Լրահոս
Օրվա լրահոսը

Անվանիների պակաս չկա

Հոկտեմբեր 05,2010 00:00

Սակայն հայաստանյան փառատոները միաժամանակ են սկսվում ու «խանգարում» միմյանց

\"\" \"\"

Վերջին տարիներին, աշունը սկսվելուն պես, հայաստանյան մշակութային կյանքը ողողվում է երաժշտական փառատոներով, որոնք առաջին հայացքից, թվում է, թե իրենց ժանրային լայն ընդգծվածությամբ պետք է բավարարեն երաժշտական տարբեր նախասիրություն ունեցող մեր ունկնդիրներին: Սակայն դա այնքան էլ այդպես չէ, որովհետեւ ո՞ր մի դասական երաժշտության սիրահարը չէր երազի, օրինակ, ներկա լինել վերջերս կայացած Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի կամ Վլ. Սպիվակովի ղեկավարած ԱՊՀ երկրների երիտասարդական նվագախմբի համերգներին… Մինչդեռ, դրանք համընկան հայաստանյան երաժշտական փառատոների օրերին: Այս ամենում, անկասկած, մեղքը բարդվում է մշակույթի նախարարության վրա,  քանի որ բոլոր հայտագրերում առաջինը նշվում է հենց այս գերատեսչության անունը:
«Առավոտը» հարցազրույցի համար ընտրեց  տարբեր փառատոներում ընդգրկված 2 երաժշտի, որոնք նույնիսկ մինչեւ իրենց ելույթը հետաքրքրություն էին առաջացրել:
Երեւանյան 4-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ներկայացավ գերմանացի ճանաչված ջութակահար Իզաբել Ֆաուստը, որը հանդես եկավ ալտահար Դիմուտ Պոպենի (Գերմանիա) հետ դուետով: Մեզ հետ հարցազրույցում Ֆաուստը նշեց, որ համերգային ուղեւորությունների շնորհիվ ճանաչում է հայաստանցի եւ արմատներով հայ տաղանդավոր երաժիշտների: Կանխելով մեր հարցը, թե ինչո՞ւ Հայաստանում հանդես չեկավ Խաչատրյանի «Ջութակի եւ նվագախմբի համար» գրված կոնցերտի իր մեկնաբանմամբ, երաժիշտն ասաց. «Դեռ 11 տարեկանում եմ Խաչատրյան նվագել»: Ջութակահարը ողջունեց, որ երեւանյան փառատոնի շրջանակներում ներկայացվում են նաեւ հայ կոմպոզիտորների երկեր: Նա տպավորված էր հատկապես Սուրեն Զաքարյանի Թավջութակի եւ նվագախմբի համար գրված «Մոնոգրաֆով», որը հնչեց Ալեքսանդր Չաուշյանի (Մեծ Բրիտանիա) եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան): Ֆաուստը դրական արտահայտվեց նաեւ մեր Ֆիլհարմոնիկի հասցեին, նշելով, որ հերթական հրավերը ստանալուն պես անպայման կշտապի Հայաստան:
Վերադարձի 4-րդ փառատոնին իր արվեստով փայլեց իսրայելաբնակ դաշնակահար եւ դիրիժոր, Ղազախստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի  գեղարվեստական ղեկավար Վահագն Պապյանը: Այս անգամ նա հայ հանդիսատեսին ներկայացավ իբրեւ դաշնակահար: Արվեստագետի մասին խոսելու հարկ առանձնապես չկա, քանի որ նա ժամանակին հանդիսացել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, իսկ որպես դաշնակահար էլ նրա միջազգային համերգաշարերը ներառում են ելույթներ ողջ աշխարհում: Պապյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ նա Վ. Գերգիեւի հրավերով 2005թ. Մարիինյան թատրոնում իբրեւ բեմադրող դիրիժոր աշխատել է ադրբեջանցի կոմպոզիտոր Արիֆ Մելիքովի «Լեգենդ սիրո մասին» բալետի  աշխատանքներում: Քանի որ ղեկավարել է նաեւ Անգլիայի, Իսրայելի  կամերային, «Նյու Ջափան», «Տրոնդհայմ» սիմֆոնիկ նվագախմբերը եւ այլ կոլեկտիվներ, հետաքրքրվեցինք՝ արդյոք Հայաստանի պետական կամերային նվագախմբի կողմից երբեւէ հրավեր չի՞ ունեցել: Նկատի ունեինք՝ հնարավո՞ր է շոշափված լինի նրա անունը իբեւ հայաստանյան նվագախմբի գեղարվեստական ղեկավարի, Վ. Պապյանը պատասխանեց. «Հայաստանի կամերայինի կողմից միակ եւ վերջին հրավերը եղել է 1993-ին, երբ կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարն էր անվանի ջութակահար Ռուբեն Ահարոնյանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել