Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԷ, ՈՐ ԼՈՒԾԵԼՈՒ Է ՁԵՐ ՀԱՐՑԵՐԸ

Հոկտեմբեր 06,2010 00:00

\"\"Այս փաստարկով է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտն արձագանքել ՀԱԿ ներկայացուցչի՝ Եվրոպայի խորհրդից դժգոհությանը:

Ծրագրվածից
կարճ լսումներ

Թեեւ նախատեսված էր, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի երեկ կազմակերպած լսումները Հայաստանի իշխանությունների ներկայացրած բարեփոխումների նախագծի վերաբերյալ պետք է տեւեին շուրջ 1 ժամ, սակայն իրականում դրանք տեւեցին հազիվ 35-40 րոպե: Խանգարեց քննարկումը ռուս-վրացական պատերազմի հետեւանքների վերաբերյալ, որը հանձնաժողովը չէր ավարտել առավոտյան նիստի ընթացքում: Ժամանակի սղության պատճառով ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ՕԵԿ ներկայացուցիչ Արծրունի Աղաջանյանն ընդհանրապես չկարողացավ ելույթ ունենալ, իսկ մնացածները (բացառությամբ Զարուհի Փոստանջյանի, որը համառոտ խոսք էր նախապատրաստել եւ ամբողջությամբ ընթերցեց այն) ստիպված էին համառոտել ասելիքը: Թեեւ բոլորն էլ իրենց ելույթների ամբողջական տեքստերը տարածեցին Մոնիտորինգի հանձնաժողովում:

Իշխանության
դիրքորոշումը

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի ելույթում ընտրական օրենսդրության վերաբերյալ մասնավորապես նշվել է, թե առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում փորձագետները կկատարեն որոշ փոփոխություններ, եւ մշակված նախագիծը կներկայացվի «հանրային լայն քննարկման՝ շահագրգիռ քաղաքական ուժերի ներգրավմամբ»: Նաիրա Զոհրաբյանը, որը նաեւ «Ընտրական օրենսգրքի» բարելավման աշխատանքային խմբի անդամ է՝ ելույթում հայտարարել է. «ԲՀԿ-ն գտնում է, որ ընտրակեղծարարության համար սահմանված պատիժները պետք է որոշակիորեն խստացվեն, եւ մենք հանդես ենք գալու համապատասխան առաջարկով»:
Ոստիկանության բարեփոխումների մասից առանձնացնենք այն, որ Դավիթ Հարությունյանն ասել է, թե մեծացել են քաղաքացիների խաղաղ հավաքներ կազմակերպելու վերաբերյալ երաշխիքները, պարտադիր վարժանքներ են անցկացվում ոստիկանության այն անձնակազմի համար, որը զբաղվում է հասարակական կարգի պաշտպանությամբ եւ այլն: Հավաքների ազատության առնչությամբ նա նշել է, թե Վենետիկի հանձնաժողովն արդեն փորձաքննության է ենթարկել զանգվածային միջոցառումների վերաբերյալ այն նոր օրենքը, որը նախաձեռնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: «Այնուամենայնիվ, սա ոչ միայն օրենսդրական բարեփոխումների հարց է, այլ նաեւ գործող օրենքի կիրառման»,- ելույթում ասել է Դավիթ Հարությունյանը: Նաեւ առաջարկել է վերլուծել այն հայտերը, որոնք ՀԱԿ-ը ներկայացրել է 2010-ին. «Հունվարի 1-ից սկսյալ՝ ՀԱԿ-ը հանրահավաքներ, երթեր անցկացնելու ընդամենը 15 դիմում է ներկայացրել,- ասել է պրն Հարությունյանը՝ նշելով, որ դրանք բոլորն ընդունվել են:- Սակայն իրականում ընդամենը 9 հանրահավաք է տեղի ունեցել: Պե՞տք է մյուս 6-ի ձախողումը դիտարկվի որպես անկարողություն՝ կազմակերպել հանրահավաքներ հանրային հետաքրքրության բացակայության պատճառով»: Ըստ նրա՝ 2010-ին ցույցեր անցկացնելու 13 դիմումներից միայն մեկն է մերժվել, եւ 10 ցույցերի դեպքում էլ առաջարկվել է այլընտրանքային վայր՝ Ազատության հրապարակի փոխարեն Մատենադարանը. «Ինչ վերաբերում է Ազատության հրապարակին՝ ՀԱԿ-ը կարող էր ցուցաբերել քաղաքական հասունություն եւ նրբանկատություն այս վայրի նկատմամբ, որը հանդիսանում է բազմակի նշանակության կարեւոր հանրային գոտի»:
Մամուլի բազմակարծության վերաբերյալ ելույթի ենթաբաժնում Դավիթ Հարությունյանը մասնավորապես անդրադառնալով ԵԽԽՎ մտահոգությանը՝ հեռուստաեթերում բազմակարծության պակասի վերաբերյալ, նշել է, թե նախ պետք է ուշադրություն դարձվի այս բանավեճի քաղաքական տեսանկյունին. «Էլեկտրոնային ԶԼՄ-ներն իշխանամետ եւ ընդդիմադիր ճամբարների բաժանելը խիստ անհարկի է եւ առավել համապատասխան է անցյալի գաղափարախոսական մտածելակերպին: Եթե տպագիր եւ համացանցային որոշ ԶԼՄ-ներ հանդիսանում են կուսակցական քաղաքական միավորների խոսափողը՝ նույնը չի կարելի ասել հեռուստահեռարձակման մասին: Իրականում ես կվիճարկեի տեսակետը, թե «Ա1+»-ն ընդդիմության խոսափողն էր: Ես դիտարկում եմ այս ընկերությունը որպես մեկը հեռարձակման ոլորտում (փաստացի, իմ սուբյեկտիվ կարծիքով, բավական լավ մեկը), որը մրցակցում է այլոց հետ հեռարձակման արտոնագրի համար»: Ընդ որում՝ նշել է նաեւ, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է, որ «Ա1+»-ին հեռարձակման արտոնագիր չի տրամադրվել քաղաքական դրդապատճառներով: Դավիթ Հարությունյանը, սակայն, նաեւ վստահեցրել է, թե հիմքեր կան պնդելու, որ արտոնագրման նոր գործընթացը կիրականացվի «պատշաճորեն եւ արդարացիորեն»: Իսկ Նաիրա Զոհրաբյանը նշել է. «Ես զրուցել եմ «Ա1+»-ի ներկայացուցիչների հետ՝ նրանք բավականին լուրջ մրցութային փաթեթ են պատրաստել եւ վստահ են, որ այդ փաթեթը բավարարելու է դեկտեմբերին կայանալիք մրցույթի պահանջները»: Եվ ելույթն ավարտել է այսպես. «Իհարկե, կարելի է անել ցանկացած բարեփոխում, կարելի է բարելավել, բերել ամենաժողովրդավարական տեսքի ցանկացած օրենք եւ դրանք չկիրառել։ Մեկ բան, սակայն, հստակ է՝ Հայաստանը ունի մեկ ճանապարհ՝ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման եւ դրանք կիրառելու ճանապարհը»:

Ընդդիմության
դիրքորոշումը

Լսումներում առաջինը ելույթ ունեցած Դավիթ Հարությունյանին անմիջապես հաջորդել է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը: Նա նույնպես պատրաստել էր շուրջ 6 էջանոց գրավոր ելույթ, որից առայժմ միայն մի պարբերություն կմեջբերենք, որը վերաբերում է Ազատության հրապարակում ցույցերը չարտոնելուն. «Այն ուղղակի մեկ այլ վայր չէ քաղաքական հանրահավաքների համար: Այն Հայաստանի անկախության ու ժողովրդավարության ծննդավայրն է: Եվ նույնիսկ եթե դա պարզապես մեկ այլ վայր է՝ չկա ողջամիտ արդարացում այնտեղ հանրահավաքների իրազեկումները մերժելու համար»:
Արման Գրիգորյանը միայն բանավոր ելույթ է ունեցել, եւ ինչպես մեզ փոխանցեց՝ մասնավորապես ասել է. «Իշխանությունները փաստորեն փորձում են ներկայացնել ինչ-որ բարեփոխումների մտադրությունները որպես արդեն արված գործ: Բայց դա՛ չէ չափանիշը, որով պետք է գնահատենք իշխանությունների գործողությունները, այլ այն, ինչ 1677 բանաձեւի մեջ որպես պահանջ ներկայացված է: Եվ արդյոք այդ պահանջները կատարվե՞լ են: Դրանց ամենակարեւոր 3 կետերը՝ քաղբանտարկյալները, մարտի 1-ի անաչառ հետաքննությունը եւ մամուլի ազատության, մասնավորապես՝ «Ա1+»-ի հարցն են: Եթե այս չափանիշներով դատենք, ՀՀ իշխանությունները բացարձակապե՛ս ոչինչ չեն արել: Հետո քննադատեցի Եվրոպայի խորհրդի անգործությունը վերջին 15 ամսվա ընթացքում՝ 1677 բանաձեւի ընդունումից հետո: Եվ ասացի, թե սա այլեւս անհանդուրժելի է՝ ԵԽ-ն պետք է հստակեցնի իր դիրքորոշումը եւ որոշակի հստակ պահանջներ ներկայացնի ՀՀ իշխանություններին»:
Բայց մինչ դրանք ներկայացնելը՝ մի քանի մեջբերում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթից. «Հիմնականում անդրադարձել եմ այն ոճին, որով իշխանությունները փորձում են իրականացնել բարեփոխումները. նրանք ո՛չ պահպանում են ժողովրդավարական սկզբունքները եւ ո՛չ էլ առանձնապես բարեփոխումների որակին են նպաստում: Սկզբում կարծես հայտարարվել էր, թե Վեհաժողովի առաջադրած պայմանները պետք է բավարարեն՝ երկխոսություն սկսելով տարբեր քաղաքական ուժերի հետ, բայց հիմա նույն վարքագիծը, դժբախտաբար, չի դրսեւորվում: Ավելի՛ն՝ թեեւ 1620 բանաձեւը հստակ ասում է, թե այս իրավիճակի առաջացման պատճառները շատ ավելի խոր  արմատներ ունեն, որոնց հիմքում հենց այն է, որ ընդդիմությունը դուրս է մղվում որոշումների կայացման եւ բարեփոխումներին որեւէ կերպ մասնակցություն ունենալու գործընթացից՝ այս նույն խնդիրներն այսօր ծառացած են մեր առջեւ: Ժամանակը ցույց է տալիս, թե իշխանությունները կարծես ընդհանրապե՛ս դասեր չեն քաղել երկրում առաջացած հետընտրական ճգնաժամից: Ու հիմնական հարցն այսօր էլ նույնն է՝ եթե այսպես են շարունակելու աշխատել իշխանությունները, այսինքն՝ բացարձակապես նկատի չունենալով այն անվստահությունը, որը գոյություն ունի հասարակության մեջ, ասենք՝ ընտրական գործընթացների առումով (իսկ դրանք հիմնական պատճառն են եղել, որ անվստահություն է առաջացել ընտրական արդյունքների հանդեպ)՝ այս ճանապարհով շարունակելու դեպքում նույն իրավիճակը կարող է առաջանալ նաեւ նոր ընտրություններից հետո: Ուստի մեր խնդիրն այն է, որ այս գործընթացին միջամտենք այնպես, որ բարեփոխումներն ընթանան այն տրամաբանությամբ, որ ընկալելի եւ վստահելի լինեն հասարակության համար: Իսկ դա չի՛ կարող տեղի ունենալ այն ոճով, որն այսօր իշխանություններն են ներկայացնում՝ միայնակ գործելով եվրոպական կառույցների հետ, փորձելով առաջ մղել իրենց պատրաստած փոփոխությունները»: Արմեն Ռուստամյանը պատմեց. «Որպես եզրակացություն՝ ասացի, թե այն ճանապարհային քարտեզը, որն այսօր իշխանությունները ներկայացրել են՝ բացարձակապե՛ս համարժեք չէ այսօրվա խնդիրներին եւ դրանց լուծման խորությանն ու ծավալներին, ուստի պետք է նոր ճանապարհային քարտեզ հաստատի Մոնիտորինգի հանձնաժողովը, որն ավելի համարժեք կլինի իրավիճակին»:
Ընդդիմության 3 ներկայացուցիչներն էլ անդրադարձել են ե՛ւ հանրահավաքների անհարկի սահմանափակումներին, ե՛ւ մարտի 1-ի դեպքերի հավելյալ քննության անհրաժեշտությանը եւ ամբողջական համաներման չիրականացմանը:
Մեջբերենք այն առաջարկները, որոնք Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը. «Պահանջել ՀՀ իշխանություններից, որ նրանք ամենաուշը 1 ամսվա ընթացքում հայտարարեն համաներում, որը կներառի 13 քաղբանտարկյալներին»: Այս՝ փաստորեն այլընտրանքային ժամանակացույցով նա առաջարկել է ՀՀ իշխանություններից պահանջել, որ իրականացվի հետաքննություն՝ Փաստահավաք խմբի զեկույցների հիման վրա, եւ բանակի ապօրինի օգտագործման վերաբերյալ, մեկ ամսվա ընթացքում հետաքննեն ու պատժեն այն ոստիկաններին, որոնք խոչընդոտել են քաղաքական ուժերին՝ իրացնելու ցույցերի իրենց իրավունքը եւ այլն: Եվ վերջապես՝ տիկին Փոստանջյանն ասել է. «Վերոհիշյալ խնդիրները լուծելու եւ իրավիճակը հանգուցալուծելու համար առաջարկում ենք, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները ոչ պակաս, քան 10-օրյա ժամկետում այցելեն Հայաստան ու զեկույց պատրաստեն վերոհիշյալ հարցերի վերաբերյալ»:
ՀԱԿ-ի ներկայացուցիչը նույնպես առաջարկել է, որ համազեկուցողները հնարավորինս արագ փաստահավաք առաքելությամբ գան Հայաստան. «Եվ այդ առաքելության հիմնական խնդիրը պետք է լինի մի հարցի պատասխանելը՝ 1677 բանաձեւը կատարվե՞լ է, թե՞ ոչ»: Ըստ նրա՝ եթե պատասխանը բացասական լինի, պետք է Հայաստանի նկատմամբ վերականգնվի հատուկ մոնիտորինգի ռեժիմը, եւ ԵԽԽՎ-ն Հայաստանին ներկայացնի հստակ ժամանակացույց՝ բանաձեւը կատարելու համար, ու նշվեն հետեւանքները՝ չկատարման դեպքում:

Համազեկուցողների
արձագանքը

Դավիթ Հարությունյանն «Առավոտին» ասաց. «Գրեթե ժամանակ չմնաց, որ համազեկուցողներն իրենց կարծիքն արտահայտեն: Յուրաքանչյուրը գրեթե 1 րոպե խոսեց: Գաղափարն այն էր, թե հնչել են բավական հարցեր, եւ այս պահին հնարավոր չէ արձագանքել՝ որն է ճիշտ եւ որը՝ սխալ, եւ որ հարցում կա առաջընթաց կամ չկա առաջընթաց: Եվ դա է լինելու համազեկուցողների հաջորդ այցելության հիմնական թեման»: Թեեւ Գորան Լինդբլադը փոխանցել էր մտադրությունը՝ մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտն այցելել Հայաստան (թերեւս հոկտեմբերի 16-20-ի ժամանակահատվածում), սակայն Դավիթ Հարությունյանը նշեց, որ նրանց հաջորդ այցի ժամկետը հստակեցված չէ. «Հարցը քննարկվում է, բայց դեռ վերջնական որոշում չկա»:
Արման Գրիգորյանը մեզ փոխանցեց համազեկուցողների մեկ այլ արձագանքը. «Ջոն Պրեսկոտը դժգոհեց, որ մարտի 1-ի դեպքերի բացահայտման հետ կապված Հայաստանի իշխանությունները փաստորեն ոչինչ չեն արել: Հատուկ քննադատեց Հայաստանի գլխավոր դատախազին: Խոսեց նաեւ այն մասին, որ բարեփոխումները դանդաղ են ընթանում: Բայց միեւնույն ժամանակ՝ Պրեսկոտն ասաց, թե Հայաստանում չպետք է անընդհատ թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը հույս դնեն, որ Եվրոպայի խորհուրդն է լուծելու իրենց հարցերը. դա ի վերջո Հայաստանի քաղաքական ուժերի խնդիրն է: Այսպիսով նա Եվրոպայի խորհուրդը պաշտպանեց իմ քննադատությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել