Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԵ 1800 ԴՐԱՄ

Հոկտեմբեր 06,2010 00:00

\"\"Բժշկի վրա ձեռք բարձրացնողները չեն պատժվել

Վիրաբույժ-վնասվածքաբան Գրիշա Գրիգորյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, Ղարաբաղյան պատերազմի մասնակից: Չնայած պատկառելի տարիքին, կամավոր մեկնել է առաջին գիծ, իսկ մարտական գործողություններից մեկի ժամանակ, 1992թ. փետրվարի 25-ին,  ստացել է կոնտուզիա:
Ինչպես նա է տեղեկացնում, բազմիցս օգնել է մեր հայրենակիցներին, սահմանամերձ գյուղերին՝ բարոյապես եւ նյութապես, ուղղաթիռով վառելանյութ, գենք, զինամթերք հասցրել, դրամական միջոցներ, եւ, իհարկե, իբրեւ բժիշկ՝ բժշկական օգնությամբ։
Պահեստի մայոր Գ. Գրիգորյանը հասել է մինչեւ Շահումյան:
«2009թ. ապրիլի 26-ին, ժամը 20.45-ի սահմաններում, երբ ես իմ անձնական օգտագործման ավտոմեքենայով մեր՝ Նանսենի փողոցի «Յանտար» խանութի եւ բանկի շենքի արանքով դուրս էի գալիս դեպի փողոց, ճանապարհի մեջտեղում կանգնած էր մի 8-10 տարեկան աղջիկ: Ես կանգնեցրի մեքենան եւ ասացի. բալիկ ջան, դուրս արի բանուկ մասից, վտանգավոր է»,- պատմում է 70-ամյա Գ. Գրիգորյանը:
Գ. Գրիգորյանի ավտոմեքենայի վրա այդ պահին հինգ-վեց հարբած անձինք են հարձակվում: «Աջից դուռր բացեց Սամվել Վարդգեսի Յավրումյանը, իսկ ձախ դուռը՝ Արսեն Արամի Սարաջյանը, որը ոտքի հուժկու հարվածն ուղղեց դեմքիս, ջարդեց ստորին ծնոտս»,- շարունակում է բժիշկ, ազատամարտիկ Գ. Գրիգորյանը: Ի դեպ, վերջինս երիտասարդ տարիներին լինելով բռնցքամարտիկ, բազմակի պարգեւներ ստացած փառապանծ մարզիկ, կարողանում է իրեն հավաքել, չեզոքացնել հարբածներին, հասնել ոստիկանության բաժին: «Ոստիկանների հետ ներկայացա «պատերազմի դաշտ», հարբած ամբոխը տենելով ոստիկաններին եւ ինձ, դիմեց փախուստի, սակայն ես հասցրի բռնել դրանցից երեքին»,- ասում է Գ. Գրիգորյանը:
Գրիգորյանը տեղափոխվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն, ապա՝ «Քանաքեռ-Զեյթուն» բուժկենտրոնի դիմածնոտային բաժին, որտեղ անզգայացմամբ կատարվեց վիրահատություն: «Ավաղ՝ անհաջող, ռենտգենով պարզվեց, որ անհաջող է: Ես տեղափոխվեցի «Արմենիա» բուժկենտրոնի դիմածնոտային բաժանմունք, որտեղ հետազոտվելուց հետո կատարվեց երկրորդ ծանր վիրահատությունը»,- հավելում է զրուցակիցս:
Մի քանի ամիս հանրապետությունում ճանաչված բժիշկը իր հետ պատահածի մասին չի բարձրաձայնում, չի կարողանում խոսել, ծամել, ընդունում է միայն հյութեր: Այդ ժամանակահատվածում հանցագործների հարազատները ոտուձեռ ընկած առաջարկում են, որ գումար կտան, սակայն քանի որ մի քանիսը փախած էին, բժիշկն ասում է՝ կներեմ, եթե բոլորդ գաք: Անգամ հայտարարում է, թե վիրահատությունների գումարն էլ չի ուզում, միայն թե իրեն հարվածներ հասցնողները ներողություն խնդրեն:
Բժիշկը գնում է Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, քանի որ դիմածնոտային դեֆորմացիան առկա էր:
Ավագ քննիչ, մայոր Մերի Մխիթարյանը, ըստ Գրիգորյանի, կազմում է կեղծ փաստաթղթեր, կեղծում են Գրիգորյանի ստորագրությունները, չեն հայտնաբերվում խուլիգանները, մեկի նկատմամբ կիրառվում է համաներում, դադարեցվում է քրեական հետապնդումը մյուսների նկատմամբ, իսկ տուժողը չի ստանում կարճման, հետապնդումը դադարեցվելու մասին որոշումները: Գրիգորյանին իրավունք են վերապահում միայն քաղաքացիական հայցով մտնել դատարան, պահանջելով պատճառված վնասի հատուցում:
Մեկ ամիս Ավանի դատարանում գործը պահելուց հետո այնտեղից վերադարձնում են, պատճառաբանելով, որ գործը կարող է լսել Կենտրոնի դատարանը:
Գրիգորյանը նամակ է գրել հանրապետության նախագահին, տեղեկացնելով, որ 6 նիստ տեղի չի ունեցել եւ ընդամենը 7 րոպեանոց նիստ է տեղի ունեցել Կենտրոնի դատարանում, որտեղ պատճառված վնասը մասնակի է բավարարվել: Միայն պրոթեզի գումարն է դատարանը բռնագանձելու համարձակություն ունեցել, այն դեպքում, երբ Գրիգորյանը ներկայացրել է վերոհիշյալ վիրահատությունների, հանրապետությունից դուրս գնալու, բուժկենտրոններում բուժումը շարունակելու մասին տեղեկանքը:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանն էլ անփոփոխ է թողել Կենտրոնի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Եվ միակ հանցագործից հօգուտ պետության պետք է բռնագանձվի ընդամենը 1800 դրամ՝ պետական տուրք:
Ահա արդարադատության իրական գինը:
«Այս ընթացքում ես առիթ ունեցա համոզվելու, որ կան իրավապահ մարմիններ, ովքեր հանուն շահի պատրաստ են ոտնահարել ամեն ճշմարտություն, վաճառել իրենց խիղճը: Թող այդ վաճառքից գոյացած միջոցները իրենց խղճի եւ հոգու առողջացման վրա վատնեն նրանք»,- ասում է Գ. Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել