Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի դասերը կամ՝ կկրակեն առանց նախազգուշացմա՞ն

Հոկտեմբեր 06,2010 00:00

Սեպտեմբերի 30-ին Իջեւանում կայացած կառավարության արտագնա նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր իրավապահների կողմից հատուկ միջոցներ եւ զենք կիրառելու պայմաններին: ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների փորձը նկատի ունենալով՝ առաջարկեց մի շարք փոփոխություններ կատարել գործող օրենքների մեջ: Հունանյանի խոսքով՝ նոր ընդունվելիք օրինագծերը նպատակ ունեն ուժի եւ հատուկ միջոցների գործադրման սահմանափակումները համապատասխանեցնել միջազգային իրավական ակտերի պահանջներին, ինչպես նաեւ միմյանց համապատասխանեցնել «Ոստիկանության մասին» եւ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքներով նախատեսված ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն գործադրելու հիմքերը, պայմանները եւ սահմանները: Ներկայացվող օրինագծերը սահմանված կարգով շրջանառվել են շահագրգիռ գերատեսչությունների հետ:
– Վիճահարույց հարցեր մնացե՞լ են.- հարցրեց վարչապետը:
– Չկան,- պատասխանեց փոխոստիկանապետը:
Սակայն պարզվեց, որ մտահոգություններ կան:
– 6-րդ հոդվածով ձեւակերպումներ կան, որ ցանկացած կտրուկ շարժում հիմք է առանց նախազգուշացման զենքի գործադրման: Ոչ թե ցանկացած կտրուկ շարժում, այլ այնպիսի շարժում, որը զենքի գործադրման կասկածի տեղիք է տալիս,- ասաց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:
– Մենք Ազգային ժողովում բազմիս քննարկել ենք, եթե անհրաժեշտություն կա…,- ասաց Հովհաննես Հունանյանը:
– Ազգային ժողովում այդ ձեւակերպումը եղե՞լ է, սա նոր ձեւակերպում է,- հակադարձեց Գեւորգ Դանիելյանը:
Վարչապետն ասաց, որ հարցը դեռ կքննարկվի, մինչեւ որ բոլոր ձեւակերպումները հստակեցվեն: Նա Հովհաննես Հունանյանին ասաց, որ ժամանակ ունեն միասին աշխատելու (նկատի ուներ Գեւորգ Դանիելյանին), այս ոլորտում միջազգային փորձը ուսումնասիրելու:
Որոշվեց հարցին հետո նորից անդրադառնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել