս ուժի մեջ չմտած՝ Ն. Պողոսյանի նկատմամբ պատիժ է կիրառվել, եւ նա ազատազրկման մեջ է գտնվել 1 տարի 6 ամիս ժամանակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել