Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղրանկարիչ Արզօի ցուցահանդեսը

Հոկտեմբեր 05,2010 00:00

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց ծաղրանկարիչ Արզօի՝ Արայիկ Օհանյան, «Ծուռ կյանքի դուզ գիծ» ծաղրանկարների «ցույցահանդեսը»: Ներկայացված էր 222 աշխատանք՝ 7 տարվա աշխատանք, հիմնականում քաղաքական բնույթի: Հեղինակն ասում է, որ իր ծաղրանկարներով փորձում է արատավոր ամեն ինչի «հերն անիծել»:
«Ուզում եմ բոլորը տեսնեն այս աշխատանքները: Բայց, ցավոք, կան այնպիսիները, որոնց չեն հետաքրքրում մեր այսօրվա խնդիրները, իրականությունը: Նախօրեին զանգ տվեցի մեր մտավորականներից մեկին՝ ծանրակշիռ անձնավորության, ում խոսքը հարգի է հասարակությունում, սիրով հրավիրեցի ցուցահանդեսս գնահատելու: Հետաքրքրվեց՝ ի՞նչ թեմայով է, ասացի քաղաքական ծաղրանկար, մերժեց, թե՝ քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում… Բայց չէ՞ որ ես նկարիչ եմ, ցուցահանդես եմ բացում, չեմ ասում արի, ամբիոն բարձրացիր, ելույթ ունեցիր»: Արզօի ծաղրանկարները պատմում են, իր խոսքով բնութագրված՝ հասարակության համար «արատավոՌ» քաղաքական գործիչների, «էշականացված մտավոՌականության», սեքսի ճգնաժամի, միասեռականության, տնտեսության հակառակ աճի՝ նվազման, ծխելու եւ այլնի մասին:
«Ինձ ավելի շատ հոգեհարազատ է քաղաքական թեման: Չեմ կարողանում փակել աչքերս իշխանավորների վարած քաղաքականության վրա. տափակ մտածողությամբ խաբելով ապրում են՝ մեր իսկ հաշվին: Գաղտնիք չէ, որ պատգավոր կամ քաղաքական գործիչ լինելու համար խելք պարտադիր չէ ունենալ»,- շեշտեց ծաղրանկարիչը:
Արզօի աչքից չեն «վրիպել» ՀՀ երեք նախագահները, վարչապետը, ԱԺ նախագահը, պատգամավորները, մինչեւ անգամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը՝ ֆուտբոլի գնդակով: Հարցին՝ չի՞ վախենում միտքն ազատ արտահայտելուց, Արզօն պատասխանում է՝ «Ինչի՞ց կամ ումի՞ց, ճշտի՞ց…»:
Արզօն ցանկանում է, որ մեր կյանքում առկա անարդարությունները շտկվեն. «Ծուռ կյանքը մեր ժամանակի թերություններն է ամփոփում, իսկ «դուզ» գիծը՝ ճշմարիտ խոսքը: Տխուր եմ, որ ստիպված ենք մեր պետության մտածողության ծռությունները շոշափել: Հաճելի կլիներ լավ թեմաներով լինեին իմ նկարները: Շարունակելու եմ հերը անիծելը, չեմ վախենում, որովհետեւ առայժմ լույս չեմ տեսնում…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել