Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ Ե՞ՐԲ Է ԳԱԼՈՒ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

Հոկտեմբեր 06,2010 00:00

\"\"«Արցախի ճանաչումը Հայաստանի կողմից այս պահին նպատակահարմար չէ»,- պնդեց իշխող կոալիցիան

Ազգային ժողովը արտահերթ կարգով երեկ քննարկեց ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած նախագիծը՝ ԼՂՀ-ն ճանաչելու մասին: Թեպետ «Ժառանգության» որոշ ներկայացուցիչներ  մինչ քննարկումը խոստանում էին, որ բավականին հետաքրքիր է լինելու եւ չտեսնված ու չլսված մի բան, այնուամենայնիվ, ոչինչ արտառոց չէր: Ընդհակառակը՝ ամեն ինչ խիստ սովորական էր՝ խորհրդարանի դահլիճը կիսադատարկից էլ դատարկ էր, պատգամավորները՝ պասիվ, անհաղորդ եւ սպասման մեջ՝ թե ե՞րբ է «Ժառանգությունը» հայտարարելու, որ գոնե քվեարկությունը հետաձգվում է: Միակ նորությունն այն էր, որ որպես հարցի հիմնական զեկուցող հանդես եկավ անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը: Պարոն Հովհաննիսյանը հայտարարեց. «Այո, ուշացել ենք: Սա պիտի անեինք 1992-ին հենց այս դահլիճից, պիտի անեինք 94-ին, թեկուզ զինադադարին զուգահեռ: Պիտի անեինք թեկուզ Կոսովոյի, Աբխազիայի ճանաչումներին զուգահեռ: ԼՂՀ-ն արժանի է ճանաչման, եւ շատ կարեւոր է, որ մենք այսօր հասկանանք, որ ՀՀ-ն միջազգային հանրության լիարժեք անդամն է, եւ անհրաժեշտ է, որ Հայաստանն առաջինը ճանաչի ԼՂՀ-ն: Հայցում եմ ձեր միասնական զորակցությունը»: ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը հարց ուղղեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ իսկ հակառակ դեպքում ի՞նչ սպառնալիքներ կարող են լինել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի համար եւ ինչպիսի՞ն կլինի միջազգային հանրության եւ եռանախագահող երկրների վերաբերմունքը, եւ արդյոք դա չի՞ նշանակի դե-ֆակտո բանակցություններից դուրս գալու մասին: Ի պատասխան՝ պարոն Հովհաննիսյանն ասաց՝ չի կարծում, թե ՀՀ ինքնիշխանության, անկախության առավել բարձր սպառնալիք կարող է լինել ԼՂՀ-ի ճանաչման դեպքում, քան այն ռիսկը, որ կա այսօր:
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը ուզեց իմանալ, թե այս հարցը այս պահին բարձրացնելու պատճառը ո՞րն է, մի՞թե «Ժառանգությունում» մտածում են, թե Արցախի հարցի կարգավորման գործընթացում հնարավոր է դիրքորոշման փոփոխություն: Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ մի պահի թացը չորից կտարբերվի, եւ պարզ կդառնա, թե «ի՞նչ կա դրված պետական օրակարգի վրա»: Հարակից զեկուցող Շիրակ Թորոսյանը հայտարարեց, որ դեռ 1991-ից ի վեր «ՀՀ-ն դե-ֆակտո ճանաչել է ԼՂՀ-ն եւ ակտիվորեն մասնակցել, մասնակցում է ու կմասնակցի ԼՂՀ-ի ազգային անվտանգության ապահովմանը, ետհակամարտյան վերականգնման աշխատանքներին, եւ ԼՂՀ-ի համար անհրաժեշտ ցանկացած խնդրի ՀՀ-ն ցուցաբերել է, ցուցաբերում է եւ կցուցաբերի անհրաժեշտ աջակցություն: Ուզում եմ փարատել այն կասկածները, թե քանի դեռ չենք ճանաչել, չենք կարող օրինավոր աջակցություն ցուցաբերել: Մենք ամեն ինչ արել ենք ու կանենք ԼՂՀ բոլոր բնույթի խնդիրները լուծելու համար»: Ասաց նաեւ՝ քանի դեռ մենք հակամարտությունը փորձում ենք լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ուղղակի պարտավոր ենք այլ քայլեր ձեռնարկել՝ ձեւաչափը չխախտելու համար. «Ես չեմ կարծում՝ աշխարհում կլինի գեթ մեկ հայ, ով չուզի ճանաչել ԼՂՀ անկախությունը, բայց մենք դա չպետք է անենք ինքնանպատակ եւ վնասենք կարեւոր գործին: Մենք, ի վերջո, պետք է հասնենք միջազգային ճանաչմանը: Հանրապետության քաղաքական իշխանությունը կարծում է, որ դեռ չի սպառվել Մինսկի խմբի շրջանակներում խնդրի լուծման հնարավորությունը: Այն պահին, երբ մենք կտեսնենք, որ այդ շրջանակում հարցի լուծումն անհնարին է, քավ լիցի, օրենքը կա շրջանառության մեջ, անմիջապես առաջ կքաշենք, եւ անմիջապես կդրվի ճանաչման խնդիրը»:
Կառավարության ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարճ խոսեց, պարզապես ասաց, թե «ՀՀ կառավարությունը ներկա փուլում այս նախագծի ընդունումը համարում է աննպատակահարմար»: Պատասխանելով Վահան Հովհաննիսյանի հարցին՝ ինչ վտանգ կարող է լինել, եթե ճանաչման հարցը մնա օրակարգում, փոխնախարարն ասաց, թե ոչ թե վտանգներից են խուսափում, այլ. «Մենք ամեն ինչի պատրաստ ենք, մենք ելնում ենք այլ ֆորմատից՝ ցանկացած քայլ պետք է առավելագույնս մեզ համար լավ լինի: Ճանաչման հարցը միշտ օրակարգում է, դա չի հանվել եւ չի հանվելու, մենք ելնում ենք այն տեսանկյունից, որ ճանաչումը լինի առավելագույնս արդյունավետ մեր նպատակի համար»: ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանի հարցին՝ կառավարությունը ունի՞ ԼՂՀ-ի ճանաչման հայեցակարգ, պարոն Քոչարյանը ոչ հստակ պատասխան տվեց: Տիգրան Թորոսյանը նկատեց, որ ճանաչումը միանշանակ է, եւ այն չի կարող որեւէ բան վտանգել. «Նրանք, ովքեր խոսում են Մինսկի խմբից, պետք է հիշեն, որ ԼՂՀ ընտրությունների հետ կապված վերաբերմունք արտահայտելիս, չնայած այդպիսի այլ օրինակներ նաեւ այլ հարցերով են եղել, Մինսկի խմբի համանախագահները շատ պարզ ասում էին՝ չեն ճանաչի, որովհետեւ անգամ ՀՀ-ն ԼՂՀ-ն չի ճանաչել»: Պատգամավորը ճանաչմանը կողմ է, բայց նախագծի հետ կապված վերապահումներ ուներ, եւ ինքն էլ առաջարկեց, որ քվեարկություն չարվի եւ մինչ այդ աշխատանք տարվի նախագծի վրա:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հայտարարեց. «Մեր խմբակցությունը դեմ չէ ԼՂՀ ճանաչմանն ընդհանրապես, հետեւաբար, մեր տարաձայնությունը ընդդիմության մեր գործընկերների հետ մարտավարական հարցերում է եւ ոչ թե ռազմավարական: Մենք համոզված ենք, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններում Հայաստանը պետք է ունենա առավելագույն կառուցողական մասնակցություն եւ չհակադրվի այս աշխարհի ուժային կենտրոններին»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Արցախի հարցը իրենց համար միջոց չէ, նպատակ է. «Նախապես երբ ասում ենք, թե դեմ ենք այս նախաձեռնությանը, չի նշանակում նախագծին ենք դեմ: Դա մեր բոլորի ցանկությունների արձանագրումն է: Մենք իրոք դեմ ենք քվեարկելու, բայց՝ նախաձեռնությանը: Հորդորում եմ «Ժառանգության» մեր գործընկերներին՝ չխափանեն մեր խաղաղ գործընթացները, եւ պիտի խնդրեմ՝ բավարարվեք քննարկումով, եւ քվեարկություն չանենք, դա վնաս է մեր պետությանը, վնաս է մեզ եւ վնաս է ձեզ»:
Ի վերջո, «Ժառանգությանը» համոզելու համար ԱԺ նախագահը իջավ դահլիճ եւ ոտքի վրա մոտ հինգ րոպե զրուցեց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Բոլորի համար պարզ էր՝ համոզում է: Ստացվեց մասամբ, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց, որ քվեարկությունը հետաձգում է ընդամենը մինչեւ հաջորդ քառօրյա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել