Լրահոս
Օրվա լրահոսը

Հիդրոէներգետիկայից մինչեւ արեւի էներգիա

Հոկտեմբեր 06,2010 00:00

Երեկվանից մինչեւ հոկտեմբերի 8-ը Մոսկվայի տանը անց է կացվում «Վերականգնվող էներգետիկայի շաբաթ-2010» համաժողովը: «Շաբաթվա» պաշտոնական բացման արարողությանը ներկա էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը իր բացման խոսքում ասաց. «Մեր հանրապետության համար զարգացման մեծ ներուժ ունեն հատկապես հիդրո, արեգակնային եւ հողմաէներգետիկ ռեսուրսների յուրացումը, երկրաջերմային էներգիան, իսկ կենսազանգվածային թափոններից շարժիչային վառելիքների արտադրության հիմնումը Հայաստանում կարող է դառնալ ռազմավարական նշանակության գործոն: Բացի հիդրոէներգետիկայից՝ կառավարությունը փորձում է զարգացնել նաեւ քամու եւ արեւի էներգետիկան։ Իտալական մի ընկերություն ստացել է 20 ՄՎտ հզորության հողմակայան կառուցելու լիցենզիա, շինարարությունը ընթացքի մեջ է։ Փորձում ենք զարգացնել արեւային էներգետիկան, որը թանկ հաճույք է, բայց էներգետիկ անվտանգության տեսանկյունից՝ հուսալի։ Սրանով էր պայմանավորված Չինաստանում վարչապետի այցն արեւային մարտկոցներ արտադրող գործարան»:
Նախարարի տեղեկացմամբ, կառավարության քննարկմանն է ներկայացված առաջիկա 3 տարիների համար մշակված էներգախնայողության գործողությունների ծրագիրը, որն ուղղված է 2007 թվականին հաստատված «էներգախնայողության ազգային ծրագրի» իրականացմանը:
Ըստ panorama.am-ի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը ասել է, որ Հանձնաժողովի հիմնական նպատակներից է տեղական ռեսուրսների մաքսիմալ օգտագործման խնդիրը. «Դրա վառ ապացույցն է մեր փոքր հիդրոէներգետիկան, այսօր արդեն ունենք գործող 95 փոքր ՀԷԿ, որոնց հզորությունը կազմում 124 մեգավատ եւ տարեկան արտադրությունը՝ 387 մլն կիլովատ-ժամ: Եվս 66 լիցենզիա հանձնաժողովը տրամադրել է նորերի կառուցման համար: Եթե դրանք նույնպես կառուցվեն, ապա կունենանք 161 գործող ՀԷԿ՝ 262 մեգավատ հզորությամբ եւ 905 մլն կիլովատ-ժամ արտադրանք: Եթե հաշվի առնենք, որ մեր հանրապետության այսօրվա պահանջարկը կազմում է մոտավորապես 4.5 մլրդ, ապա 905 մլն-ը բավականին շոշափելի թիվ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել