Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսականների գործը կկարճվի

Հոկտեմբեր 06,2010 00:00

Տուժողը հեռակա կարգով հրաժարվել է իր հայտարարություններից ու ցուցմունքներից

Հայ ազգային կոնգրեսի անդամներ՝ արցախյան պատերազմի մասնակից ու «Արաբկիր» ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանի եւ քաղբանտարկյալների եւ «մարտիմեկյան» իրադարձությունների ժամանակ տուժողների խնդիրներով ակտիվորեն զբաղվող Առաքել Սեմիրջյանի կողմից  նախկին քաղբանտարկյալ Քրիստափոր Էլազյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը, որը մեկումեջ ընթանում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, մոտենում է իր հանգուցալուծմանը: Դատելով դատարանում ընթացող զարգացումներից՝ պետք է ակնկալել, որ շատ շուտով այս գործը կկարճվի:
Բանն այն է, որ այդ գործով տուժողի՝ Ք. Էլազյանի բացակայությամբ (նա դեռ օգոստոս ամսին, չսպասելով գործի նախաքննության ավարտին, փախել էր Հայաստանից եւ մեկնել էր Ուկրաինա – Ն. Մ.) ընթացող դատաքննության ընթացքում Էլազյանի երկու եղբայրներն ու նաեւ ծնողները Ք. Էլազյանի անունից հայտարարել էին, թե նա հրաժարվում ու ետ է վերցնում ՀԱԿ երկու ներկայացուցիչների կողմից իրեն ծեծի ենթարկելու մասին հաղորդումը՝ դատարանին միջնորդելով գործը կարճել:
Դատավոր Ավետիսյանը, սակայն, պահանջել էր, որ «տուժող» Էլազյանը  դատարանին համապատասխան եւ իր կողմից գրված միջնորդություն ներկայացնի կամ այն փոխանցի իր հարազատների միջոցով:
Այս գործով դատական նիստը հենց այս նոտայով էլ ընդմիջվել է մինչեւ հոկտեմբերի 18-ը: Դատարանը սպասում է Ք. Էլազյանի գրավոր միջնորդությանը, որից հետո էլ, ըստ ամենայնի, գործը կկարճվի:
Հիշեցնենք, որ ՀԱԿ ներկայացուցիչներ Հովհ. Հարությունյանին  եւ Ա. Սեմիրջյանին մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածով՝ ծեծ: Այդ հոդվածով նախատեսված պատժաչափը տուգանքն է՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքը՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Էլազյանին ծեծելու մեջ մեղադրվող Հարությունյանն ու Սեմիրջյանը, սակայն, հերքում եւ չէին ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, թե Էլազյանը պարզապես փորձում է զրպարտել իրենց ու նաեւ հարվածել ՀԱԿ-ին: Ավելին, Ա. Սեմիրջյանը դեռ մինչեւ դատաքննության մեկնարկը մի քանի անգամ հայտարարել էր, թե պատրաստ է դատավարությանը, որտեղ ապացուցելու է, որ Էլազյանի հայտարարություններն ընդամենը սուտ մատնություն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել