Հունգարիայում Բարեկենդանին թաղում են
Հունգարիայում կարելի է ականատես դառնալ զարմանահրաշ մի արարողության. բնական մորթիներից կարված հանդերձանքներով եւ գունեղ դիմակներով Մոխաչայի բնակիչները հրաժեշտ են տալիս ձմռանը: Բոլորի ձեռքում չխկչխկաններ կան, որոնք իրենց արձակած աղմուկով մեկ ուրախացնում, մեկ վախեցնում են քաղաքի ապրողներին: Դա ձմռանը հրաժեշտ տալու եւ գարունը դիմավորելու տոնն է, որն ավարտվում է Բարեկենդանի հուղարկավորության արարողությամբ:
Երբ Նիդեռլանդներն ապրում են առանց իշխանությունների
Ընդունված կարգի համաձայն՝ Նիդեռլանդների Բուրգունդյան տարածքները, Լիմբուրգը եւ Հյուսիսային Բրաբանտն ամբողջությամբ տրվում են տոնական տարերքին: Այդ օրերին ո՛չ տեղական, ո՛չ պետական կառավարման մարմիններ գոյություն չունեն. ամեն բան ղեկավարվում է ուրախ եւ աղմկոտ դիմակահանդեսի կողմից, իսկ տոնախմբության մասնակիցների կողմից ընտրվող «Դիմակահանդեսի արքայազնը» դիմակահանդեսի ողջ տոնի ընթացքում փոխարինում է բուրգոմիստրին: Դիմակահանդեսային երթը տեղի է ունենում բրազիլական սամբայի հնչյունների ներքո: Տոնախմբությունը սկսվում է շաբաթ օրը եւ շարունակվում մինչեւ երեքշաբթի: Ամբոխը զվարճանում է երաժշտության հնչյունների եւ թմբուկների զարկերի ներքո, իսկ ոգելից խմիչքները գետի պես հոսում են փողոցներով: Տեղացիների պնդմամբ՝ դիմակներն ու զարմանազան հանդերձանքները մի ողջ տարի վանում են չար ուժերին:
«Խեղկատակների ժամանակը» Գերմանիայում
Գերմանիայում, Հռենոսի երկայնքով ձգվող տարածքներում փետրվար ամսվա վերջն անվանում են «խեղկատակների եղանակ»: Մեծ պահքի առաջին շաբաթն ավետում է խելահեղ, գունեղ եւ զարմանահրաշ դիմակահանդեսի սկիզբը: Դիմակահանդեսին սկսում են պատրաստվել կանխավ եւ այնպիսի մոլեռանդությամբ, որին գերմանացիներն անվանում են «վայրի լրջություն»: 11-րդ ամսի 11-րդ օրվա ժամը 11-ին Մայնցում, Դյուսելդորֆում, Քյոլնում եւ Բոննում կազմվում են դիմակահանդեսային կոմիտեներ, այնուհետեւ թվարկված քաղաքներից յուրաքանչյուրում աշխատանքը սկսում է եռալ. թարմացվում են հանդերձանքներն ու զարդարման պարագաները, քննարկվում պատվավոր քաղաքացիների թեկնածությունները, որոնք կարող են հավակնել «Դիմակահանդեսի արքայազն» տիտղոսին: Ի դեպ, «վարդագույն երկուշաբթի» (այդպես են անվանում տոնախմբությունների վերջին օրը) օբեր-բուրգոմիստրը դիմակահանդեսի արքայազնին է հանձնում ռատուշայի (քաղաքապետարանի) բանալին եւ իշխանությունը: Որպես կանոն, փողոցային տոնախմբություններին մասնակցում են բոլորը, բացառությամբ բժիշկների եւ ոստիկանների:
Դիմակների աշխարհում
Դիմակահանդեսի ժամանակ մարդիկ սովորաբար պճնվում են ամենաաներեւակայելի հանդերձանքով: Դրանցից ամենաբնորոշը (բաուտտան) վաղուց ի վեր մշակված է. այն բաղկացած է սեւ մետաքսից կարված գդակից, ժանեկահյուս թիկնոցից եւ լայնեզր վերարկուից (տաբարրո), եռածայր լայն գլխարկից եւ սպիտակ դիմակից, որն ամբողջությամբ ծածկում է դեմքը: Դիմակը, անշուշտ, դիմակահանդեսի խորհրդանիշն է համարվում: Այն անճանաչելի լինելու հնարավորություն է ընձեռում, մի փաստ, որը ձեռնտու էր հատկապես այն մարդկանց, ովքեր նախընտրում էին ծպտյալ մնալով տրվել թղթախաղի մոլուցքին: Ի դեպ, Գինեսի ռեկորդների գրքում արձանագրված մասնակիցների թվով ամենամեծ պարային դիմակահանդեսը տեղի է ունեցել Կանարյան կղզիներից մեկում՝ Տեներիֆեում՝ 1987 թ., այստեղ խենթ պարերի ռիթմերին է տրվել ավելի քան 200 հազար մարդ: