Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԲՈՄԺԵՐԻՆ ԹԵՅ ՊԵՏՔ ՉԷ՞

Հոկտեմբեր 06,2010 00:00

\"\"Կառավարությունը չի ուզում բյուջեից մի կոպեկ ծախսել անօթեւանների համար

Պատկերացնո՞ւմ եք, որ մեր երկրում գա ժամանակ, երբ ամեն գիշեր բարեգործական ավտոբուսները շրջեն փողոցներում ու տաք թեյ, հաց ու հագուստ տան դրսում գիշերող անօթեւաններին ու թափառաշրջիկներին: Մեր կառավարությանը ճանաչելով՝ այսօր դժվար է պատկերացնել եվրոպական երկրներում սովորական դարձած այդ տեսարանը, սակայն պարզվում է՝ այն լրիվ իրատեսական ծրագիր է եւ առանձնապես մեծ գումարներ դրա համար չեն պահանջվում: Խնդիրը ցանկության մեջ է, որը կառավարությունը չունի: Արդեն 3-4 տարի է՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ»  բարեգործական հիմնադրամը մշակել եւ կառավարության սեղանին է դրել մի ծրագիր, որը խոստանում է կարգավորել մեր երկրում անօթեւան ընտանիքների բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ սոցիալական օգնության շարժական այդ կայանի՝ «Գիշերային ավտոբուսի» ստեղծումը: Կառավարության տարբեր անդամներ ոչ պաշտոնական մակարդակով իրենց հավանությունը տվել են այդ ծրագրին, բայց, ինչ-ինչ պատճառներով, այն չի արժանանում կառավարության ո՛չ հավանությանը, ո՛չ էլ մերժմանը: Բանն այն է, որ հիմնադրամն իր դանիացի հոգաբարձուների միջոցներով կարողացել է Վարդաշենում կառուցել եւ ավարտին հասցնել անօթեւան մնացած մարդկանց համար ժամանակավոր կացարանը։ Այդ նույն կացարանը պետական միջոցներով ստեղծելու համար տարիներ պահանջվեց, ընդ որում մինչ օրս փառք ու պատիվ ենք տալիս այն մարդկանց, որոնք Երեւանի թափառաշրջիկների համար արեցին այդ մեծ գործը եւ շուրջ 51 մլն դրամ ծախսեցին՝ թիվ 1 տուն-ինտերնատի մասնաշենքերից մեկը վերանորոգելու համար: Հիմա նոր տունը կա, մահճակալները, բոլոր անհրաժեշտ պայմանները կան, անօթեւանները կան, բայց կառավարության ցանկությունը չկա, որ այնտեղ եւս 50-60 անօթեւան կարողանա գիշերել նորմալ տանիքի տակ: Առջեւում ձմեռ է, եւ բազմաթիվ թափառաշրջիկ անօթեւանների սպասվում է ցրտահարությունը, բայց դա նույնպես չի շտապեցնում մեր կառավարությանը: «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի մշակած ծրագրի բյուջեն կազմում է 15,2 մլն դրամ, որից 5 մլն դրամը խոստանում է ներդնել հիմնադրամը՝ հոգաբարձուների միջոցների հաշվին: Այսինքն՝ 10,2 մլն դրամի ֆինանսավորումը մնում է պետբյուջեի վրա: Ստացվում է, որ այս 4 տարվա ընթացքում բյուջեում չի գտնվում այդ 10 մլն դրամը՝ անօթեւանների համար: Ընդ որում, այդ 10 մլն դրամն էլ անհրաժեշտ է, որ կարողանան ձմռան ամիսներին ջեռուցել շենքը, սնունդ գնել ու աշխատողներին վճարել:
Ինչ վերաբերում է անօթեւանների այն կացարանին, որը ստեղծել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, պարզ է, որ այդ 50-60 տեղանոց կացարանը բոլոր անօթեւանների հարցը չի լուծում: Մեկ տարվա ընթացքում միջին հաշվով կացարանը սպասարկում է 500-600 անօթեւանի: Սոցիալական աշխատողները նրանց գտնում են քանդված շինություններում, կամուրջների տակ, փողոցներում ու այգիների նստարաններին, տանում կերակրում են, հագցնում, երկու-երեք ամիս պահում ու հանում փողոց: Հատկապես այն թափառաշրջիկները, որոնց տարիքը չի բավարարում ծերանոցներում հաշվառելու համար, կացարանից դուրս գալուց հետո նորից նույն վիճակում են հայտնվում՝ անլվա, սոված՝ օղու տաքացման հույսով:
Հաշվի առնելով, որ մեր պետությունը չունի անհրաժեշտ միջոցները՝ նմանատիպ մի քանի կացարան ստեղծելու եւ բոլոր թափառաշրջիկներին տեղավորելու համար, նրանց գոնե փողոցում կերակրելու եւ տիրություն անելու ծրագիրը տապալելը խոսում է կառավարության առնվազն անտարբեր վերաբերմունքի մասին:
Մինչ կացարանի ստեղծումը շատ պաշտոնյաներ անիմաստ էին համարում այն, գտնում էին, որ դա փողերի մսխում է եւ այդ գումարները կարելի է ավելի անհրաժեշտ ոլորտների մեջ ներդնել: Նրանց հիմնավորումն այն էր, որ «թափառաշրջիկների հոգեբանությունը չի փոխվի, նրանք հոգով «բոմժ» են եւ չեն էլ ուզենա նորմալ ընտանիքի պես ապրել»: Սկզբնական շրջանում իսկապես շատ թափառաշրջիկներ հրաժարվում էին գնալ սոցիալական կացարան, լողանալ եւ այլն, բայց հետո, երբ զգացին տաք անկյունի, տաք կերակուրի համը, շատերը չեն ուզում լքել կացարանը: Հիմա «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի ներկայացրած ծրագրին էլ կառավարության որոշ անդամներ թերահավատությամբ են նայում՝ համոզված լինելով, որ դա նույնպես չի փոխի «բոմժի» մտածելակերպը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել