Որքան քիչ ժամանակ ու տարածություն է մնում եզրագծին, այնքան ավելի արժեքավոր ու ծանրակշիռ է դառնում յուրաքանչյուր ձեռք բերված ու կորցրած միավոր: Հենց այս տրամադրվածությամբ էլ դաշտ են դուրս գալիս ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը: Ու երեւի թե այդ տրամաբանության շրջանակներում են «մեկնաբանվում» 23-րդ տուրում գրանցված «Փյունիկի» եւ «Ուլիսի» կամային առաջին հաղթանակներն այս մրցաշրջանում: Չեմպիոնի դեպքում նյարդերի պայքարում զիջեց «Միկան», իսկ «Գանձասարը» «դժգոհ» մնաց ուլիսցիներից: Երկու դեպքում էլ արդյունքը ակնկալելի էր թեկուզ միայն այն պատճառով, որ այս մրցաշրջանում կայացած նախորդ երեք հանդիպումներում էլ հաջողությունը չեմպիոնի ու երրորդ մրցանակակրի կողմն էր: Չորրորդ հաղթանակը մրցաշրջանում մրցակցի հանդեպ տոնեց նաեւ առաջատար «Բանանցը»՝ նվազագույն 1:0 հաշվով հաղթելով «Իմպուլսին»: Այս հաղթանակը թույլ տվեց Կուզմանոսկու թիմին՝ պահպանել 3 միավորի առավելությունը «Փյունիկի» նկատմամբ ու լարվածությունը՝ առաջնության ավարտից հինգ տուր առաջ: Ինչ վերաբերում է 23-րդ տուրի վերջին՝ «Շիրակ»-«Կիլիկիա» զույգին, ապա այստեղ թիմերի ցուցադրած արդյունքները 2010 թվականին միմյանց միջեւ հանդիպումներում այս խաղից հետո հավասարվեցին: Գյումրեցիները «սեփական հարկի» տակ՝ Իջեւանի «Արնար» մարզադաշտում Հայաստանի 19-րդ առաջնությունում երկրորդ հաղթանակը տոնեցին: Բիչախչյանի թիմը նախորդ իր հաղթանակը տոնել էր ավելի քան չորս ամիս առաջ՝ մայիսի 30-ին, ու կրկին սեփական հարկի տակ, միայն թե՝ այս անգամ Գյումրիում: Երկու դեպքում էլ «Շիրակի» զոհը կիլիկիացիներն էին: Ցավալի է սակայն, որ գյումրեցիների այս հաղթանակը ոչ թե թիմային խաղի որակի բարձրացման հետեւանք է, այլ՝ մրցակցի թուլության: Թեեւ «Կիլիկիան» ամբողջ 7 միավորով այժմ գերազանցում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում հանգրվանած «Շիրակին», այնուամենայնիվ, վերջին շրջանում կիլիկիացիների մոտ ակնհայտ է ճգնաժամը, ընդ որում՝ ոչ միայն խաղային: Մնում է հուսալ միայն, որ բոլոր ճգնաժամները այս առաջնության ավարտի հետ միասին կլուծվեն: