Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրտս կտոր-կտոր է լինում

Հոկտեմբեր 06,2010 00:00

Նամակ՝ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի  քարտուղար Արթուր Բաղդասարյանին

Ես՝ Երանիկ Պետրոսյանս, ստիպված եմ դիմում Ձեզ: Գտնվելով սոցիալապես ծանր, անապահով վիճակում, լինելով 2-րդ խմբի հաշմանդամ, տառապում եմ մի շարք խրոնիկ հիվանդություններով: Դիմումին կից ուղարկում եմ Ձեզ իմ հիվանդության էպիկրիզը, որպեսզի ավելի պարզ լինի, որ այսօրվա բժշկությունը եւ դեղամիջոցները ֆինանսական ծախսերի հետ են կապված, ինչը շատ լավ գիտեք, նորություն չէ: Խնդրանքս հետեւյալն է, որ իմ եւ հանգուցյալ ամուսնուս դառը քրտինքով վաստակած գումարները, որ ներդրել էինք բանկում, վերադարձվեն: Սրանից էլ նեղ օր կա՞, երբ ամուսնուս գերեզմանը, որն ինձ համար սրբություն է, 1998թ. մինչեւ այսօր չեմ կարողանում կառուցել, 33 տարեկան տղաս հազիվ մի կերպ ծայրը ծայրին հասցնելով ինձ է խնամում եւ այդ դժվար պայմաններում ընտանիք կազմելու մասին մտածելն անգամ ավելորդ է համարում, աղջկաս տղաներից մեկը միջոցների բացակայության պատճառով դպրոց չի հաճախում, մյուսն էլ սովորելու մեծ ձգտում ունի, հաճախում է, բայց դասագրքեր դեռ չենք հասցնում գնել, որի համար ուսուցիչները մի քանի անգամ նկատողություն են արել, մինչեւ անգամ բղավել են թոռանս վրա: Թոռս երբ եկել էր մեր տուն, դառն արտասուք թափելով ասում էր՝ տատ ջան, դասամիջոցները ես օգտագործում եմ ուրիշի դասագրքերով արագ սովորելու համար եւ գերազանց պատասխանում եմ: Այս իմ հիվանդ վիճակին հոգիս կտոր-կտոր է եղել, ասել եմ՝ բալա ջան, մի քիչ էլ յոլա գնա, թոշակս կստանամ, կգնաս դասագրքերդ կգնես, դե մեր պետական պաշտոնյաները այնքան աղքատ են, որ հազիվ իրենց մասին են կարողանում մտածել, իրենց երեխաներին մի կերպ ջիպերով եւ շքեղ մեքենաներով դպրոց են ճանապարհում, ժողովուրդն ո՞վ է, որ նրա մասին մտածեն: Միայն ընտրությունից-ընտրություն են հիշում մեր ժողովրդին եւ հենց մեր փողերով էլ կաշառում են, որ ընտրվեն ու շարունակեն թալանը, կետադրական բառախաղերի գեղեցիկ ձեւակերպումներով օրենքներն օգտագործեն իրենց անձնական նպատակներին եւ շահերին, մեր ուսերին էլ դնելով ծանր լուծ: Հուսով եմ, որ շատ մանրամասնելու կարիք չկա, կհասկանաք, որ տեղին է զայրույթս:
Ուստի խնդրում եմ Ձեզ եւ միեւնույն ժամանակ պահանջում, որ Ձեր անմիջական միջնորդությամբ իմ ու հանգուցյալ ամուսնուս (նաեւ 33 տարեկան որդուս, որ այն ժամանակ 10 տարեկան էր, որի անունով ավանդ ներդրեցինք բանկում) դառը քրտինքով վաստակած եւ ներդրած ավանդները օրենքի սահմանված կարգով անհապաղ վերադարձնեն, որ այս դժվար ճգնաժամային պայմաններում կարողանանք գոյատեւել, էլ վիճակ չունենք: Հուսով եմ, որ ինձ ճիշտ հասկացաք եւ իմ խնդրանքին կտրվի հստակ եւ լիարժեք պատասխան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել