Պաշտոնական Վատիկանը դատապարտել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի պահվածքը, որն իրեն թույլ է տվել հրեաների վերաբերյալ անտակտ կատակ անել: Անցած շաբաթ, իր ծննդյան 74-ամյակի տոնակատարության ժամանակ վարչապետը հյուրերի ներկայությամբ հրեաների մասին անեկդոտ էր պատմել. մի հրեա մեկ այլ հրեայից օրական հազար եվրո է վերցնում այն բանի համար, որ նրան թաքցնի Հոլոքոստից: Հիմա հրեան ասում է՝ հարցն այն է, թե մենք պե՞տք է նրան հաղորդենք, որ Հիտլերը մահացած է եւ պատերազմն էլ՝ ավարտված: Այդ արարողության ու նաեւ կատակի տեսագրությունը դարձել էր հանրության սեփականությունը:
Հրեական Haaretz թերթի մատուցմամբ, կաթոլիկ եկեղեցու մամուլի պաշտոնական միջոցները՝ L’Osservatorn-ն ու Avvenire-ը, դատապարտել են Բերլուսկոնիի հումորը՝ համարելով, որ այն վիրավորանք է Հոլոքոստի վեց միլիոն զոհերի սուրբ հիշատակի հանդեպ:
Ինքը՝ Բերլուսկոնին հայտարարել է, թե ինքը կատակել է ոչ պաշտոնական պայմաններում, ուստի՝ նրա համոզմամբ, իր կատակը չի կարելի դիտարկել որպես վիրավորանք կամ մեղք, որովհետեւ դրա նպատակը միայն ծիծաղելն էր: «Ինչ վերաբերում է վատ ճաշակ ունենալու մասին ինձ ուղղված մեղադրանքին եւ պատասխանատվության ենթարկելու կոչերին, ապա դրանք պետք է հասցեագրել նրանց, ովքեր հրապարակել են իմ արտահայտությունները»,- հայտարարել է Բերլուսկոնին: