Երեկ Քանաքեռում՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, կայացավ նշանավոր գրողի եւ մանկավարժի անունը կրող Հայկական պետական մանկավարժական համալսարանի 2010 թվականի շուրջ 1440 առաջին կուրսեցիների երդման ավանդական արարողությունը: Արդեն 40 տարի հենց այստեղ՝ Աբովյանի տուն-թանգարանում են իրենց հանդիսավոր երդումը տալիս ապագա մանկավարժները: Առաջին կուրսեցիներին ողջույնի ուղերձ հղեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: 2012 թվականին Մանկավարժական համալսարանը կնշի իր 90-ամյակը: 1922-ին հիմնադրված այս բուհը ներկայումս ունի 15 հազար ուսանող: Այստեղ նաեւ վերապատրաստման դասընթացներ են անցնում Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մանկավարժները: