Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄԵՆ ԻՆՉ ԿՓՈԽՎԻ, ՀՈ ԷՍՊԵՍ ՉԻ՞ ՄՆԱ»

Հոկտեմբեր 06,2010 00:00

Լոռեցիների դժգոհություններին այսկերպ է պատասխանում
Լոռու փոխմարզպետը

\"\" \"\"

Լոռու մարզի Ձորագետ գյուղը զբոսաշրջիկների համար նախընտրելի ու սիրված վայր է: Տարածաշրջանում հայտնի է պատմական հուշարձաններով ու յուրահատուկ բնապատկերներով: Ձորագետից շատ հեռու չեն Հ. Թումանյանի տուն-թանգարանը, Սանահինի ու Հաղպատի վանքերը:
Գյուղի բնակիչները համարձակ են, բայց եւ շատ զգուշավոր՝ իրենց դարդ ու ցավը պատմելիս. «Ինչ ասեմ, պառավ կնիկ եմ, մի քիչ ավել-պակաս խոսամ, գան բռնեն տանե՞ն ինձ: Հետո էլ ստից խոսալու մեջ բան չկա: Այ, գոնե նկարեք, տարեք Երեւանից ցույց տվեք, էնա մի քիչ հաց, շոր-մոր ուղարկեն մեզ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում էր գյուղի երկարամյա բնակիչ Փիրուզ Ղարիբյանը: Նրա խոսքով, արդեն 60 տարի այս գյուղում է բնակվում, ու ամեն ինչ փոխվել ու անճանաչելի է դարձել հարազատ գյուղում. «Էլ առաջվա Ձորագետը չի, էլ հետաքրքրություն չի մնացել, կյանքը ստեղ դիփ մեռած ա, հենց էնա երեւանցի ու օտարերկրյա տուրիստների գալն ա մի քիչ աշխուժություն մտցնում, թե չէ՝ վերջին տարիներին շատ ջահել-ջիվան երեխեք թողին փախան, մնացինք պառավներով ու քյոփակներով»: Գյուղի մյուս բնակիչն էլ՝ թոշակառու Վարդուհին, դժգոհում էր, որ արդեն քանի տարի շաքարախտով հիվանդ է, բայց գյուղում մի դեղատունն ինչ է՝ չկա. «Պառավ կնիկ եմ, երեխեքս հետս չեն, ճարս չգիտեմ, հլը դեղատունը հասկանալի է, բա մի խանութն ինչ ա, չկա: 30 հազար դրամ թոշակ եմ ստանում, ոչ գիտեմ գազի տամ, ոչ գիտեմ ջրի տամ, հա, երեխեքս աշխատում են, բայց էդ ինչ են ստանում, որ մի բան էլ ինձ օգնեն, հազիվ իրանց գլուխն են պահում, յոլա գնում: Բալա ջան, էն սովի տարիներին մարդն ավելի լավ էր ապրում, քան հիմա, էն ժամանակ մտածում էիր՝ հեսա կռիվը կպրծնի, ամեն ինչ լավի կփոխվի, հիմա ինչ ասենք, լավի հույս էլ չմնաց»:
Գյուղի բնակիչ Սուսանն էլ հավատում ու սպասում է բարեփոխումներին. «Հույս կա, որ լավի կփոխվի, այ, նայեք, մեր գյուղում հյուրանոց սարքեցին, գոնե գյուղում մնացած ջահելներին գործ տվեցին, տղես աշխատում ա, հենա որոշել էր փախչել ստեղից»: Փ. Ղարիբյանն էլ հավաստիացնում էր. «Տո, էդ ո՞ր մի լավ բանն են էսքան ժամանակ հենց ընենց գյուղացուն տալիս, իրանց բարեկամներին ու հարեւաններին կանչում են՝ լավ գործերը տալիս, էս խեղճ ու կրակ գյուղացուն էլ բաժին ա ընկնում համբալի գործը, հետո էլ էս հյուրանոցը դատարկ գյուղում բերին-դրին խալխի համար, տո թող մտածեն գյուղացու, ոչ թե տուրիստին լավ պայմաններ սարքելու մասին, չեմ էլ հավատում, թե տուրիստ կգա, ի՞նչ տուրիստ պետք ա գա, այ բալա, հոր գներն են դրել»:
Լոռու փոխմարզպետ Աղվան Վարդերեսյանն էլ «Առավոտի» հետ զրույցում պատմում էր, որ մարզի վիճակն այնքան էլ վատ չէ, բարեփոխումներն այստեղ էլ են հասել. «Գնացողը կգնա, անկախ նրանից, թե գյուղում պայմանները լավ են, թե՝ վատ: Սուտ կլինի, եթե ասեմ, որ վերջին տարիներին գյուղական համայնքները գյուղացին լքում է, էս իրենց հայրենիքն է, մարդիկ էստեղ ծնվել ու մեծացել են, պայմաններին սովոր են ու էդքան էլ դժգոհ չեն: Չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, անհատներ, որոնք կդժգոհեն, դժգոհողները միշտ եղել են ու կլինեն»: Պարոն Վարդերեսյանը, անդրադառնալով գյուղատնտեսական անբարեհաջող տարվան՝ նշեց. «Սա էլ մի քիչ ավելացրեց գյուղացու հոգսը, բայց այս ոլորտում էլ ձեռքբերումներ ունենք, 5 հակակարկտային կայաններ ենք տեղադրել, ամեն ինչ կփոխվի, հո էսպես չի՞ մնա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել