Երեկ «Առավոտն» ահազանգ ստացավ, որ Զեյթուն թաղամասի Պարույր Սեւակի եւ Ուլնեցու փողոցների խաչմերուկում «բուլդոզերները» ծառեր են արմատախիլ անում՝ տարածքն ազատելով կանաչ զանգվածից: Այդ թաղամասի բնակիչների խոսքերով, ծառահատումներն իրականացվում են մարդկանց աչքից հեռու տարածքում՝ որը 3 կողմից պարփակված է պարսպով եւ գտնվում է ավտոլվացման կետի հետնամասում. «Տեխնիկա են բերել ու արդեն հսկայական փոս են փորել: Մենք համոզված ենք, որ սա հերթական բարբարոսությունն է կանաչ տարածքների նկատմամբ եւ այդ ամենն արվում է առանց որեւէ թույլտվության: Չի բացառվում, որ շուտով այդտեղ վեր կխոյանա հերթական օբյեկտը»:
Երեկ մենք այցելեցինք նշյալ տարածք: Այնտեղ իսկապես տեխնիկա կար, սակայն հատված ծառերի հետքն անգամ չկար՝ ոչ գերաններ կային, ոչ էլ կոճղեր, ընդամենը հողն էր փորված եւ արդեն հարթեցված:
Այս առնչությամբ Երեւանի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանը, որն արդեն ծանոթ էր խնդրին, «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ իրականում այդտեղ ոչ մի ծառ էլ չի հատվել. «Այստեղ ավտովթար է եղել, մեքենան հարվածել է ծառերին եւ դրանք արմատախիլ են եղել, հիմա այդտեղ տեխնիկա են տարել, որ բարեկարգման աշխատանքներ արվեն: Ծառերը վթարի ենթարկած մեքենան էլ փախել- գնացել է»:
Ուշագրավ է, որ վերոնշյալ հասցեում տեղի ունեցած միջադեպի մասին միանգամայն այլ պարզաբանում են տվել բնապահպանության նախարարությունից: NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը հայտնել է. «Իրականում այդ հատվածում փորձել են արմատախիլ անել հաստաբուն մի ծառ, սակայն բնապահպանության տեսչության աշխատակիցներին հաջողվել է կասեցնել ծառահատումը, թեեւ որոշ ճյուղեր վնասվել են: Այն թեղի ծառատեսակ է եղել: Ներկայումս փորձում են պարզել, թե ովքե՞ր են եղել ծառահատում իրականացնողները եւ որտեղի՞ց է թույլտվությունը»: