Ստեղծագործելու եւ ապրելու բանաձեւը՝ ըստ նկարիչ Թենի Վարդանյանի
Ճանաչված նկարիչ Թենի Վարդանյանին Անկախության տոնի առիթով շնորհվել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչում: Նա, իհարկե, շոյված է պետական ուշադրությունից, բայց գտնում է, որ արվեստագետի համար կարեւորը նախ ներքին անկախությունն ու ազատությունն է: Ինքը, օրինակ, կյանքի ամենամեծ ձեռքբերումն է համարում իր գտած գրունտի այն ձեւը, որ թույլ է տալիս անել կտավի հետ՝ ինչ ուզում է: «Հաճելի է, երբ անկախության օրով քեզ կոչում են տալիս… Ես գիտեի, թե միայն «ներսում» եմ անկախ, մեկ էլ պարզվում է, որ դրսում էլ եմ անկախ»,- կես կատակ-կես լուրջ ասում է նկարիչը:
«Առավոտի» հարցին՝ կին արվեստագետը ի՞նչ առավելություն ունի տղամարդ արվեստագետի հանդեպ, Թենին պատասխանում է. «Որ կին եմ, էդ արդեն մեծ առավելություն է, մի բան, որ տղամարդը չի կարող հասկանալ… Մեզանում մի զավեշտալի բան կա, երբեք չեն ասում տղամարդ նկարիչների ցուցահանդես, իսկ կանանց դեպքում միշտ ասում են՝ մի խումբ կանանց ցուցահանդես, կարծես կանայք ուրիշ կենդանի են, մարդկության հետ կապ չունեն: Կամ որ ասում են՝ նկարչուհի՞… իբր ինչ… Ի դեպ, երբ կոչումը շնորհելու օրը հայտարարեցին Վարդանյան Թենի, նկարիչ՝ առանց «-ուհի»-ի, զարմացա: Այդ «ուհի»-ով արվեստագետի պարագայում մի տեսակ լրջությունը կորչում է: Բայց չէ՞ որ «ուհի»-ն կապ չունի քո արածի հանդեպ պատասխանատվություն ունենալու զգացման հետ»,- ասում է նկարիչը: Հավելում է, որ չի սիրում շատ խոսել, օրվա մեծ մասը լուռ նկարում է. «Երբ դու նկարում ես, խոսքերը դուրս գալու փոխարեն ներս են գնում, պիտի ճգնես, խնդրես, որ դուրս գան: Մյուս կողմից էլ՝ արվեստագետը պիտի արտիստ լինի, միջավայրում տեր զգա: Տիրոջ իրավունքը չպետք է քեզ լքի, ես այդ իրավունքը զգում եմ իմ նկարելով, ապրելով, իմ ընտանիքով, այդ իրավունքը նաեւ սիրելու գործոնն է: Միայն սիրելով կարող ես դա վաստակել»: Թ. Վարդանյանը հայտարարում է, որ երբեք արվեստում փոխզիջման չի գնա, չի «ենթարկվի» պահանջարկին. «Արվեստում համար առաջինն այն է, որ ինքդ քեզ հարազատ մնաս ցանկացած իրավիճակում, ապրելու քո մասը գնահատես ու սիրես, պահպանես, թե չէ կլինես՝ ինչպես բոլորը»: Հարցին՝ պարտադի՞ր է, որ նկարիչը լինի Նկարիչների միության անդամ, մեր զրուցակիցը պատասխանում է. «Դա էական չէ, սովորական բան է, ինչպես այն, որ մարդ ծնվում է, մեծանում, մանկապարտեզ է գնում, դպրոց, բուհ, հետո դառնում է Նկարիչների միության անդամ եւ այլն: Դա պրոցես է, որ պիտի լինի: Պիտի հաշվի նստես մարդկանց ստեղծած օրենքների հետ, սիրուն ընդունես, նորմալ վերաբերվես: Երբ դու սիրում ես, ազատագրվում ես իրենցից, երբ չարացած չես, դու հանգիստ ես վերաբերվում, քանի որ ուժեղ ես»:
Դժվարությամբ, բայց Թ. Վարդանյանը համատեղում է նկարիչ, ընտանիքի մայր, կին, տատիկ լինելը՝ առանց մեկից մյուսի բաժինը «խլելու», աշխատում է կարեւորություն չտալ կենցաղայինին. «Եթե նման բաների վրա կենտրոնանաս, կոչնչանաս ե՛ւ որպես նկարիչ, ե՛ւ որպես կին»: Նա համոզված է, որ Հայաստանում հզոր մշակութային պոտենցիալ կա. «Այնքան ինֆորմացված է այս փոքրիկ հողակտորը՝ իր պատմությամբ, գոյատեւման տեսակով, որ չի կարող Հայաստանում հենց այնպես արվեստագետ լինել: Նաեւ չեմ կարծում, որ այդչափ ինֆորմացված արվեստագետը չկարողանա իր համար ինքնադրսեւորվելու հարթակ ստեղծել»: Հարցին՝ կշնորհավորի՞ մի նկարչի՝ ցուցահանդեսի առիթով, որի նկարները իր սրտով չեն, զրուցակիցս պատասխանում է. «Իհարկե, չեմ ասի, թե Միքելանջելոն է կամ Թորոս Ռոսլինը, բայց անպայման սրտանց կշնորհավորեմ, չէ՞ որ նկար է արել, մարդ չի սպանել, ինչ ունի, ինչի ընդունակ է՝ դա է ցուցադրել»:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Թենի Վարդանյանի մշակութային ընտանիքին: Արվեստագետներ են ամուսինը, զավակները: Հայրը՝ Սարգիս Վարդանյանը նույնպես նկարիչ է: Թենին ասում է, որ նա իր լուռ ուսուցիչն է եղել, ու ամենակարեւորը հենց նրա գնահատականն է. «Հայրս նկարիչ լինելով, երբեք չի ասել՝ այսպես է պետք նկարել, ընդամենը՝ այս շրջանակը էսպես պետք է ձգել, էս գրունտը էնպես …ու վերջացել է մեր նկարչական հարաբերությունը դրանով»: Մեր հարցին՝ դժվար չէ՞ տանը արվեստաբան ունենալ, խոսքը որդու՝ Վարդան Ազատյանի մասին է, Թ. Վարդանյանը պատասխանում է. «Այնպիսի որդի ունեմ, որ կարող եմ հենց հիմա վրձինս դնել: Նա մեծ հոգեբան է, բոլոր թուլություններս գիտի, թերություններս… Հաշտ ենք իրար հետ… Երանի բոլոր արվեստագետները նման արվեստաբան ունենային իրենց ընտանիքներում: Այնպես որ՝ ինձ պետք է միշտ շնորհավորել ոչ միայն վաստակավորի կոչման, այլեւ նման մարդկանցով շրջապատված լինելու համար»: