Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ՝ 21:29

Հոկտեմբեր 06,2010 00:00

Հոկտեմբերի 4-ին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը շրջանառության մեջ է դրել գրավոր հռչակագիր՝ «Հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման արագացման անհրաժեշտությունը» վերնագրով, որին միացել են եւս 20 պատվիրակներ: Հռչակագրի ներքո ստորագրել է, օրինակ, ԵԽԽՎ նախկին նախագահ Լյուիս Մարիա Դե Պյուգը: Հռչակագրում մասնավորապես ասված է. «Չնայած Հայաստանի կողմից իր տարածքի 20%-ի բռնազավթմանը, եւ նրան, որ իր գրեթե 1 մլն քաղաքացիները վերածվեցին փախստականների եւ ժամանակավոր տեղահանվածների՝ Ադրբեջանը շարունակական ջանքեր է գործադրում հակամարտության խաղաղ լուծման համար»: Իսկ Հայաստանի վերաբերյալ նշված է, թե անտեսում է Մադրիդյան լրամշակված սկզբունքները, «որը ենթադրում է խնդրի լուծման արագացում, եւ պարբերաբար խախտում զինադադարի համաձայնագիրը»: Հռչակագրի ներքո ստորագրած 21 պատվիրակների կարծիքով՝ Վեհաժողովը պետք է հայտարարի, թե «պետք է մեծացնել» այս հակամարտությունը կարգավորելու ջանքերը:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ Զարուհի Փոստանջյանն էլ երեկ շրջանառության մեջ դրեց գրավոր հռչակագիր՝ «Անհրաժեշտությունը, որ կոչ արվի Ադրբեջանին կատարել իր պարտավորությունները եւ պարտականությունները Եվրոպայի խորհրդի առջեւ»: Հռչակագրին միացել են 28 պատվիրակներ՝ ընդ որում, նաեւ Հայաստանի իշխանական կոալիցիան ներկայացնող  ԵԽԽՎ 4 պատվիրակները եւ ՀՅԴ ներկայացուցիչը: Փաստաթղթով մասնավորապես առաջարկվում է, որ Վեհաժողովը հայտարարի, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն է ԼՂ հարցով բանակցություններին հարմար շրջանակը: Ըստ 29 պատվիրակների՝ Ադրբեջանը «վարում է վտանգավոր քաղաքականություն՝ ռազմականացնելով իր պետությունը եւ ընդդեմ Հայաստանի եւ հայերի օգտագործելով ռազմատենչ, ատելությամբ լի հռետորություն՝ բոլոր մակարդակներում, այդ թվում նաեւ բարձրագույն: Բանտարկում է քաղաքացիների, որոնք վիճարկում են ԼՂ պատերազմի մասին պաշտոնական վարկածը. ամենացայտուն օրինակը Էյնուլլա Ֆաթուլաեւն է: Սեւ ցուցակում է ներառում անձանց՝ այդ թվում Վեհաժողովի անդամներին, որոնք այցելել են ԼՂ» եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել