Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ՝ ՄԱՐԶԵՐԻՆ

Հոկտեմբեր 05,2010 00:00

\"\"Պայմաններ չունեցող դպրոցները,  սակայն, սնունդ էլ չեն ստանա

Երեկ Տավուշի մարզի Թեղուտ համայնքի դպրոցում մեկնարկեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նախաձեռնությամբ (ՊՀԾ) իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից: Նախնական փուլում ծրագրից կօգտվեն Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի դպրոցների շուրջ 12 հազար աշակերտները, ապա կընդգրկվեն արդեն ընտրված Լոռու, Շիրակի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի դպրոցները: Հիմնական փուլում ծրագրից կօգտվի շուրջ 50 հազար դպրոցական: ՄԱԿ-ի ՊՀԾ-ի կողմից 2002-2008 թվականներին իրականացված «Դպրոցական սնունդ» ծրագրից արդեն օգտվել է 25-30 հազար աշակերտ: Այս անգամ ծրագիրը Հայաստանում կտեւի 3 տարի: Թեղուտի դպրոցի տնօրեն Արգամ Թամրազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դպրոցը վերանորոգվել է ՄԱԿ-ի նույն ծրագրի շրջանակում: Նրա խոսքով, դպրոց հաճախում էին երեխաներ, որ ծանր սոցիալական վիճակում էին եւ «Դպրոցական սնունդը» կնպաստի, որպեսզի երեխաների հաճախելիությունը մեծանա:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքով՝ նպատակ ունեն մշակել դպրոցական սննդի ազգային ռազմավարություն, պետական ծրագիր, որը կմեկնարկի ՄԱԿ-ի ՊՀԾ-ի ծրագրի ավարտից հետո՝ 2013 թվականին: Նախարարի փոխանցմամբ, կառավարությունն առաջին անգամ պատասխանատվություն է ստանձնում ծրագրի ավարտից հետո շարունակականություն հաղորդել ծրագրին: Այդ կերպ տարրական դասարանների բոլոր աշակերտները համապատասխան դպրոցական սննդով կապահովվեն:
Ծրագիրը կարեւոր է նաեւ սոցիալական, կրթական եւ առողջական տեսանկյունից, որովհետեւ ԿԳ նախարարի կարծիքով. «Դպրոցական, առավել եւս մեր ծանրաբեռնված ուսումնական ծրագիրը քիչ ժամանակ է թողնում աշակերտներին առողջ սնունդ ստանալու համար: Մեր դպրոցներում տարածված է արագ սնունդը, որն առողջարար չէ եւ չի կարող փոխարինել բնական ապուրին կամ որեւէ այլ իրական սննդի»: Ինչ վերաբերում է սննդատեսակների ընտրությանը, Ա. Աշոտյանը հայտնեց, որ ծրագրի շրջանակում մատակարարվելու է ալյուր եւ ձեթ, բայց հաշվի կառնվի նաեւ տվյալ շրջանին բնորոշ սնունդը: Նախարարը խնդրեց լրագրողներին, օգնել իրենց իրականացնել համապատասխան մոնիտորիգ՝ սննդի որակի պահպանման հետ կապված: Նա կարեւոր համարեց, որ ծնողներն իրենք հսկեն եւ պահպանեն սանիտարական պայմանները: «Առավոտը» ԿԳ նախարարից հետաքրքրվեց, թե ի՞նչ կերպ են ընտրվել ծրագրում ընդգրկված մարզերն ու դպրոցները եւ ինչո՞ւ են ծրագրից դուրս մնացել, օրինակ, Վայոց ձորն ու Սյունիքը: Ա. Աշոտյանը հարցին այսպես պատասխանեց. «Մենք ունեինք ֆինանսական ռեսուրսների սահմանափակում: Ծրագրի մշակման փուլում պարզվեց, որ աշակերտների առավելագույն քանակը 50 հազար է, եւ այս պահին հնարավոր է ապահովել միայն տարրական դասարաններին, որտեղ ունենք շուրջ 140 հազար աշակերտ: Ինչքան շատ ես ուզում ծածկել դաշտը, այնքան քիչ է հասնում բոլորին, ինչքան շատ մարզ եւ դպրոց մտնեինք, ծրագիրը չէր նյութականացվի եւ շոշափելի չէր լինի: Եթե հնարավորություն լինի հավելյալ դոնորների միջոցով լրացուցիչ գումար հայթայթել, կընդգրկվի նաեւ Սյունիքը»:
Նախարարը հույս ունի, որ սննդի այն որակը, որն ինքը տեսավ Թեղուտի դպրոցում, կպահպանվի նաեւ առաջիկա 3 տարիների ընթացքում: ՄԱԿ-ի ծրագրի ղեկավար Էդուարդ Շիրինյանն էլ նույն հարցի առնչությամբ ասաց, որ տրվել են հարցաշարեր, ըստ որոնց էլ ընտրվել են այն մարզերն ու դպրոցները, որոնք քիչ թե շատ ունեցել են շենքային պայմաններ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել