Շախմատի համաշխարհային 39-րդ օլիմպիադան ավարտվեց Ուկրաինայի տղամարդկանց եւ Ռուսաստանի կանանց 1-ին հավաքականների հաղթանակով:
Երկու շաբաթ 145 երկրների 264 հավաքականներ տղամարդկանց եւ կանանց մրցաշարերում պայքարեցին չեմպիոններին եւ մրցանակակիրներին որոշելու համար: Հայաստանի շախմատասերները լուրջ հույսեր էին փայփայում, որ վերջին երկու օլիմպիադաների հաղթող մեր տղամարդկանց ազգային հավաքականը երրորդ անգամ անընդմեջ կբարձրանա շախմատային Օլիմպոսի գագաթ: Սակայն այս անգամ սպասելիքները չիրականացան: Ավելին, մեր ընտրանին մրցաշարային ամփոփիչ աղյուսակում անմասն մնաց նաեւ մրցանակային մյուս տեղերից: Վերջին օրը մեր տղամարդկանց ընտրանին ոչ-ոքի՝ 2:2, խաղաց Ֆրանսիայի հետ (Մաքսիմ Վաշյե-Լագրավ-Լեւոն Արոնյան՝ 0:1, Լորան Ֆրեսինե-Վլադիմիր Հակոբյան՝ 1:0, Վլադիսլավ Տկաչով-Գաբրիել Սարգսյան՝ 1/2, Էդուարդ Ռոմեն-Արման Փաշիկյան՝ 1/2) եւ 11 տուրում վաստակելով 16,0 թիմային միավոր՝ 149 երկրների պայքարում բավարարվեց 7-րդ տեղով: Անհատական մրցակցությունում հայ շախմատիստներից լավագույն ցուցանիշն ունեցավ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որն առաջին խաղատախտակի առջեւ հանդես եկած շախմատիստների մեջ ցույց տվեց երկրորդ արդյունքը: Հայաստանի լավագույն շախմատիստը մասնակցել է 10 տուրի եւ թիմին բերել 7,5 միավոր:
Տղամարդկանց պայքարում առաջին եռյակը կազմեցին:
1. Ուկրաինա 19,0 միավոր
2. Ռուսաստան-1 18,0
3. Իսրայել 17,0:
Մեր աղջիկների քառյակն իր հաշվարկում ընդհանուր առմամբ գրանցելով 15,0 միավոր՝ պայքարն ավարտեց 11-րդ հորիզոնականում (կանանց մրցաշարում հանդես էր գալիս 115 ազգային հավաքական), թեեւ եզրափակիչ տուրում 3,5:0,5 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Սլովենիայի նկատմամբ:
Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Նելլի Աղինյանն առավելության հասան մրցակիցների նկատմամբ, իսկ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի արեց Աննա Մուզիչուկի հետ:
Ինչ վերաբերում է կանանց Ռուսաստան-1 հավաքականին, որի մարզիչը Կարեն Դոխոյանն է, Խանտի-Մանսիյսկում նրանք առաջին անգամ նվաճեցին համաշխարհային օլիմպիադայի հաղթողի տիտղոսը, այն էլ՝ ժամկետից շուտ: Տատյանա Կոսինցեւա-Ալեքսանդրա Կոստենյուկ-Ալիսա Գալյամովա-Վալենտինա Գունինա քառյակը տարավ միայն հաղթանակներ, ինչը բացառիկ երեւույթ է նման բարձր կարգի պայքարում: